Հայաստանի մարդու իրավուքների պաշտպանի՝ բնապահպանության հարցերով խորհրդական Աննա Սաֆարյանն արձագանքել է Արագածոտնի մարզի Ուջան գյուղի բնակիչների բողոքին:
Նրա հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
“Լրատվամիջոցներից տեղեկացանք Արագածոտնի մարզի Ուջան գյուղի մոտ ավելի քան 1000 գյուղացիների կողմից ճանապարհը փակելու մասին, որոնք նման կերպ իրենց բողոքն են արտահայտում գյուղի տարածքում մի շարք ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ, ինչի արդյունքում գյուղացիները զրկվել են խմելու եւ ոռոգման ջրից:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բազմիցս դիմում բողոքներ է ստանում շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների գործընթացում հասարակությանը մասնակից չդարձնելու, հասարակությանն իր կարծիքը արտահայտելու հնարավորություն չտալու եւ այն հաշվի չառնելու վերաբերյալ: Հիշյալ գործընթացներում ձեռնարկվում են հանրային քննարկումներ, լսումներ կազմակերպելուն ուղղված միջոցներ, որոնք սակայն հաճախ ձեւական բնույթ են կրում, իսկ նման կերպ կայացված որոշումները դառնում են անձի առողջ շրջակա միջավայրում ապրելու սահմանադրական իրավունքի խախտման պատճառ:
Այս խնդրին Մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել է նաեւ 2012թ. տարեկան զեկույցում, այն ձեւակերպելով որպես ոլորտի պետական իրավասու մարմինների կողմից իրենց իրավասությունների ոչ պատշաճ կատարում:
Գյուղացիների բողոքի նման կերպ արտահայտումը վկայում է այն մասին, որ դրանց պատճառ հանդիսացող ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ որոշումների կայացման ժամանակ լիարժեք հաշվի չի առնվել հասարակության կարծիքը եւ արդյունքում գյուղացին զրկվել է ջրից, ապրուստի միջոցից:
Հուսով ենք պետական իրավասու մարմինները արագ կերպով կարձագանքեն գյուղացիների բողոքին եւ ի վերջո լուրջ քայլեր կձեռնարկվեն այս ոլորտում առկա բազմաթիվ օրենսդրական բացերի եւ իրավակիրառ պրակտիկայի թերությունների վերացման համար”: