Այսօր Օպերային թատրոնի նախկին գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ վերջին շրջանում Օպերային թատրոնում տեղի ունեցած մի շարք փոփոխությունների, մասնավորապես` իրեն Օպերային թատրոնի գլխավոր դիրիժորի հաստիքից հեռացնելու մասին որոշմանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Կարեն Դուրգարյանը ծանուցագիր էր ստացել, որում նշված էր եղել, որ լուծարվում է Օպերային թատրոնի գլխավոր դիրիժորի հաստիքը, և ըստ այդմ` ինքը հեռացվում է նշված պաշտոնից: Հայտնի է, որ փոփոխությունը տեղի է ունեցել գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի առաջարկով:
Կարեն Դուրգարյանն այսօր հազիվ էր զսպում իր հուզմունքը. «Հուզված եմ և ցնցված…Թատրոնը ստեղծվել է դիրիժորների շնորհիվ, աթոռի մասին խոսելու ցանկություն չունեմ: Նվագախմբին պետք է ստաբիլ դիրիժոր, որը կպահպանի ավանդույթները և կբարձրացնի որակը»:
Դուրգարյանը, սակայն, չցանկացավ մեկնաբանել իրեն գլխավոր դիրիժորի հաստիքից զրկելու պատճառները` նշելով, որ իրեն ոչ ոք չի կարող հանել, որովհետև ունի իր մասնագիտությունը: «Պաշտոնը կարող են հանել ինչ-ինչ պատճառներով: Ես ունեմ իմ աշխատանքը նաև դրսում, որովհետև դասական արվեստը միջազգային է»: