Այսօր Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու «Իմ հին ու նոր Նոր տարի» խորագրով տոնական համերգ: Եվ, ինչպես հայտնի է, այս օրերին հանրապետության ողջ տարածքում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում, տարածված են գրիպ և սուր-շնչառական վարակներ:
Եվ այսօր ArmLur.am-ին քաղաքացիների կողմից բազմաթիվ զանգեր եղան այն մասին, թե հնարավոր է արդյոք բարդություններից խուսափելու նպատակով՝ նախատեսված միջոցառումը հետաձգվի՝ միաժամանակ կանխելով նաև վարակի տարածումը: Մեզ դիմած քաղաքացիները, մասնավորապես, նշում են` դպրոցներում և նախակրթական հաստատություններում դասերը մեկ շաբաթով հետաձգվել են:
Քաղաքացիներին հուզող հարցի պատասխանը նախ փորձեցինք ստանալ քաղաքապետարանից՝ իմանալու համար` ստացել են արդյոք առաջարկ առողջապահության նախարարությունից: Մեր հարցին բացասական պատասխան տրվեց: Իսկ Առողջապահության նախարարությունից պարզաբանեցին, որ վարակն օդակաթիլային ճանապարհով տարածվում է փակ տարածքներում, իսկ միջոցառումը բացօթյա է լինելու: Ուստի՝ վարակի տարածման վտանգ չկա:
Վերջում հավելենք, որ առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ուսումնական հաստատություններում դասընթացների մեկնարկը հետաձգվել է կանխարգելիչ նպատակներով: