Օգոստոսի մեկից ռուսական բանակում ստիպված կլինեն ծառայել Ռուսաստանի դաշնության 18-27 տարեկան բոլոր երիտասարդները, այդ թվում եւ` տարբեր երկրներից եկած միգրանտները: ՌԴ Պետդուման նախօրեին համապատասխան փոփոխություն է մտցրել «Բանակում ծառայության մասին» օրենքում, ըստ որի՝ միգրանտները նույնպես պարտավոր են ծառայել ռուսական բանակում, եթե նույնիսկ նախկինում` մինչ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը, արդեն ծառայել են իրենց հայրենիքում: Բացի այդ, ռուսական բանակում պարտավոր է ծառայել նաեւ երկքաղաքացիություն ունեցող երիտասարդը, անկախ նրանից` մյուս երկրում ծառայել է, թե ոչ: Իհարկե, այս օրենսդրական փոփոխությամբ Ռուսաստանը փորձում է օտարերկրացիների միջոցով լուծել զինակոչիկների դեֆիցիտի հարցը: Ըստ ռազմական փորձագետների այդպիսով ռուսական բանակում ծառայողների թիվը կավելանա շուրջ 50 հազարով, սակայն որակական կողմի հետ կապված` ռուս փորձագետները հոռետես են` հիշեցնելով խորհրդային բանակում որոշ ազգությունների, օրինակ՝ միջինսասիական երկրների ներկայացուցիչների ծառայության որակական կողմերը: Մեզ համար, սակայն, այս նոր օրենքը չափազանց կարեւոր նշանակություն կարող է ունենալ: Եթե նախկինում զինակոչային տարիքի երիտասարդներն ամեն կերպ ջանում էին Հայաստանից հեռանալ Ռուսաստան` հետագայում այնտեղ տարբեր ուղիներով քաղաքացիություն ստանալու եւ այդպիսով հայոց բանակում ծառայելուց խուսափելու նպատակով, ապա հիմա դա այլեւս անիմաստ է դառնալու: Քանի որ, ինչպես արդեն նշվեց, միգրանտների համար եւս ծառայությունն անխուսափելի է լինլու: Էլ չասած` որ այդ դեպքում, բնականաբար, զուտ ծառայությունից խուսափելու նպատակով Ռուսաստան մեկնած հայ երիտասարդների գերակշիռ մասը կգերադասի ծառայել հայոց բանակում: Եվ այստեղ նշանակություն ունի ոչ միայն այն, որ հայոց բանակում ծառայելով՝ նրանք, այնուամենայնիվ, կծառայեն իրենց հայրենիքին, այլեւ այն, որ անծայրածիր Ռուսաստանի զինված ուժերում տիրող բարքերը շատ ավելի վատթար են, քան մեզ մոտ: Այսպիսով` ստացվում է, որ Ռուսաստանի Պետդումայի ընդունած այս օրենսդրական փոփոխությունը զգալի խթան կարող է հանդիսանալ` Հայաստանից զինակոչային տարիքի երիտասարդների արտագաղթի կանխման ուղղությամբ: Սակայն այստեղ կա նաեւ մեդալի հակառակ կողմը. քանի որ, ինչպես արդեն նշվեց, ռուսական բանակում ծառայելը պարտադիր է լինելու, եթե անգամ մինչ ՌԴ քաղաքացիություն ստանալը օրինակ հայ երիտասարդը ծառայել է հայոց բանակում, ապա արտագաղթելու անխախտ մտադրություն ունեցող ընտանիքներն արդեն ամեն կերպ կձգտեն արտագաղթել` մինչեւ իրենց որդիների զինակոչային տարիքին հասնելը, որպեսզի մինչ այդ նրանք արդեն ստացած լինեն Ռուսաստանի քաղաքացիություն եւ ծառայեն մեկ անգամ` թեկուզ ՌԴ զինված ուժերում: Իսկ հետագայում՝ Հայաստանի երկքաղաքացիություն ստանալու դեպքում, մեր օրենսդրությունը, ինչպես հայտնի է, չի պարտադրում ծառայել հայոց բանակում:
ԿԾԱՌԱՅԵՆ ՌՈՒՍՆԵՐԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ