Պոլիկլինիկայում հաշմանդամներին դեղ չեն տալիս. ո՞վ է վերահսկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը պարբերաբար դժգոհություններ է ստանում պետպատվերի շրջանակներում ձեռք բերվող կամ մարդասիրական օգնությամբ ստացված դեղերի տրամադրման գործընթացից: Արդեն առիթ ունեցել ենք ներկայացնելու այդ բողոքներից մի քանիսը եւ դրանց հետ կապված պարզաբանումները: Սակայն այս խնդրի հետ կապված դժգոհությունները բազմաթիվ են, եւ այդպես էլ հստակ չի դառնում, թե, ի վերջո, ո՞վ է վերահսկում դեղերի տրամադրման թափանցիկությունը:

«Ժողովուրդ»-ին ահազանգած քաղաքացիների պատմելով՝ պոլիկլինիկաների աշխատակիցները պետպատվերով տրամադրվելիք դեղերը կամայական են բաժանում. հենց իրենք են որոշում, որ քաղաքացուն երբ կամ որքան տալ, եւ, առհասարակ, տալ կամ չտալ: Նշենք, որ գոյություն ունի առողջապահության նախարարի հաստատած հիմնական դեղերի ցանկ: Մրցույթը հայտարարելու, դեղեր ձեռք բերելու եւ տրամադրելու առումով պոլիկլինիկաներին ինքնուրույնություն է տրված: Ամեն պոլիկլինիկա ըստ իր մոտ հաշվառված հիվանդների թվի է առաջնորդվում այդ գործընթացում:

Ի դեպ, դեղերի ցանկը հաստատվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից, սակայն բաշխման եւ այդ գործընթացի իրագործման վերահսկողությունը իրականացնում են մարզպետարանները, Երեւանի քաղաքապետարանը: Իրականում, սակայն, պոլիկլինիկաներն են որոշում, թե ինչպես տնօրինեն դեղորայքի համար նախատեսված գումարները: «Ժողովուրդ»-ի ստացած դժգոհությունների մեծ մասը վերաբերում է հենց այն դեպքերին, երբ պոլիկլինիկայի աշխատակիցները շատ հաճախ հրաժարվում են տրամադրել պետպատվերի ցանկում տեղ գտած դեղերը եւ քաղաքացուն կոպիտ անտարբերությամբ պատասխանում, որ դեղ չկա: Իսկ երբեմն էլ պոլիկլինիկաների տնօրեններն արդարանում են, թե իբր գումար չկա, ֆինանսական միջոցները բավարար չեն, որպեսզի դեղեր գնեն: Բացի այս՝ կա եւս մեկ խնդիր. երբեմն պետպատվերով դեղերի ցանկում տեղ գտած որոշ դեղերի մի մասն ընդհանրապես չի հատկացվում թանկ գնի պատճառով:

Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը այս անգամ դժգոհություններ է ստացել Էրեբունի վարչական շրջանի բնակիչներից: Խնդիրը կապված է «Նոր Արեշ» պոլիկլինիկայի հետ, որի տնօրեն Ասյա Սեդրակյանը, ի դեպ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի դուստրն է: «Ժողովուրդ»-ին դժգոհած քաղաքացիների (հիմնականում 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամներն են բողոքում) պատմելով՝ իրենք «Նոր Արեշ» պոլիկլինիկայից չեն կարողանում անվճար տարբերակով ստանալ «Կալցեմին Ադվանս» դեղամիջոցը: Իսկ երբ գնում են պոլիկլինիկա, աշխատակիցները անտարբեր փոխանցում են, թե «դեղ դեռ չկա, տենդեր ենք հայտարարելու, հնարավոր է չլինի»: Նշենք, որ այս պրեպարատը պարունակում է վիտամիններ, մակրո/միկրոէլեմենտներ եւ վերականգնում է օրգանիզմում դրանց դեֆիցիտը: Այն բուժման նպատակով կիրառվում է օստեոպարոզի ժամանակ, մեծացնում է ոսկրային հյուսվածքի ամրությունը, ինչը 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամներին անհրաժեշտ է:

Հավելենք, որ ՀՀ կառավարության N 1717-Ն որոշման համաձայն՝ անվճար կամ արտոնյալ պայմաններով ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունների միջոցով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեն նաեւ 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամներ, հաշմանդամ երեխաներ (մինչեւ 18 տարեկան) եւ այլն:
Ինչո՞ւ է «Նոր Արեշ» պոլիկլինիկայի տնօրինությունը այս կերպ վարվում քաղաքացիների հետ: Այս հարցին պատասխան ստանալու նպատակով կապ հաստատեցինք պոլիկլինիկայի թերապեւտիկ բաժանմունքի վարիչ Մարինե Պետրոսյանի հետ, ով ասաց. «Գոյություն ունի առողջապահության նախարարի կողմից հաստատված հիմնական դեղերի ցանկ, եւ պոլիկլինիկան տրամադրում է այդտեղ ներառված դեղամիջոցները: Իսկ «Կալցեմին Ադվանս» դեղամիջոցը առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ հիմնական դեղերի ցանկից դուրս է: Եւ պոլիկլինիկան պարտավոր չէ այն տրամադրել բնակիչներին»:

Մենք Մ. Պետրոսյանին փոխանցեցինք քաղաքացիների պնդումները, որ իրենք մշտապես պոլիկլինիկայից անվճար ստացել են «Կալցեմին Ադվանս»-ը: Ի պատասխան՝ վերջինս ասաց. «Ընդհանրապես պոլիկլինիկան բնակիչներին անվճար տրամադրում է հիմնական դեղերի ցանկում գտնվող տեսականին: Ինքը թանկարժեք դեղամիջոց է, ցանկից դուրս է, եւ որպես բացառություն մենք կարող ենք այն դուրս գրել պայմանագրային դեղատնից, երբ արդեն տենդերային գործընթացը ավարտված լինի, ու պայմանագրային դեղատան հետ կունենանք բացառության կարգով պայմանագիր: Միշտ, երբ տարին սկսում ենք, տենդեր ենք հայտարարում, հաղթող ընկերության հետ պայմանագիր ենք կնքում, հետո կարողանում ենք դեղորայք դուրս գրել: Հիմա մենք այդ տենդերի գործընթացում ենք: Այս պահին մենք դեղ չենք տալիս: Եւ դեռեւս անորոշ է՝ մինչեւ տենդերը ավարտվելը «Կալցեմին Ադվանս» կլինի՞, թե՞ ոչ»:

Ստացվում է, որ մեր բուժհաստատություններում տենդերի գծով պատասխանատու անձինք այդքան էլ կազմակերպված, համակարգված չեն աշխատում, ինչի արդյունքում տուժում է քաղաքացին: Այսինքն՝ այսօր հունվարի 22-ն է, բայց «Նոր Արեշ» պոլիկլինիկայի ղեկավարությունը դեռեւս գտնվում է տենդեր հայտարարելու փուլում: Եւ եթե նման պատկեր է մայրաքաղաքում, ապա դժվար չէ պատկերացնել, թե տենդերների գործընթացները, առավելեւս դեղերի անվճար տրամադրումն ինչպես է ընթանում մարզերի պոլիկլինիկաներում:

«Ժողովուրդ»-ի հարցին՝ ինչու նախապես չի կազմակերպվում տենդերը, որպեսզի քաղաքացիները նման իրավիճակներում չհայտնվեն, թերապեւտիկ բաժանմունքի վարիչ Պետրոսյանը պատասխանեց. «Սովորաբար տենդերի գործընթացը կազմակերպվում է տարեսկզբին»:

Վերջում հավելենք, որ երեւանյան դեղատներում «Կալցեմին Ադվանս»-ը վաճառվում է մոտ 9 հազար դրամով, եւ դժվար չէ պատկերացնել, թե որքան դժվար է 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամների համար գնել այդ դեղամիջոցը, երբ ունի լուծելու հացի խնդիր:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս