Բանակի օրվա առիթով մատուցվել է Սուրբ Պատարագ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ Պատարագ Հայոց բանակի օրվա կապակցությամբ:
Արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմը, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության սպասավորներ ու զինվորներ:
Պատարագի Սրբազան արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվել է Հանրապետական մաղթանք, որի ժամանակ միասնական աղոթք է բարձրացվել Հայրենիքի և Հայոց բանակի անսասանության և հաղթական ընթացքի համար:

Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցած պաշտոնական ընդունելության ընթացքում, ի գնահատություն Հայրենիքին մատուցած ծառայությունների, Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի է արժանացրել մի շարք զինվորականների:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով էլ զինծառայողների հոգևոր և հայրենասիրական դաստիարակության գործում զգալի ավանդի համար, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ կազմավորման 24-րդ տարեդարձի առիթով մի շարք եկեղեցականներ էլ արժանացել են խրախուսանքի: Շնորհակալություն հայտնելով մշտապես բանակի կողքին լինելու համար` Սեյրան Օհանյանը շեշտել է, որ այսօր հոգևոր ծառայությունը և զինվորական ծառայությունը այն երկու սուրբ ծառայություններն են, որոնք ապահովում են ոչ միայն ուժային, այլ նաև գաղափարական ու հավատքով լի հենքը երկրի անվտանգության ապահովման համար:




Լրահոս