ԱՅՍ ՏԵՆԴԵՆՑԸ ԵԽԽՎ-ՈՒՄ ՆՈՐ ԲԱՆ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ստրասբուրգում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում քննարկվելու է միանգամից երկու հակահայկական զեկույց: Ինչպես հայտնի է՝ զեկույցներից մեկը, որը ներկայացնելու է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը, կոչվում է «Բռնության էսկալացիան ԼՂ-ում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում»: Այդ զեկույցում, մասնավորապես, կոչ է արվում հայկական եւ այլ անկանոն ուժերը դուրս բերել Ադրբեջանի «գրավված» տարածքներից եւ դրանցում ճանաչել վերջինի ինքնիշխանությունը: Իսկ մյուս հակահայկական զեկույցը` Սարսանգի ջրամբարի վերաբերյալ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչներին միտումնավոր ջրից զրկելը», ներկայացնելու է սերբ պատգամավոր Միլիցա Մարկովիչը: Խոսուն անվանումներով այս երկու փաստաթղթերի ընդունման կանխարգելման ուղղությամբ անցած ամիսներին հայկական պատվիրակության գործադրած ջանքերը բավարար չեղան, շատ փորձագետների գնահատմամբ` դրանք ոչ միայն թերի էին, այլեւ խիստ ուշացած: Նշենք, որ երկու զեկույցներն էլ կազմվել են առանց դրանց հեղինակների կողմից Արցախ այցելելու:

Եվ չնայած ԵԽԽՎ կողմից ընդունվելիք այդ փաստաթղթերը իրավական ուժ չեն ունենալու, այդուհանդերձ, դա կարող է լուրջ բացասական ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա, ինչի մասին, ի դեպ, նախօրեին իրենց մտահոգությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
«Ժողովուրդ»-ը այս հարցի շուրջ զրուցել է Եվրոպական խորհրդի քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանի հետ:
-Պարո՛ն Զաքարյան, այսօր ԵԽԽՎ-ի նստաշրջանում քննարկվելու է երկու հակահայկական զեկույց, ինչն արդեն երկար ժամանակ է` թե՛ քաղաքական դաշտում, թե՛ հանրության շրջանում լուրջ մտահոգություններ է առաջացրել: Ի՞նչ կարող ենք կանխատեսել, ի՞նչ ավարտ կունենա Ստրասբուրգում կայանալիք քննարկումը:
-Այս պահին դժվար է կանխատեսում անել, թե ինչ ավարտ կարող է ունենալ Ստրասբուրգում կայանալիք քննարկումը: Ամենակարեւորը, որ տեղի է ունեցել վերջին օրերին, այն է, որ ԼՂՀ հարցով զբաղվող մասնագիտացած կառույցը, այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, իր հստակ տեսակետն է ներկայացրել, թե որեւէ այլ ֆորմատով քննարկումները կարող են բացասական ազդեցություն ունենան ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Սա, իրոք, կարող է ազդել այն քվեարկության վրա, որը տեղի է ունենալու Ստրասբուրգում: Բայց ինչ ձեւով կունենա կամ չի ունենա, դժվար է այս պահին ասել:
-Այնուամենայնիվ, եթե այդ հակահայկական փաստաթղթերն ընդունվեն, ինչ հետեւանքներ դրանք կարող են ունենալ:
-Եթե այն տեքստերն ընդունվեն, որոնք ներկայացրել են զեկուցողները, բացասական է: Թե՛ Ռոբերտ Ուոլթերի եւ թե՛ Միլիցա Մարկովիչի մոտեցումը տվյալ դեպքում լիարժեքորեն դատապարտելի է նաեւ այն պատճառով, որ երկուսն էլ իրենց զեկույցներում ձեւակերպումներ են զետեղել՝ ոչ թե եվրոպական արժեհամակարգից ելնելով, այլ պարզապես զեկույցի տեսքով իրենց անունից ԵԽԽՎ են ներկայացնում Ադրբեջանի տեսակետները: Ինչու են սույն զեկուցողներն աչք փակում Իլհամ Ալիեւի այն հայտարարությունների վրա, թե Ադրբեջանին այլեւս պետք չէ եվրաինտեգրվել, Ադրբեջանը որքան պետք է, եվրաինտեգրվել է, եւ կամ որտեղ է տեսնված, որ ԵԽ անդամ երկրի ղեկավարը ատելության քարոզով հանդես գա, թե աշխարհի բոլոր հայերն Ադրբեջանի թշնամիներն են: Իսկ այս հայտարարության հեղինակը Իլհամ Ալիեւն է: Ոչ միայն այս հայտարարություններն են դատապարտելի, այլեւ դրանք չտեսնելու զեկուցողներ Ուոլթերի ու Մարկովիչի դիրքորոշումը: Բայց թե ինչպիսի քվեարկություն կլինի, այս պահին դժվար է կանխատեսել:
-Պարո՛ն Զաքարյան, այնուամենայնիվ, ըստ Ձեզ՝ ինչի արդյունքում այդ փաստաթղթերը հայտնվեցին ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում: Պատճառը հայկական պատվիրակության եւ հայկական դիվանագիտության վատ աշխատա՞նքն է, թե՞ Դուք էլ եք կարծում, որ այստեղ վճռորոշ է եղել ադրբեջանական խավիարը:
-Այն տենդենցը, որի արդյունքում հայտնվել են այս զեկույցները, նոր բան չէ: 15 տարի առաջ այս օրերին Ադրբեջանը Հայաստանի հետ միասին դառնում էր ԵԽ անդամ, այդ ժամանակվա Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը ստրասբուրգյան իր ելույթում ասաց, որ Եվրոպայի խորհուրդը եւ ԵԽԽՎ-ն իրենց համար շատ լավ հարթակներ են, որպեսզի Ադրբեջանի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերն իրենք մշտապես արծարծեն այդ ֆորումներում: Սա նոր քաղաքական գիծ չէ, շատ վաղուց իրենք այդ ուղղությամբ հետեւողականորեն աշխատում են: Պետք է նկատի ունենալ, որ միշտ էլ Ադրբեջանի կողմից լինելու են այսպիսի բաներ: Մեր անելիքը սրա դեմն առնելու գործուն մեխնիզմների ստեղծելն է:
Հ. Գ. Երեկ հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ նոր նախագահը իսպանացի Պեդրո Ագրամունտն է, որը եւս հայտնի է որպես ադրբեջանական «խավիարասերների ակումբի» ակտիվ անդամ: Այս նշանակումը կարող է լրացուցիչ խնդիրներ հարուցել հայկական պատվիրակության համար, որը մինչեւ հունվարի 29-ը` նստաշրջանի ավարտը, պետք է անի գրեթե անհնարինը` ձախողելու համար հակահայկական զեկույցների ընդունումը:

 

 

 

 
ՕԵԿ-Ը ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆՈՐ ԱՆՈՒՆՈՎ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ

1997 թվականին հիմնադրված «Օրինաց երկիր» կուսակցությունը քաղաքական դաշտում 19 տարի գործունեություն ծավալելուց հետո նախօրեին ինքնալուծարվեց: Բանն այն է, որ «Հայկական վերածնունդ» միավորումը, որի միջոցով Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Օրինաց երկիր» կուսակցությունը մտադրվել է մասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, արդեն կուսակցություն դառնալու հայտ է ներկայացրել: Այսինքն՝ ՕԵԿ-ը առաջիկայում պատրաստվում է այլ անունով հանդես գալ:

Թե ինչու ՕԵԿ ղեկավարները որոշեցին գնալ անվանափոխության, դժվար չէ կռահել: Բոլորի համար էլ պարզ է, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը հատկապես 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո կտրուկ հեղինակազրկվեց, երբ որ մարտի մեկի արյունալի իրադարձությունների ժամանակ ընդունեց Սերժ Սարգսյանի իշխանությանը մաս կազմելու առաջարկը եւ, ըստ էության, վաճառեց ընդդիմադիր ընտրազանգվածի կողմից ստացած իր քվեն: Արդյուքում ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը դարձավ անվտանգության խորհրդի քարտուղար: Շուրջ վեց տարի ԱԱԽՔ-ի իշխանական լծակները վայելելուց հետո` 2014-ին, երբ Տիգրան Սարգսյանը հեռացավ ՀՀ վարչապետի պաշտոնից, եւ Սերժ Սարգսյանը չհամաձայնեց այդ պաշտոնում նշանակել Արթուր Բաղդասարյանին, վերջինս հայտարարեց ընդդիմադիր դատ տեղափոխվելու մասին եւ հեռացավ ԱԱԽՔ պաշտոնից:
Այդ ժամանակից ի վեր կուսակցությունը չի ընկալվում ո՛չ քաղաքական դաշտի, ո՛չ էլ հանրության լայն շերտերի կողմից, եւ կարծես թե ՕԵԿ-ին այլեւս լուրջ չեն վերաբերում: Ուստի, որպեսզի առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերջինս կարողանա հաջողություն ունենալ, ստիպված եղավ ընտրողների համար նոր դեմքով հանես գալ` փոխելով կուսակցության անունը: Հետաքրքիր է՝ արդյոք կուսակցության առաջնորդները նույնպես պատրաստ կլինեն իրենց անունները փոխել կամ դիմել պլաստիկ վիրահատության, որպեսզի հանրութանը ներկայանան իրապես նոր դեմքով:
Տեղին է հիշել, որ «Օրինաց երկիր» կուսակցությունն իր անունը բավականին երկար քննարկումների արդյունքում է ձեւավորել: Եվ շատերը դեռ կհիշեն, թե ինչպիսի պաթոսով էին ՕԵԿ առաջնորդները խոսում «Օրինաց երկրի» ձեւավորելու իրենց նպատակի մասին: Թեեւ դեռ այն ժամանակ նրանց ընդդիմախոսները պնդում էին, որ Արթուր Բաղդասարյանի ղեկավարած կուսակցության դեպքում խոսքը ոչ թե օրինաց, այլ «հորինած» երկրի մասին է:
«Ժողովուրդ»-ը երեկ ամբողջ օրը փորձեց ՕԵԿ-ականներից պարզել, թե ինչու որոշեցին հրաժարվել իրենց անունից, որն, ի դեպ, ժամանակին ոմանք այնքան հպարտությամբ էին կրում, որ հայտարարում էին, թե ՕԵԿ-ը դաջված է իրենց ճակատին: Փորձեցինք հասկանալ, թե ՕԵԿ-ում իրոք կարծում են, որ անունը փոխելով` հնարավոր է փոխել նաեւ հանրության վերաբերմունքն ու հաջողության հասնել: Սակայն մեր այս հարցերը այդպես էլ անպատասխան մնացին, քանի որ արդեն նախկին ՕԵԿ-ականները երեկ՝ ողջ օրը, այդպես էլ հասանելի չեղան:
Հավելենք, որ «Հայկական վերածնունդը», վերածվելով քաղաքական կուսակցության, նաեւ լինելու է միավորում, որում ընդգրկվելու են մի քանի այլ լուսանցքային կուսակցություններ:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 
ԾՆՆԴԿԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԳՈՐԾՈՎ
Այս տարվա հունվարի 22-ին հայտնի դարձավ, որ 2015 թավականի հուլիսի 27-ին մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով ձերբակավել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը: Սակայն հետագայում նա ազատ արձակվեց: Բանն այն է, որ ձերբակալությունից հետո Շուշանիկ Բախշյանի առողջական վիճակը վատացել էր, եւ նրան տեղափոխել էին հիվանդանոց: Բժշկի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի կարծիքով՝ իր պաշտպանյալն անմեղ է. «Եթե Մերի Մարգարյանի մահվան գործով դատվող լինի, Շուշանիկ Բախշյանը չի լինելու»,- ասում է փաստաբանը: Նշենք, որ մեր տեղեկություններով՝ Մերի Մարգարյանի հարազատներն իրենց դստեր մահվան մեջ, բացի Շուշանիկ Բախշյանից, մեղադրում են նաեւ նույն բժշկական կենտրոնի մի քանի այլ բժիշկների եւս, քանի որ կարծում են, որ նրանք կարող էին, բայց չեն օգնել իրենց հարազատին: Մասնավորապես, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ գործով անցնում են նաեւ «Շենգավիթ» ԲԿ-ի աշխատակիցներ Նաիրա Ավանեսյանը, Անի Բաբլոյանը, Տիգրան Սարգսյանը, Աշոտ Սիրունյանը եւ Դավիթ Մխիթարյանը:

 

ԱՃՈՒՐԴՈՎ ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱՐԱՆ
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի է հանել ատամնաբուժական միանգամից երկու համալիր: Դրանցից մեկը՝ LENTSON-ը, 2008 թվականի արտադրության է, օգտագործված է եւ ենթակա է շահագործման: Ըստ ԴԱՀԿ-ի՝ այն երկու տարի չի շահագործվել: Իսկ դրա արժեքը կազմում է՝ 675 հազար դրամ: Իսկ մյուս ատամնաբուժական համալիրը չինական է, 2012 թվականի արտադրության, ապամոնտաժված է եւ չի շահագործվել: Չինական սարքավորման արժեքն է 337.5 հազար դրամ: Ըստ աճուրդային հայտարարության ատամնաբուժական համալիրները գտնվում են Երեւանում: Ի դեպ, հայտարարությունում նշված չէ, դրանք գրավի առարկա համարվում են, թե ոչ:

 

ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ ԵՎՍ ՆՎԱԶԵԼ Է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ երեկ հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանից արտահանումների ծավալը 2015 թվականին, նախորդ՝ 2014 թվականի համեմատ, նվազել է 4 տոկոսով, կամ նույնն է, թե 60 մլն դոլարով: Իսկ ներմուծումը նվազել է 26,5 տոկոսով: Նկատենք, որ պաշտոնական վիճակագրությունում, որպես կանոն, տվյալները ո՛չ մեկնաբանվում են եւ ո՛չ էլ հնարավոր պատճառներն են ներկայացվում: Սակայն ներմուծման անկման պատճառն առանց այդ էլ ակնհայտ է. այն պայմանավորված է սպառողների գնողունակության անկմամբ: Իսկ սպառողների գնողունակության նվազումն էլ իր հերթին մի քանի գործոններով է պայմանավորված: Այն փաստը, որ անցած տարվա սկզբից սկսած նվազում էր ինչպես Հայաստանից արտահանումը, այնպես էլ ՀՀ եկող տրանսֆերտները, ի վերջո, չէր կարող չհանգեցնել մեր երկրի բնակչության մի մասի էլ ավելի աղքատացմանը:




Լրահոս