ԱՌԵՎՏՐԻ ԾԱՎԱԼԸ ՆՎԱԶԵԼ Է 1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այլեւս կարող ենք արձանագրել, որ պաշտոնական վիճակագիրներին հաջողվեց կատարել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ դեռեւս անցած տարվա մայիսին հնչեցրած հանձնարարականը: Նա ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի նիստում հայտարարել էր. «Համոզված եմ՝ տարեվերջին 2-3 տոկոս տնտեսկան աճ ենք արձանագրելու»: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները» հաղորագրությունը, որով փաստացի ավետել է, որ «շեֆի» հանձնարարականը կատարված է:

Այսպես, ըստ նշված հաղորդագրության՝ 2015 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2014 թվականի համեմատ աճել է 3,1 տոկոսով: Ինչպես հայտնի է` պաշտոնական վիճակագիրները հենց տնտեսական ակտիվության ցուցանիշով են ներկայացնում տնտեսական աճը:
Մի խոսքով, վիճակագիրները Հովիկ Աբրահամյանի հանձնարարականը ոչ միայն կատարել են, այլ նաեւ գերակատարել: Սակայն իրականում պատկերը առավել քան ողբերգական է, քանի որ նույն պաշտոնական վիճակագրությունում բերված տվյալները փաստում են Հայաստանի տնտեսության ծանր կացությունը: Այսպես, ըստ ԱՎԾ-ի՝ 2015 թվականին Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 1 տրիլիոն 327 միլիարդ 75 մլն դրամ: Այս թիվը, ըստ պաշտոնական վիճակագիրների, նախորդ՝ 2014 թվականի նույն ցուցանիշից ավել է 5,2 տոկոսով: Թվում է, թե ամեն ինչ նորմալ է: Սակայն ողջ խնդիրն այն է, որ 2014 թվականի 1 տրիլիոն 288 միլիարդ 157 միլիոն դրամի արդյունաբերական արտադրանքը կազմում էր 3 միլիարդ 97 միլիոն 124 հազար դոլար, քանի որ 2014-ին մեկ դոլարի միջին փոխարժեքը եղել 416 դրամ: Իսկ 2015-ի դեպքում արդյունաբերական արտադրանքը դոլարով կազմել է 2 միլիարդ 776 միլիոն 772 հազար, քանի որ մեկ դոլարի տարեկան միջին փոխարժեքը եղել է 478 դրամ: Այսինքն՝ իրականում արդյունաբերական արտադրանքի ծավալը ոչ թե աճել, այլ նվազել է ավելի քան 320 մլն դոլարի չափով, կամ նույն է թե՝ 10 տոկոսով: Բայց, դե, նման թվերից մեր պաշտոնական վիճակագիրները նախընտրում են հեռու մնալ, քանի որ նման ցուցանիշների մասին եթե հիշեն, ապա չեն կարողանա աճ նկարել:
Ըստ ԱՎԾ-ի՝ անցած տարի առեւտրի շրջանառությունը կազմել է 2 տրիլիոն 282 միլիարդ 262 մլն դրամ՝ 2014-ի 2 տրիլիոն 402 միլիարդ 820 մլն դրամի դիմաց: Վերը բերված թվերով առեւտրի շրջանառությունը նվազել է 120 միլիարդ 558 մլն դրամով, կամ նույնն է թե՝ 8 տոկոսով: Սակայն իրական պատկերն ավելի լուրջ է: Բանն այն է, որ 2014-ին Հայաստանում առեւտրաշրջանառությունը կազմել է 5 միլիարդ 776 մլն դոլար: Իսկ 2015-ին մեր երկրի առեւտրաշրջանառությունը կազմել է 4 միլիարդ 774 մլն 600 հազար դոլար: Այսինքն՝ անցած տարի նախորդ՝ 2014 թվականի համեմատ, Հայաստանում առեւտրաշրջանառությունը նվազել է ավելի քան մեկ միլիարդ դոլարով: Սա է իրականությունը: Հենց այս փաստն է պատճառը, որ մեկը մյուսի ետեւից Հայաստանում խանութներ եւ կրպակներ են փակվում:
Բայց իրավիճակի ողբերգությունը ոչ թե վերը բերված թիվն է, այլ իշխանությունների վարքը այս պայմաններում: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Հայաստանի իշխանությունները պարտավոր էին միջոցներ ձեռնարկել, հակառակ դեպքում մեր տնտեսությունը դատապարտված է: Իսկ միջոցներ ձեռնարկելը նշանակում է տնտեսությանը հնարավորություն տալ ավելի շատ ապրանք արտադրել: Շատ ապրանք արտադրելու համար անհրաժեշտ է վերացնել երկրում առկա մենաշնորհները: Բայց ողջ խնդիրն այն է, որ այդ մենաշնորհները հենց նույն իշխանություններն են ստեղծել: Դրանց շնորհիվ նույն այդ պաշտոնյաներն են հարստանում, որոնք պարտավոր են տնտեսությունն ազատել մենաշնորհներից: Այսինքն՝ ներկա իշխանությունները եւ Հայաստանի տնտեսության զարգացումը անհամատեղելի են: Այնքան ժամանակ, քանի դեռ ներկա իշխանությունները շարունակելու են պաշտոնավարել, Հայաստանի տնտեսությունը չի կարողանա զարգանալ, եւ պետության քայքայման հաշվին մի խումբ մարդիկ կհարստանան: Ներկա պայմաններում Հայաստանի տնտեսությունը վերջնական փլզումից հետ պահելու միակ գործիքն էլ ինչպես եղել է, այնպես էլ մնալու է նորանոր պետական պարտքեր վերցնելը: 2015 թվականին Հայաստանի պետական պարտքի ծավալը գերազանցեց 5 միլիարդ դոլարը: Կարող ենք կանխատեսել, որ ընթացիկ տարին ամփոփելուց հետո Հայաստանի պետական պարտքը կհասնի 6 միլիարդ դոլարի:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԺԱՄԿԵՏԱՆՑ ՊԱՐՏՔԵՐՆ ԵՆ ՀԻՇԵԼ

Վերջին օրերին «Ժողովուրդ»-ը ՀՀ քաղաքացիներից բազմաթիվ ահազանգեր է ստանում այն մասին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տեսուչները (էլեկտրիկները) իրենցից պահանջում են վճարել 2002 թվականից սկսած` սպառած էլեկտրաէներգիայի վարձավճարները: Այս խնդիրը մեծ աղմուկ է բարձրացրել առայժմ ՀՀ Արարատի մարզի Գինեվետ եւ Տափերական գյուղերի բնակիչների մոտ: Չի բացառվում, որ առաջիկայում կավելանա բողոքող համայնքների թիվը:

Վերջին օրերին ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ ՀԷՑ-ից ծանուցումներ են ստանում նախկինում չվճարված էլեկտրաէներգիայի մեծ պարտքերի մասին: Այս պատճառով ՀՀ Արարատի մարզի Գինեվետ, Տափերական գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ են անցկացրել: Իսկ գյուղապետը այս թեմայի շուրջ գրություն է ուղարկել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին:
Նախկին տարիներին սպառված էլէներգիայի չվճարված վարձավճարներն այսօր ներկայացվում են որպես պարտքեր: Եւ սա քաղաքացիների մոտ դժգոհության մեծ ալիք է բարձրացրել:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց ՀԷՑ մամլո քարտուղար Նատալիա Սարջանյանի հետ, ով ասաց, որ քաղաքացիներին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից ուղարկված ծանուցումները նախկինում չվճարված էլեկտրաէներգիայի պարտքերի վերաբերյալ են: «Դրանք ոչ թե ընթացիկ, այլ դեբիտորական ժամկետանց պարտքեր են, որոնք 2002 թվականի նոյեմբերից սկսած կազմում են մոտ 3 մլրդ 200 մլն դրամ: Այսինքն՝ կան քաղաքացիներ, ովքեր ունեն 2005, 2006 թվականների ընթացքում սպառած էլէներգիայի պարտք»:
Ընկերության ներկայացուցիչը տեղեկացրեց նաեւ, որ դեբիտորական ժամկետանց պարտքերը հավաքագրելու համար մարդկանց ծանուցումներ են ուղարկում, ինչն էլ քաղաքացիների վրդովմունքի պատճառ է դարձել: «Հիմա մենք սկսել ենք ծանուցումներ ուղարկել մարդկանց, իսկ նախկինում տեսուչներին էինք հորդորում պարտքերը մարելու համար ժամանակացույցեր կազմել: Հիմա, երբ բնակիչները ծանուցումներ են ստանում, այս է պատճառը, որ մարդկանց մոտ դժգոհության ալիք է բարձրացել: Քաղաքացիները կարող են մոտենալ ՀԷՑ-ի այն մասնաճյուղ, որն իրենց է հարմար եւ կազմել պարտքի մարման ժամանակացույց: Յուրաքանչյուրին անհատապես ենք մոտենում, հաշվի ենք առնում նաեւ նրանց սոցիալական վիճակը: Լինում է, որ ժամանակացույցը մեկ տարով ենք կազմում կամ ավել»,- փոխանցեց Ն. Սարջանյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ԱՐԴԵՆ 3 ԹԵԿՆԱԾՈՒ
Փետրվարի 14-ին կկայանան Դիլիջան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Դիլիջան քաղաքը եւ շրջակա 6 գյուղերն այժմ կազմում են մեկ համայնք: Իջեւանում տեղակայված Տավուշի մարզի թիվ 41 ԸԸՀ նախագահ Աիդա Սարգսյանից «Ժողովուրդը» տեղեկացավ, որ հունվարի 24-ին ավելացել է Դիլիջան համայնքի ղեկավարի թեկնածուների թիվը՝ հասնելով 3-ի: Համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել Դիլիջանի քաղաքապետի խորհրդական, ՀՀԿ անդամ, 1958թ. ծնված Պապիկ Թամամյանը: Նա ինքնաառաջադրվել է: Մինչ այդ Դիլիջան համայնքի ղեկավար էին առաջադրվել ՀՀԿ Դիլիջանի շրջանային կազմակերպության ղեկավար, 2005թ.-ից Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը եւ անկուսակցական, ինքնառաջադրված Ժորա Սահաբալյանը: Թիվ 41 ԸՀՀ ներկայացրած փաստաթղթերում նշված է, որ Ժ. Սահաբալյանը ոչ մի տեղ չի աշխատում: Նշենք, որ Ժ. Սահաբալյանը Դիլիջանի քաղաքապետ է աշխատել 2002-2005թթ.: Մեր տեղեկություններով՝ Պապիկ Թամրազյանը իրականում չի հավակնում քաղաքապետի պաշտոնին, եւ հավանական է, որ կհանի իր թեկնածությունը: Նա իր թեկնածությունն առաջադրել է, որպեսզի Ժ. Սահաբալյանի ինքնաբացարկի դեպքում ընտրությունները չեղյալ չհամարվեն, քանզի ընտրական օրենսգրքի համաձայն՝ համայնքի ղեկավարի ընտրությունները կայացված են համարվում, եթե գրանցված է մեկից ավելի թեկնածու: Տավուշի մարզի թիվ 41 ԸԸՀ նախագահից տեղեկացանք, որ Դիլիջան համայնքի ավագանու 15 տեղի համար առաջադրվել է 34 թեկնածու, որից 19-ն անկուսակցական է, 12-ը՝ ՀՀԿ անդամ, մեկական հոգի՝ ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ անդամ:

 

ԿԱՇԱՌՔ ՏԱԼՈՎ՝ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ Է
Իջեւան քաղաքի բնակիչ, 1975թ. ծնված Մարինե Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2015թ. սեպտեմբերի 13-ին կայացած Իջեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ թեկնածու Վարուժան Ներսիսյանի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու դիտավորությամբ անձանց կաշառք տալու եղանակով փորձել է խոչընդոտել ընտրողների կամքի ազատ իրականացմանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 34-154 պրիմ 2 հոդվածով: Սույն հոդվածով բնութագրվող արարքը պատժվում է 2-2,5 միլիոն դրամ տուգանքով կամ 3-5 տարի ազատազրկմամբ: Մ. Ավանեսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Մ. Ավանեսյանի դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կմեկնարկի փետրվարի 1-ին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս