ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եռօրյա այցով Հայաստանում գտնվող նորին արքայական մեծություն Ուելսի արքայազն Չարլզի այցելությունը հակասական տրամադրությունների տեղիք է տվել: Վերջինիս այցի իրական նպատակները դեռեւս պարզորոշ չեն: Պաշտոնական աղբյուրները նշում են, որ այցը մասնավոր բնույթ է կրում: Չնայած սրան՝ նա հանդիպել է Սերժ Սարգսյանին, ամենայն հայոց կաթողիկոսին: Թե ինչ խոստումներով է կերակրել եւ ինչ միջոցներով է արքայազնին համոզել Հայաստան այցելել Արմեն Սարգսյանը, դեռեւս հայտնի չէ, սակայն ակնհայտ է մի բան, որ հայկական կողմն արքայազնին դեմ է տվել միլիարդների արժողություն ունեցող «բարեգործական» ծրագրային մի փաթեթ:
Արքայազնի այցը չեն ողջունում Հայաստանում: Մասնավորապես բնապահպանները, որոնք բողոքի ակցիաներով կոչ են անում արքայազնին հեռու մնալ մեր հանքավայրերը թալանելու մտքից: Իսկ վերլուծաբանները Չարլզի այցը կապում են Հայաստանի՝ Եվրամիությանը հնարավոր ինտեգրման գործընթացի հետ՝ նշելով. «… քանի որ աշխարհի ամենաազդեցիկ մասոնական օթյակը Լոնդոնում է, իսկ Հայաստանն էլ երես է թեքել իր ռազմավարական դաշնակցից, ուստի արքայազնը մասոնների պատվիրակն է, որը փորձում է Հայաստանին կողմնորոշել դեպի Արեւմուտք»:

ՀԱՐՑ. Ո՞րն է արքայազնի՝ Հայաստան գալու իրական նպատակը: Արդյո՞ք բարեգործական այս ծրագիրը, որը մեծ փողեր լվանալու՝ իշխանությունների հերթական խաղն է, վարագույր չէ Չարլզի քաղաքական այցի ենթատեքստը քողարկելու համար:

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնի բան է, որ Չարլզը թաքնված հանքարդյունաբերող է եւ այժմ աչքը տնկել է մեր երկրի ընդերքի ոսկու ռեսուրսների վրա: Չկարծեն անգլիացիները, թե մոռացել ենք՝ ինչպես նրանք 1915թ. վերջին Մուշի կողմերից իրենց հյուպատոսի միջնորդությամբ 300 տոննա հայի ոսկոր տեղափոխեցին Անգլիա, օգտագործեցին արդյունաբերության մեջ ու մի ամբողջ արդյունաբերական գյուղ հիմնվեց, զարգացավ այդ հումքի վրա: Այդ «ալբիոնը» միշտ էլ մեր թաքնված թշնամին է եղել ու միշտ ցինիկ դրսեւորումներ է ունեցել մեր նկատմամբ: Դրանով հանդերձ, հարկ եմ համարում հիշեցնել «անգլոներին», որ իրենց նավերը մեր լեռները չեն կարող բարձրանալ:

ՇԱՀՆՈՒՐ ՄԻՆԱՍՅԱՆ
Բելգիայի հայկական կազմակերպությունների
ընդհանուր ֆեդերացիայի համակարգող

ՊԱՏԱՍԽԱՆ. Ո՛չ արքայազնը եւ ո՛չ էլ իր այցն ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում, այդ մասին ոչինչ չունեմ ասելու… Նախ՝ ոչ ոք չգիտի այցի բուն նպատակը, ոչինչ այդ մասին չեն բարձրաձայնել՝ որ շրջանակների շահի ծիրն է կանչել բրիտանական կռունկին՝ ուղեկից ունենալով ղազախական արագիլին՝ Նազարբաեւայի դստերը: Ես գիտեմ մեկ բան՝ դասավանդված Բենյամին դ’Իզրայելիի կողմից. անգլիացին հայտնվում է այնտեղ, ուր իր շահն է պահանջում: Երեւի ինչ-որ մի տեղ նորից 26 կոմիսարներ են փնտրում, քանի որ մանթաշովյան եւ արամյանական նավթահանքերի հարցն արդեն կարգադրել են:

ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՀՈՎՆԱՆՅԱՆ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հայորդյաց տներ»-ի տեսուչ-տնօրեն
Պատրաստեց ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս