Տաթև համայնքի ՀՀԿ-ական թեկնածուն վստահ է իր ուժերի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրահարների միջազգային՝ սուրբ Վալենտինի օրը՝ փետրվարի 14-ին, ՀՀ Սյունիքի, Տավուշի եւ Լոռու մարզերում կանցկացվեն համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Նոր գյուղապետեր ու ավագանիներ կընտրվեն նաեւ Տավուշի մարզի Դիլիջան համայնքում (Դիլիջան քաղաք, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան եւ Հովք գյուղեր), Լոռու մարզի Թումանյան համայնքում (Թումանյան քաղաք, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան եւ Ահնիձոր գյուղեր):

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարարության հունվարի 14-ի որոշմամբ՝ վաղաժամկետ դադարեցվել էին Սյունիքի մարզի Քաշունիի, Տանձատափի, Տաթեւի, Հալիձորի, Շինուհայրի, Խոտի, Սվարանցի, Հարժիսի գյուղապետերի եւ ավագանիների անդամների լիազորությունները: Սակայն գյուղապետերը նախապես տեղյակ չեն եղել իրենց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշմանը: Նույն որոշմամբ՝ փետրվարի 14-ին Սյունիքի մարզի Տաթեւի համայնքի ընտրատարածքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ: Ի դեպ, «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ վերոնշյալ մարզերի մի շարք համայնքները միավորվելով վերակազմակերպվել են նոր համայնքի՝ Տաթեւ անվամբ:

Առաջադրված թեկնածուները երեքն են՝ անկուսակցականներ Իգոր Աբրահամյանը, Վարշամ Բագրատյանը եւ Տաթեւի նախկին գյուղապետ, ՀՀԿ-ական Մուրադ Սիմոնյանը: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների՝ գործող իշխանությունը Սիմոնյանին խոստացել է «անցկացնել» այս ընտրություններում:

Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Մուրադ Սիմոնյանի հետ:

-Պարո՛ն Սիմոնյան, տեղեկություններ կան, որ գործող իշխանությունը Ձեզ խոստացել է «անցկացնել» այս ընտրություններում…

-Իշխանությունները ինձ ոչինչ չեն խոստացել: Նման քննարկում չի եղել, այդ մասին չենք խոսել:

-Ձեր թեկնածությունը առաջադրել է ՀՀԿ-ն…

-Այո՛, ես Հանրապետական կուսակցության անդամ եմ: ՀՀԿ-ն հարմար է գտել ինձ առաջադրել եւ կաջակցի այս ընտրություններում:

-Լավ, իսկ ինչպե՞ս եք բնակիչներին համոզելու, որ Ձեզ ընտրեն:

-Համոզելով չէ, ես ելույթ կունենամ ու կներկայացնեմ իմ նախորդ տարիներին կատարած աշխատանքի փորձը: Այնպես չէ, որ հարակից համայնքների բնակիչները ինձ չեն ճանաչում: Բոլորն էլ ինձ ճանաչում են, եւ ամեն մեկն իր կարծիքը կհայտնի ընտրության օրը:

-Պարո՛ն Սիմոնյան, 8 գյուղ իրար է միավորվելու: Այդ գյուղերի խնդիրներին տեղյա՞կ եք:

-Իհարկե, տեղյակ եմ: ըըտրարշավը սկսել է, բայց դեռ ոչ ոքի չեմ հանդիպել, չեմ այցելել գյուղեր: Ժամանակ չունեմ:

-Ինչպե՞ս եք գնահատում Ձեր մրցակիցների հնարավորությունները:

-Մի մրցակցին ճանաչում եմ, իսկ մյուսին ոչ: Այդքան էլ լուրջ մրցակիցներ չեն: Ես վստահ եմ իմ ուժերի վրա:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս