Վանաձորում անցկացված Հայաստանի կրտսեր տարիքի (13-14 տարեկաններ) բռնցքամարտի պատանեկան առաջնությանը մասնակցեց 190 մարզիկ հանրապետության գրեթե բոլոր մարզերից:
Միայն երեք մարզ՝ Սյունիքը, Արագածոտնը եւ Վայոց Ձորը, չէին ներկայացել առաջնությանը: Մասնակիցների պատրաստականության մասին «Ժողովուրդ»-ը խնդրեց կարծիք հայտնել ՀՀ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Յուրի Ներսիսյանին:
Նա նշեց, որ այս տարիքային խմբում կային շատ շնորհալի պատանիներ, հատկապես գովեստի են արժանի Գեղարքունիքի եւ Լոռու մարզերի տղաները: Եվ պատահական չէր, որ տանտերերի 11 պատանի դարձավ եզրափակչի մասնակից. «Մարզիչներից կառանձնացնեի Գեղարքունիքի մարզի ավագ մարզիչ, վաստակավոր ու վաստակաշատ Վալերի Մնացականյանին, ում սաներից երկուսը դարձան չեմպիոն ու փոխչեմպիոն: Իհարկե, առաջնությունը նաեւ թերություններ ուներ. ընդհանուր ֆոնի վրա ուրվագծվեց, որ այսօրվա հատկապես երիտասարդ մասնագետներն ավելի շատ գերատեսչական նպատակներ են հետապնդում` հետին պլան մղելով իրենց սաների ընդհանուր պատրաստականությունը: Բայց նրանք չպետք է մոռանան, որ ավելի հեշտ է մարզիկներին փոքր հասակում սովորեցնել տեխնիկական տարրեր, մի բան, որով կարող են հպարտանալ ավագ սերնդի մասնագետները, որոնց մի մասը, ցավոք, այսօր մեզ հետ չէ»:
ՀԵՏԻՆ ՊԼԱՆ Է ՄՂՎՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ