Ո՞Վ Է ԿՐԱԿԵԼ ԲՈՒԴԱՂՅԱՆՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն անհետացել է. գրեթե ոչ ոք չգիտի նրա գտնվելու վայրի մասին: «Սառեցված պաշտոնով» մարզպետը մտավախություն ունի, որ կարող է գնալ որդու հետեւից՝ կալանավայր:
Երեկ Գորիս քաղաքում տեղի է ունեցել Գորիսի նախկին քաղաքապետ Ավետիք Բուդաղյանի հուղարկավորությունը: Ինչպես «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Գորիսի գործող քաղաքապետ Նելսոն Ոսկանյանից, գոնե ինքը հուղարկավորության ժամանակ Սուրեն Խաչատրյանին չի տեսել. «Ես չեմ տեսել: Այնքան մարդ կար այնտեղ»: Թեեւ դժվար չէ պատկերացնել, թե Բուդաղյաններն ինչ կանեին Խաչատրյանին:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ կտրուկ վատացել է Սուրեն Խաչատրյանի տան դիմաց հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանի եւ վիրավորված սպա Արտակ Բուդաղյանի հոր՝ Էմիլ Բուդաղյանի առողջական վիճակը: Ըստ tert.am-ի՝ երեկ 69-ամյա Էմիլ Բուդաղյանն ուղեղի կաթված է ստացել, սակայն հիվանդանոց չեն տեղափոխել, քանի որ հրաժարվել է: Նրան տնային պայմաններում կաթիլային են միացրել: Պարզեցինք, որ երեկ՝ երեկոյան, նրա վիճակն արդեն կայունացել էր:
Արձակված կրակոցներից հետո Սյունիքում լարված վիճակ է: Բոլորը շունչները պահած սպասում են, թե իրավական ինչ հանգուցալուծում է ունենալու գործը: Ինչպես երեկ տեղեկացրել էր «Ժողովուրդ»-ը, Ս. Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, եւ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորել են: Նրանք անազատության մեջ գտնվելու իրենց օրերը կանցկացնեն «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
Երեկ պաշտոնապես հաստատվեց նաեւ «Ժողովուրդ»-ի հրապարակած տեղեկությունն այն մասին, որ ե՛ւ Խաչատրյանի որդին, ե՛ւ թիկնապահը քննիչների մոտ «իրենց վրա են վերցրել» կրակոցները: Երկուսն էլ ասել են, թե «ես եմ արել», ինչի արդյունքում նրանց մեղադրանքը լրացվել եւ խստացվել է: Ըստ պաշտոնական տեղեկության՝ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն. պատժվում է ազատազրկմամբ` տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ), 112-րդ հոդվածի առաջին մասով (դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելը. պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելն ու պահելը. պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով):
Իսկ թե կոնկրետ ինչու է անհետացել Սուրեն Խաչատրյանը, եւ ովքեր են Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան եկել՝ Լիսկային պատժելու, կներկայացնենք «Ժողովուրդ»-ի վաղվա համարում:




Լրահոս