ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ՎԱՆԳԱՆ ՉԷ, ՈՐ ԻՄԱՆԱ՝ ՈՎ Է ԿՐԱԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում, անդրադառնալով հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցած սպանությանը, հավաստիացրեց, թե անկախ կուսակցական պատկանելությունից, պաշտոնից ու դիրքից` նրանք, ովքեր օրենքը կխախտեն, անպայման կպատժվեն:
-Պարո՛ն Շարմազանով, “Հետքե”-ը տեղեկատվություն հրապարակեց այն մասին, թե ովքեր են Փայլակ Հայրապետյանի սնանկացման հեղինակները, նշվեց նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը: Ձեր վերաբերմունքը՝ այս հարցի հետ կապված:
-Եթե խնդիրն իրավական տիրույթում է, ես ի՞նչ պետք է ասեմ, հայցադիմում է ներկայացվել համապատասխան մարմիններին, իսկ ես իրավական խնդիրները չեմ մեկնաբանում: Սպասենք դատարանի որոշմանն ու գործի քննությանը:
-Այն հանցագործությունները, որոնց հետ կապված շրջանառվում է Տ. Սարգսյանի անունը,  մշտապես կոծկվում են: Դա վերաբերում է նաեւ “Նաիրիտ”-ի գործի քննությանը, երբ կրկին գործարանի սնանկացման համար մեղադրվում էր վարչապետը, սակայն այսօր մեղադրանք է առաջադրվել գործարանի նախկին տնօրենի դեմ: Ինչո՞ւ:
-Ես չեմ կիսում այն սուբյեկտիվ գնահատականը, որը Դուք հնչեցրիք Ձեր հարցադրման մեջ: Ես կարծում եմ, որ քաղաքակիրթ երկրներում միայն ու միայն դատարանն իրավունք ունի որոշելու` ով է կատարել հանցագործությունը, ով՝ չէ: Դրա համար մենք պետք է զերծ մնանք դոգմատիկ գնահատականներ տալուց, եւ եթե կա որեւէ փաստ, փաստարկ կամ բողոք, դիմե՛ք իրավապահ մարմիններին: Դատական համակարգը շատ բաց, հրապարակային է ու այս հարցը կլուծի:
-Վարչապետի ունեցվածքն օր օրի ավելանում է, Ձեզ մոտ հարց չի՞ առաջանում, թե ինչպես, ինչի հաշվին: Եվ դա այն դեպքում, երբ ՀՀ հասարակ քաղաքացիները սոցիալական ծայրահեղ ծանր վիճակում են ապրում:
-Վարչապետն արդեն ասել է, թե իր ունեցվածքն ինչու է աճել: Կարծում եմ, որ եթե որեւէ քաղաքացու մոտ կա հարցադրում կամ, ավելին, վկայություն, փաստեր, որ դա այդպես չէ, ապա կարող է դիմել դատական մարմիններին, դատական մարմինները ցանկացած պաշտոնյայի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով պետք է պատասխան տան: 
-Լավ, իսկ ինչպե՞ս եք գնահատում Սյունիքի ՀՀԿ-ական մարզպետ Սուրեն Խաչատրյանի    առանձնատան մոտ տեղի ունեցած սպանությունը: Դուք չե՞ք հավատում, որ Ձեր կուսակիցը կարող էր կրակել ու մարդ սպանել:
-Խնդիրը շատ նուրբ է, ես Վանգան չեմ, որ կարողանամ իմանալ՝ ով կարող էր կրակել, եւ ով չէր կարող: Բայց մի բան հստակ է. բոլոր մեղավորները պետք է պատժվեն: Իրավապահ մարմինները պետք է օրենքի սահմաններում պատժեն բոլոր մեղավորներին: Իսկ մնացածն արդեն իմ ոլորտի հարցեր չեն: Ես այդ ոլորտի մասնագետ չեմ, լիազորություններ չունեմ, գործը գտնվում է ՊՆ քննչական ծառայության ներքո, եւ արդեն իրավապահ մարմիններն իրենք կորոշեն՝ ով է կրակել, եւ ով չի կրակել:  Բայց, անկախ դիրքից, անկախ պաշտոնից, անկախ կուսակցական պատկանելությունից, բոլոր այն անձինք, ովքեր իրենց օրենքից վեր են դասում, պետք է պատժվեն: Եվ խոսքը ոչ թե այս մասնավոր դեպքի մասին է, այլ  ընդհանրապես սա է իշխանության փիլիսոփայությունը:
-Ս. Խաչատրյանն էլ ի սկզբանե ասաց, թե ինքը քնած է եղել ու տեղյակ չի եղել, որ իր տան մոտ կրակել են:
-Իրավապահ մարմինները կորոշեն:
-Կատարված սպանությունը նույն կերպ, կարելի է ասել՝ գրեթե նույնպիսի ձեւակերպումներով, դատապարտել է նաեւ Ս. Խաչատրյանը: Ինչեւէ: ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյա՞նն ինչ է մտածում Գորիսում կատարվածի շուրջ: 
-ՀՀԿ առաջնորդն իր խոսնակի միջոցով իր կարծիքն արտահայտել է:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
“Ժողովուրդ” օրաթերթի 554 համար




Լրահոս