ՀիմնաՏավուշ զարգացման հիմնադրամին դատի են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Տավուշի մարզի Դիտավան համայնքի նախկին ղեկավար Սեյրան Սարգսյանը եւ մի քանի դիտավանցիներ դատի են տվել “ՀիմնաՏավուշ” զարգացման հիմնադրամին: Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից ստեղծված “ՀիմնաՏավուշ”-ի գրասենյակը գտնվում է Երեւանում՝ կառավարական 3-րդ շենքում: 2010թ. մայիսի 22-ին Իջեւանում Ֆրանսիայի Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանը եւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ստորագրել են համատեղ նկատառումների հուշագիր: Ապա 2011թ. մարտին Ֆրանսիայում երկու կողմերը ստորագրել են Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի եւ Տավուշի մարզի միջեւ ապակենտրոնացված համագործակցության շրջանակային պայմանագիր 3 տարի ժամկետով: Ֆրանսիական կողմի աջակցությունն ուղղված է մարզի գյուղատնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, սահմանագոտու բնակիչների կենսամակարդակի բարելավմանը:
Ս. Սարգսյանը “Ժողովուրդ”-ին հայտնեց, որ դատական հայցը վերաբերում է 2012թ. Դիտավանում ցանված 10 հա եգիպտացորենին, որից ստացված սիլոսը պետք է օգտագործվեր հիմնադրամի կողմից Լուսաձոր գյուղում հիմնված տոհմային անասնապահական ֆերմայի կովերին կերակրելու համար: Սարգսյանի խոսքով՝ հիմնադրամը եգիպտացորեն ցանելու համար յուրաքանչյուր հեկտարի հաշվով իրենց 150-հազարական դրամ կանխավճար է տվել, հետագայում՝ հեկտարի հաշվով՝ եւս 30-հազարական դրամ: Նրա վկայությամբ, ըստ պայմանագրի, “ՀիմնաՏավուշ”-ը հնձի շրջանում պետք է իրենց ապահովեր տեխնիկայով, ինչը չի արվել: Դրա պատճառով եգիպտացորենը գերհասունացել է, չորացել, եւ ակնկալված 400 տոննայի փոխարեն հնձվել է ընդամենը 92 տոննա: Սարգսյանն ասաց, որ ավելի ուշ հիմնադրամի ներկայացուցիչները փորձել են համոզել, որպեսզի ինքը ստորագրի փաստաթղթի տակ, թե իբր երաշտի, այսինքն՝ “ֆորս մաժորի” հետեւանքով է ցածր բերք ստացվել: 
Սույն գործով դատական նախնական նիստը կայացավ մայիսի 31-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջեւանի նստավայրում: Հաջորդ դատական նիստը նշանակված է հունիսի 11-ին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
“Ժողովուրդ” օրաթերթի 554 համար




Լրահոս