ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹԻՎՆ ԱՎԵԼԻ ՑԱԾՐ Է, ՔԱՆ 1979-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին 35 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանի մշտական բնակչության պաշտոնական թիվը 3 միլիոնից ցածր է: Բանն այն է, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս` 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 998 հազար 600 մարդ: Սա այն դեպքում, երբ հեռավոր 1979 թվականին Հայաստանի մշտական բնակչության թիվը եղել է 3 մլն 37 հազարից ավել: 2008 թվականից Հայաստանի բնակչության մեծ թափ ստացած արտագաղթը ոչ միայն չի դադարում, այլ նաեւ նույնիսկ պաշտոնական թվերով ողբերգական հետեւանք է ունենում: Իսկ ինչ վերաբերում է արտագաղթի պաշտոնական թվերին, ապա ըստ ԱՎԾ-ի՝ անցած 2015 թվականի ընթացքում Հայաստանից հեռացել եւ չի վերադարձել 47 հազար 676 ՀՀ քաղաքացի: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ արտագաղթի միջին, տարեկան 47 հազար թիվը շարունակում է պահպանվել: Մյուս կողմից՝ անցած տարի ծնված երեխաների թիվը նվազել է 3 տոկոսով. 2014-ի 43 հազար 31 ծնվածների փոխարեն 2015-ին այդ թիվը կազմել է 41 հազար 815: Մեռելածին երեխաների թիվը աճել է 7 տոկոսով՝ 746-ից դառնալով 797, իսկ մահացությունների թիվը 27 հազար 714-ից դարձել է 27 հազար 835: Վերը բերված թվերը փաստում են, որ Հայաստանի բնակչության նվազմանը նպաստող բոլոր գործոնները, որոնք տեսականորեն հնարավոր են գոյություն ունենալ, առկա են մեր երկրում: Բայց, ըստ ամենայնի, այս ողբերգական վիճակը այնքան էլ չի մտահոգում ՀՀ իշխանություններին, քանի որ նրանք ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մտածողության շարունակողներն են: Հիշեցնենք՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր. «Բա հո չեն մնա Հայաստանում եւ հեղափոխություն անեն»:

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հունվարի սկզբից սկսած պարբերաբար հանդիպում է Երեւանի վարչական շրջանների ղեկավար կազմի հետ եւ նրանց ներկայացնում ապագա նոր ընտրական համակարգի առանձնահատկությունները: Այն փաստը, որ ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագիծը դեռ պաշտոնապես պատրաստ չէ, չի հրապարակվել, եւ ոչ էլ անգամ դրա տեսլականն է հանրությանը ներկայացվել, ՀՀ իշխանություններին որեւէ կերպ չի կաշկանդում, որպեսզի իրենց շարքերին արդեն իսկ ծանոթացնեն ապագա նորամուծության հետ: Ի դեպ, իշխանական շրջանակներից ստացվող լուրերի համաձայն՝ Վիգեն Սարգսյանը վարչական շրջանների ղեկավարներին հիմնականում ներկայացնում է ԱԺ ընտրությունների էլեկտրոնային քվեարկության ձեւը, որի մասին «Ժողովուրդ»-ը գրել էր: ՀՀ իշխանությունները մտադիր են անցնել էլեկտրոնային քվեարկության:

 

 

 
Այն հանգամանքը, որ իշխանական նոր կոալիցիայի նկատմամբ ՀՀԿ-ի ներսում բացասական տրամադրված մարդիկ շատ կան, վաղուց էր հայտնի: Սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, կոալիցիայի դեմ հակազդեցությունն այս անգամ առավել քան ուժեղ է, ու թերեւս դա է պատճառը, որ մինչ օրս չի կայանում ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը: Ավելին՝ կոալիցիային դեմ հանրապետականները այնքան վստահ են իրենց ուժերում, որ արդեն սկսել են կուլիսներում արտահայտվել, որ իրենց կհաջողվի այդ գործընթացը կանխել: ՀՀԿ-ի հակակոալիցիոն թեւի ներկայացուցիչները մասնավոր զրույցներում արդեն իսկ սկսել են լուրեր տարածել, իբր կոալիցիայի հարցն այլեւս օրակարգից դուրս է եկել: Թե որքանով են իրական այդ լուրերը, պարզ կլինի առաջիկա օրերին: Ի վերջո, ՀՀԿ-ում որոշումներն ամեն դեպքում մեկ մարդ է կայացնում` Սերժ Սարգսյանը, միանձնյա:

 

 

 
Օրերս լուրեր տարածվեցին այն մասին, որ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Ուզունյանին «ասել են», որ ազատման դիմում գրի, բայց նա արձակուրդ է մեկնել: Ենթադրվում էր, որ Ուզունյանը արձակուրդից վերադառնալուց հետո պետք է հրաժարական ներկայացներ: Բայց արի ու տես, որ նա արձակուրդից վերադարձել է եւ առավել քան ինքնավստահ է: Ի դեպ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա փաստացի ակնարկել է, որ ինչ-որ խնդիրներ, այնուամենայնիվ, եղել են: «Բուժման նպատակով դուրս եմ գալիս (արտերկիր մեկնում) ինձ խաբար են անում, թե ինձ համակարգն է փնտրում: Ի սեր Աստծո, Ուզունյանին փնտրել պետք չէ, Ուզունյանը իր տեղում է»,- ասել է դատավորը: Իսկ այն հարցին, թե ինքը ի՞նչ «սխալ» է արել, որի համար իրեն ցանկանում են ազատել, պատասխանել է. «Բացարձակ, մենք պրոմխներ տվող մարդիկ չենք, պրոմխ են տվել նրանք, ովքեր նման տեղեկություններ են տարածել»:

 

 

 
ՉՀԱՐՎԱԾԵԼՈՎ

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով որոշել էր ամփոփել ՀՀ դիվանագիտական կորպուսի նախորդ` 2015 թ. աշխատանքները, երեկ բավականին ոչ դիվանագիտական որակումներ է հնչեցրել ԱԳՆ-ի գործունեությունը քննադատողների հասցեին: Պարզվում է` հայ դիվանագետների թերի աշխատանքի մասին բարձրաձայնելը, Նալբանդյանի գնահատմամբ, «անբարոյականություն է», քանի որ «դիվանագետն էլ նույն զինվորն է, որը կռվում է դիվանագիտական ճակատում»:
Նախ` այս հարցի վերաբերյալ Նալբանդյանի դատողությունները գնահատելիս դժվար է չհարցնել՝ իսկ որն էր պատճառը, որ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը որոշում է 2015 թվականն ամփոփել ոչ թե տարեվերջին, այլ դրան հաջորդող տարվա երկրորդ ամսում միայն: Ինչու Նալբանդյանն իր եւ իր ենթակաների անցած տարվա գործունեության գնահատականը չներկայացրեց դեկտեմբերի վերջին, կամ գոնե հունվարի սկզբին, ինչպես որ արեցին մնացած բոլոր գերատեսչությունների ղեկավարները, եւ ինչը հուշում է տարրական տրամաբանությունը: Այս հարցի պատասխանը, սակայն, դժվար է հնչեցնել` առանց Նալբանդյանին այդքան վրդովվեցնող քննադատության: Բանն այն է, որ ՀՀ ԱԳՆ ղեկավարը չէր կարող դեկտեմբերի վերջին կամ հունվարի սկզբին խոսել իրենց դիվանագիտական հաղթանակների մասին, այն ժամանակ, երբ առջեւում ԵԽԽՎ նստաշրջանում երկու խայտառակ հակահայկական զեկույցների ընդունման հեռանկարն էր: Սակայն Ռ. Ուոլթերի առավել վտանգավոր զեկուցը չեղարկելուց եւ խնդիրը կիսով չափ լուծելուց հետո Նալբանդյանը երեկ, թերեւս, այդքան մեծ դիսկոմֆորտ չէր զգում` խոսելով իր ղեկավարած «դիվանագիտական մեծ ընտանիքի» աշխատանքի մասին:
Մինչդեռ դիսկոմֆորտի համար պատճառների պակաս ՀՀ ԱԳՆ ղեկավարը պետք է որ չունենա: Եվ առաջին հերթին` դա կապված է հենց այդ նույն՝ «մեծ ընտանիքի» անդամների զգալի մասի դրսեւորած ոչ պրոֆեսիոնալ աշխատաոճով, իսկ հաճախ էլ` դիվանագիտական տարրական հմտությունների բացակայությամբ: Փաստն այն է, որ Է. Նալբանդյանի ղեկավարած «ընտանիքում» այսօր մեծ թիվ են կազմում այնպիսի դիվանագետներ, որոնց աշխատանքը չքննադատե՛լն է անբարոյականություն եւ թիկունքից հարված մեր պետությանը, այդ թվում եւ` դիվանագիտական եւ իրական ճակատներում անձնազոհ կերպով պայքարող մեր զինվորներին: Եվ եթե Նալբանդյանը չի ցանկանում, որ արտերկրներում բացառապես իրենց անձնական բիզնեսների բարգավաճմամբ զբաղվող եւ տաբեր առիթներով զավեշտալի իրավիճակներում ու կոռուպցիոն սկանդալներում հայտնվող ՀՀ դեսպաններին չքննադատեն, ապա լավ կանի` իր ղեկավարած «ընտանիքը» մաքրի նման կադրերից: Իսկ եթե չի կարողանում դա անել, ուրեմն եւ քննադատությունից վիրավորվելու իրավունք չունի: Ի վերջո, ինչպես ինքը երեկ նկատեց` գինին թան չէ, ամեն մարդու բան չէ:




Լրահոս