Ջավախք հայրենակցական միության հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ջավախք” հայրենակցական միությունը հայտարարություն է տարածել, որում ահազանգում է հայ-վրացական պետական սահմանի Բավրայի մաքսակետում մտցված նոր կարգի մասին, որը հավելյալ ֆինանսական խնդիրներ է առաջացնում Հայաստան եկող ջավախքահայերի համար։ Ներկայացնում ենք հայտարարությունը ստորև.
Արդեն մի քանի օր է ՀՀ մաքսային ծառայությունների որոշմամբ հայ-վրացական պետական սահմանի Բավրայի մաքսակետում Վրաստանի քաղաքացիների կողմից լրացվող բեռնամաքսային հայտարարագրերի տրամադրման համար մտցվել է բրոկերային միջնորդավճար, ինչը հարուցել է առանց այն էլ սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունեցող ջավախքցիների արդարացի դժգոհությունը: Այդ կապակցությամբ սույն թվականի հունիսի 8-ի վաղ առավոտյան մի խումբ ջավախքցիներ բողոքի ակցիա էին կազմակերպել հայ-վրացական սահմանի վրա:
Հասկանալի է, որ բրոկերային միջնորդավճարը գանձվում է ըստ սահմանված կարգի, և այն գործում է բոլոր սահմանային մաքսակետերում: Սակայն, այս դեպքում խնդիրը բոլորովին այլ է, քանի որ Բավրայի սահմանակետից Հայաստան են մուտք գործում բացառապես մեր հայրենակիցները՝ ջավախքցիները, հետևաբար, ստացվում է, որ Մայր հայրենիք մուտք ու ելքի համար ջավախքցին գումար է վճարում, ինչը չի ընկալվում վերջիններիս կողմից և չի տեղավորվում առողջ տրամաբանության մեջ:
“Ջավախք” հայրենակցական միությունը այս կապակցությամբ իր խորը մտահոգությունն է հայտնում և կոչ անում ՀՀ մաքսային ծառայություններին լրջորեն քննարկել խնդիրը և վերականգնել նախկինում գործող կարգը: Մենք, միաժամանակ, հորդորում ենք ջավախքցիներին հանդարտվել, զինվել համբերությամբ և լավատեսությամբ, այն ակնկալիքով, որ ընդունելի և գոհացուցիչ որոշում կընդունվի:




Լրահոս