Հորդառատ անձրեվ եվ կարկուտ՝ Մեղրիի տարածաշրջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2013 թվականի հունիսի 8-ի՝ լույս 9-ի գիշերը, ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանի Շվանիձոր, Ալվանք և Նռնաձոր համայնքներում տեղացած աննախադեպ հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով տուժել է Արաքսամերձ գոտում գտնվող գյուղացիական տնտեսությունների ցանքատարածությունների մի մասը և մասնակի վնասվել այդ հատվածում գտնվող զեյթունի, նռան և ծիրանի այգիները: Դժվարանցանելի են դարձել համայնքային ենթակայության ճանապարհների առանձին հատվածներ: 
Համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով հունիսի 9-ի առավոտյան Մեղրիի տարածաշրջան է այցելել ՀՀ Սյունիքի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Արա Դոլունցը` մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ: 
Համայնքի ղեկավարների և բնակիչների հետ տեղի ունեցած հանդիպումների ժամանակ քննարկվեցին ստեղծված իրավիճակը և այն հնարավորինս արագ շտկելու ուղիները: Համայնքների ղեկավարներին և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին համապատասխան հանձնարարականներ: 
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում անմիջապես սկսվել են նշված համայանքների գյուղամիջյան ճանապարհների ջրաբերուկներից մաքրման և վնասված հատվածների վերականգնման աշխատանքները: 
Համայնքային հանձնաժողովները կատարում են պատճառված վնասների ճշգրտման և չափագրման աշխատանքներ:
ՀՀ Սյունիքի մարզպետարանի լրատվական ծառայություն




Լրահոս