ԱՐՄԱՎԻԱ»-Ի ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի համոզմամբ` «Արմավիա» ավիաընկերության վերադարձի մասին խոսք լինել չի կարող, այն չի վերադառնա: Փոխարենը այսօր «Արմավիա»-ի նախկին աշխատակիցները՝ բորտ-ուղեկցորդուհիները, ինժեներները եւ օդաչուները, կրկին հավաքվելու են Սախարովի հրապարակի հարեւանությամբ գտնվող ASG-ի ապահովագրական ընկերության շենքի մոտ, որտեղ տեղակայված են «Արմավիա»-ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին պատկանող մյուս ՍՊԸ-ների գրասենյակները: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ավիաընկերությունը խաբել է ոչ միայն ավելի քան 155 աշխատակցի, այլեւ Հայաստանի Հանրապետությանը. 2011թ.-ից մինչեւ 2013թ. համապատասխան սոցվճարումները չի արել: Նախորդ բողոքի ակցիայի ժամանակ ընկերության մամուլի պատասխանատու Նանա Ավետիսովան խոստացավ, որ բոլոր աշխատակիցների աշխատավարձերը վճարվելու են հունիսի 7-ին: Սակայն աշխատակիցներն այս մասին դեռ ոչ մի արձագանք չեն ստացել, դրա համար այսօր կհավաքվեն՝ պահանջելու:
Բանն այն է, որ երկար տարիներ մարդիկ աշխատել են, սակայն այսօր կանգնել են թոշակ չստանալու վտանգի առջեւ: Ի՞նչ պետք է անեն նրանք: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի մամլո խոսնակ Արամայիս Շահբեկյանը «Ժողովուրդ»-ին ասաց. «Մինչեւ 2012թ. դեկտեմբերի 31-ը եղած իրավահարաբերությունների համար կարող են գալ մեր ծառայություն, դիմում գրել ու պահանջել իրենց աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկատվության մասին քաղվածք: Սոցվճարների հավաքագրումը կամ դրա պատասխանատվությունը կրում է ՊԵԿ-ը»:
Իսկ ՊԵԿ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից էլ «Ժողովուրդ»-ին տեղեկացրին. «ՀՀ ԿԱ ՊԵԿ խոշոր հարկ վճարողների ՀՏ-ի կողմից ՀՀ վարչական դատարան է ներկայացվել հայցադիմում՝ «Արմավիա-ավիաընկերություն» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ պետական բյուջեի 7.035.703.888 դրամ գումարի բռնագանձման պահանջով: Նշված պարտավորություններն առաջացել են շահութահարկի, ոչ ռեզիդենտի շահութահարկի, եկամտահարկի, պարտադիր սոցիալական ապահովության վճարների, եկամտային հարկի եւ պետական տուրքի գծով: ՀՀ վարչական դատարանի 19.04.2013թ. որոշմամբ՝ դատավոր Կ. Բաղդասարյանը ՀՀ ԿԱ ՊԵԿ ԽՀՎ ՀՏ-ի հայցն ընդունել է վարույթ, ուստի առայժմ չենք կարող տրամադրել առավել մանրամասն տեղեկատվություն»:
Նկատենք, որ ՊԵԿ-ն «Արմավիա»-ին դատի է տվել միայն աշխատակիցների բողոքից հետո:




Լրահոս