«ԱՐՄԱՎԻԱ»-Ն ԷԼԻ ԽԱԲՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակիցները կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել Սախարովի հրապարակի հարեւանությամբ գտնվող ASG-ի ապահովագրական ընկերության շենքի մոտ:
Հիշեցնենք, որ «Արմավիա»-ն աշխատանքից ազատել էր մի խումբ մարդկանց՝ բորտ-ուղեկցորդուհիների, ինժեներների, օդաչուների: Ավելին՝ պարզվել էր, որ ավիաընկերությունը խաբել է ոչ միայն ավելի քան 155 աշխատակցի, այլեւ Հայաստանի Հանրապետությանը. 2011թ.-ից մինչեւ 2013թ. համապատասխան սոցվճարումները չեն արվել: Տվյալ ավիաընկերության նախկին աշխատակիցները պնդում են, որ իրենցից պահումները ժամանակին արվել են, բայց սոցվճարները չեն մուծվել պետբյուջե: Նախորդ բողոքի ակցիայի ժամանակ «Արմավիա»-ի մամուլի պատասխանատու Նանա Ավետիսովան ընկերության անունից խոստացել էր, որ բոլոր աշխատակիցների աշխատավարձերը հունիսի 7-ից սկսած «կամաց-կամաց» վճարվելու են: Սակայն աշխատակիցներին առայժմ ոչինչ չի վճարվել,  ինչի  պատճառով էլ նրանք երեկ հավաքվել են ընկերության գրասենյակի մոտ՝ պահանջելու իրենց աշխատավարձերը:
«Ժողովուրդ»-ը տեղում կապ հաստատեց Նանա Ավետիսովայի հետ: Վերջինս վստահեցրեց, որ օրվա երկրորդ կեսից հետո նախկին աշխատակիցների մի մասի՝ բորտ-ուղեկցորդուհիների եւ օդաչուների հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների աշխատավարձը կվճարվի.  «Ֆինանսական գծով տնօրենն ինձ փոխանցեց, որ դեռ սպասում ենք, մինչեւ փողերի նստելը: Այսօրվանից (երեկվանից-խմբ.) սկսելու ենք տալ: Դա տեխնիկական հարց է: Շատ հավանական է, որ օրվա երկրորդ կեսին բոլոր բորտ-ուղեկցորդուհիների եւ օդաչուների հոկտեմբեր-նոյեմբերը փակեն: Եվ երկուշաբթի օրվանից կշարունակվի այս գործընթացը»:
«Ոչ մի կոնկրետ բան չեն ասում, չենք հասկանում՝ ինչ է կատարվում: Այսքան ժամանակ տնօրինությունից եւ ոչ ոք չի հանդիպել մեզ հետ: Անցյալ բողոքի ակցիայի ժամանակ միայն հստակ հայտարարվեց, թե հունիսի 7-ին սկսելու են կամաց-կամաց վճարել, բայց այսօր 7-ն է, ու ոչինչ չի փոխվել»,-«Ժողովուրդ»-ին դժգոհեց ընկերության նախկին ինժեներ Սահակ Հովհաննիսյանը:
Իսկ ընկերության աշխատակիցներից Արսեն Մկրտչյանն ափսոսանքով նկատեց, որ այս ոլորտի բարձրակարգ մասնագետները սկսել են լքել Հայաստանը.  «Վայել չէ, որ մեր երկրից հեռանում են՝ օտար երկրներում աշխատելու նպատակով: Ախր մենք էլ մեր մասով ենք բանկերին պարտք, եւ չվճարելու դեպքում տուգանքներ են կիրառվում: Ի վերջո, գազի եւ էլեկտրաէներգիայի սակագներն էլ թանկացան: Պետք է շտապ այս հարցը լուծվի, պետք է պետությունը մեզ օգնի»:
Ավելի ուշ տեղեկացանք, որ բորտ-ուղեկցորդուհիների եւ մի քանի օդաչուների հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների աշխատավարձը տրվել է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս