«Հայկական ատկատի» ավանդույթները սրբորեն պահպանվում են. միլիոններ` կանաչապատ տարածքները պահպանելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանը որպես մայրաքաղաքում վերջին տարիներին իրականացվող դրական ամենաակնառու փոփոխություն մշտապես նշում է կանաչապատման եւ ծաղկապատման ծավալների աճը: Մինչդեռ բազմաթիվ փորձագետներ, ինչպես նաեւ Երեւանի ավագանու անդամներ, մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել են կանաչապատման համար մայրաքաղաքային բյուջեից հատկացվող ահռելի գումարների եւ ստացվող արդյունքի անհամարժեքության մասին` կասկածներ հայտնելով այդ գործընթացում կոռուպցիոն լուրջ ռիսկերի եւ ատկատների մեխանիզմի գոյության մասին:

Երեւանի քաղաքապետարանը այս տարվա հունվարի 21-ին շրջանակային ընթացակարգով կնքված պայմանագրի մասին հայտարարություն էր հրապարակել: «Ժողովուրդ»-ը հրապարակված հայտարարությունից տեղեկացավ, որ մայրաքաղաքի 6 վարչական շրջանների կանաչապատ տարածքների խնամքի եւ պահպանման նպատակով իրականացվող աշխատանքների համար քաղաքային բյուջեի հաշվին 2015 թվականին հսկայական գումարներ են ծախսվել:

Օրինակ՝ Ավան վարչական շրջանի կանաչապատ տարածքների խնամքի եւ պահպանման աշխատանքներ իրականացնելու համար քաղաքային բյուջեից հատկացվել է՝ 121 մլն դրամ: Նույն աշխատանքներն իրականացնելու համար Աջափնյակ վարչական շրջանին՝ 130 մլն դրամ, Շենգավիթ վարչական շրջանին՝ 158 մլն դրամ, Նորք-Մարաշ վարչական շրջանին՝ 20 մլն դրամ է հատկացվել: Իսկ, ահա, Կենտրոն վարչական շրջանին՝ 300 մլն դրամ, Արաբկիրին 170 մլն դրամ պետք է հատկացվեր, սակայն հայտերը մերժվել են: Բացի այս՝ շրջանակային ընթացակարգով պայմանագրի մասին հայտարարության մեջ նշված է, որ Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջանների կանաչապատ տարածքների խնամքի եւ պահպանման աշխատանքները չեն կայացել: Բանն այն է, որ Արաբկիր համայնքի «Արաբկիր-Կամար» ՓԲԸ-ն հայտը ներկայացվելու օրվա դրությամբ ունեցել է ՀՀ պետական բյուջեի նկատմամբ ժամկետանց հարկային պարտավորություններ, եւ նրա հայտը հանձնաժողովի կողմից մերժվել է:

Նշենք, որ մրցույթին մասնակցած ընկերություններն են՝ «Ավան Կանաչապատում», «Աջափնյակ Կանաչապատում», «Շենգավիթ Կանաչապատում», «Արաբկիր համայնքի «Արաբկիր-Կամար» եւ «Կանաչ Բարձրունք» ՓԲԸ-ները: Իսկ ընտրված մասնակիցներն են՝ «Ավան Կանաչապատում», «Աջափնյակ Կանաչապատում», «Շենգավիթ Կանաչապատում» եւ «Կանաչ Բարձրունք» ՓԲԸ-ները: Ի դեպ, մրցույթին մասնակցել են այն ընկերությունները, որոնք գտնվում են վարչական շրջանների ղեկավարների ենթակայության տակ:

«Ժողովուրդ»-ը «Աջափնյակ Կանաչապատում» ՓԲԸ-ի տնօրեն Ժորա Ոսկանյանից հետաքրքրվեց, թե հատկացված գումարով ընկերությունը կոնկրետ ինչ աշխատանք է իրականացրել: Հարցին ի պատասխան՝ Ոսկանյանն ասաց. «Կանաչապատ տարածքները խնամել ու պահպանել ենք: Ծաղիկներն են, ծառերը, թփերը, սոխուկները, մաքրություն ենք արել: Դրանք ջրել ենք, պարարտացրել ենք: Ծաղիկները տնկում ենք, ջրում, քաղհանում, պարարտացնում: Իսկ ծաղիկների գնումը մեր ընկերության պարտականությունների մեջ չի մտնում»:

Սակայն ընկերության տնօրենը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ափսոսանքով նկատեց, որ իրենց ընկերությանը քիչ գումար է հատկացվում: «Նախորդ տարի այդքան գումար հատկացվել է, այս տարի նույնն է լինելու: Մյուս վարչական շրջաններին հատկացված գումարի համեմատ մերը շատ քիչ է»,- դժգոհեց մեր զրուցակիցը:  Զրույցի ընթացքում Ժ. Ոսկանյանը նկատեց նաեւ, որ Սիլիկյան թաղամասից 2 հա տարածք է մտել իր ընկերության կողմից սպասարկվող տիրույթի մեջ, սակայն այդտեղ իրականացվող աշխատանքների համար գումար չի ավելացվել. «Ասում են՝ գումար չկա: Տարածքն ավելացել է, իսկ գումարը՝ ոչ: Հատկացված գումարը մեծ թիվ չէ, իսկ տարածքը կազմում է՝ ընդհանուր 39 հա»:

Ի դեպ, Ոսկանյանը փոխանցեց նաեւ, որ հատկացված 130 մլն դրամի մեջ են մտնում ընկերության աշխատակիցներին տրվող աշխատավարձերը: Նշենք, որ բոլոր վարչական շրջանների կանաչապատում իրականացնող ընկերությունների աշխատակիցների ամսական աշխատավարձը կազմում է 73 հազար դրամ, իսկ աշխատանքը սկսվում է առավոտյան ժամը 08.00-ին եւ ավարտվում 16.00-ին: Թեեւ իրենց աշխատավարձերը ժամանակին են ստանում, բայց արտաժամյա աշխատանքի եւ հանգստյան օրերին` շաբաթ, կիրակի, աշխատելու դիմաց աշխատակիցները կրկնակի չեն վարձատրվում` ի խախտումն աշխատանքային օրենսգրքի:

Եթե համեմատենք քաղաքային բյուջեից վերոնշյալ ՓԲԸ-ներին կանաչապատման համար տրված գումարն ու դրա դիմաց կատարվող փաստացի աշխատանքը, ապա պարզ կդառնա, որ արդյունքը ամենեւին էլ կապ չունի ծախսված գումարների հետ: Ակնհայտ է, որ նման արդյունքի կարելի էր հասնել անհամեմատ ավելի քիչ միջոցներ ծախսելով:

Նկատենք, որ, ինչպես շինարարությունը, ասֆալտապատումը, այնպես էլ կանաչապատ տարածքների խնամքն ու պահպանումը «ատկատների» ու ծախսված գումարների վերահսկելիության առումով ամենախոցելի ոլորտներն են: Եւ եթե ՀՀ վերահսկիչ պալատը կամ մեկ այլ կառույց ստուգումներ իրականացնի ոչ միայն ասֆալտապատման, այլեւ կանաչապատ տարածքների խնամքի, պահպանման հետ կապված աշխատանքների որակն ու ծախսված գումարների արդյունավետությունը պարզելու համար, ապա բացահայտումները քիչ չեն լինի: Ինչեւէ, սրանք «հայկական ատկատի» ավանդույթներն են, որոնք սրբորեն պահվում են:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս