Armenian text to speach

ԱԺ ընտրություններ 2026․ ժամը 11:00-ի դրությամբ մասնակցությունը գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններում ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 362 հազար 657 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող 2 միլիոն 505 հազար 102 քաղաքացիների 14.48 տոկոսը։
Համեմատության համար նշենք, որ 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր 316 հազար 291 ընտրող կամ ընտրողների 12.20 տոկոսը։Իսկ 2018 թվականին՝ 7․75 տոկոս։

Այսպիսով, 2026 թվականի ընտրություններում ժամը 11:00-ի դրությամբ մասնակցությունը 2.28 տոկոսային կետով ավելի բարձր է, քան 2021 թվականին։

Երևանում ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 14.46 տոկոսը (122 հազար 856 ընտրող), մինչդեռ 2021 թվականին նույն ժամի դրությամբ մայրաքաղաքում մասնակցությունը կազմել էր 13.99 տոկոս (120 հազար 166 ընտրող)։
Հայաստանի խոշոր քաղաքներից Գյումրիում մասնակցությունը կազմել է 11.80 տոկոս (12 հազար 785 ընտրող), իսկ Վանաձորում՝ 14.49 տոկոս (13 հազար 588 ընտրող)։

Մարզային կտրվածքով ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Տավուշի մարզում՝ 17.84 տոկոս, Սյունիքի մարզում՝ 17.55 տոկոս և Կոտայքի մարզում՝ 16.02 տոկոս։ Ամենացածր մասնակցությունը գրանցվել է Շիրակի մարզում՝ 12.60 տոկոս և Արմավիրի մարզում՝ 12.63 տոկոս։

Հիշեցնենք, որ 2023 թվականի Երևանի ավագանու ընտրություններում ժամը 11:00-ի դրությամբ մասնակցությունը կազմել էր ընդամենը 5.78 տոկոս։ Այդ ժամանակ քվեարկել էր 47 հազար 671 ընտրող՝ մայրաքաղաքի ընտրական ռեգիստրում ընդգրկված 824 հազար 250 քաղաքացիներից։

Այսպիսով, 2026 թվականի ԱԺ ընտրություններում միայն Երևանում ժամը 11:00-ի դրությամբ մասնակցությունը շուրջ 2.5 անգամ գերազանցում է 2023 թվականի ավագանու ընտրությունների նույն ժամի ցուցանիշը։

Անի Վարդանյան




Լրահոս