ԱԺ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, թե «ԱԺ-ում «ատկատներ» հասկացողություն ընդհանրապես չկա», եւ բոլոր գնումները կատարվում են բացարձակ թափանցիկ:
-Պարո՛ն Դումանյան, ինչպե՞ս է ստացվում, որ արտասահմանյան գործուղումների համար գնված բոլոր ավիատոմսերն ԱԺ-ի վրա կրկնակի թանկ են «նստում»: Ինչո՞ւ ավելի էժան տարբերակներից չեք օգտվում:
-Մեզ մոտ ամեն ինչ արվում է օրենքի սահմաններում: Մենք մրցույթ ենք հայտարարում «Գնումների մասին» օրենքով: Երբ մրցույթ ենք հայտարարում, դիմում ենք այն կազմակերպություններին, որոնք հետաքրքրված են: Մրցույթ հայտարարելուց հետո մենք գրանցված կազմակերպություններին ուղարկում ենք հրավերներ՝ բոլորին անխտիր, ու ովքեր հետաքրքրված են, գալիս, մասնակցում են: Հանձնաժողովն էլ իրավունք չունի դրանից դուրս գնումներ անել: Գնման ընթացակարգին ծանոթ լինելիս բոլորի համար էլ պարզ է դառնում, թե ինչպես է այդ մեխանիզմն իրականացվում: Մամուլում հրապարակում եղավ, թե ինչու են, օրինակ, պատգամավորին ուղարկել Կիտո. Կիտո են ուղարկել, որպեսզի մասնակցի նիստի, ու Հայաստանը պարտավոր էր պատվիրակ ուղարկել: Խնդիրը ո՞րն է, Հայաստանը միջազգային պատվիրակ չունենա՞, չաշխատե՞նք:
-Խնդիրն այն է, որ կարելի է նման դեպքերում այլ` մատչելի տարբերակներից օգտվել, որպեսզի ավիատոմսերի վրա միլիոններ չծախսեք:
-Տոմսերը կրկնակի կամ եռակի չեն գնվում, ես նշեցի, թե ինչ սկզբունքով է այդ գնումը լինում: Ժամանակ է լինում, երբ մենք հրատապ պատվիրակություն ենք ուղարկում, ու եթե հայտարարեինք, մի քանի ամիս առաջ այլ գին կլիներ, իսկ եթե մեկ շաբաթում է դա մեզ հարկավոր, ապա տոմսերի գինն այլ է դառնում: Լրագրողները եւս կարող են գալ ու մասնակցել այդ ամենին ու տեսնել, թե ինչ թափանցիկ է դա կատարվում:
-Իսկ ի՞նչ կասեք ԱԺ-ի համար ձեռք բերված օդորակիչների մասին, որոնք դարձյալ շատ թանկարժեք են: Այդ դեպքում եւս «ատկատների» հավանականությունը մեծ է:
-Կրկին հավաստիացնում եմ, որ ԱԺ-ն տարբերակներից ամենամատչելին է ընտրել, ուղղակի տվյալները ներկայացնելուց առաջ կխնդրեի ուսումնասիրել դրանք, որպեսզի փաստերը խեղաթյուրված չներկայացվեն: Բնականաբար, ԱԺ-ում «ատկատներ» լինել չեն կարող, ԱԺ-ում «ատկատներ» հասկացություն ընդհանրապես չկա:
-Այժմ այդ օդորակիչները չեն աշխատում, ու պատգամավորները դժգոհում են, որ ԱԺ նիստերի դահլիճում շատ շոգ է: Ե՞րբ կաշխատեն օդորակիչները:
-Նիստերի դահլիճում օդափոխության հին համակարգ է եղել, որն իրեն չէր արդարացնում: Համաշխարհային բանկի մեր գործընկերները գրանտային միջոցներ տրամադրեցին, արդեն մրցույթը եղել է: Հաղթող կազմակերպությունը բերում է համապատասխան սարքավորումները, երեւի մինչեւ սեպտեմբեր արդեն օդափոխության նոր համակարգը նիստերի դահլիճում կաշխատի: Քանի որ գումարը մենք չենք տնօրինել, ու մենք չենք գրաֆիկը ներկայացրել… որպեսզի չհասնի շոգերը… դա Համաշխարհային բանկի համապատասխան ԾԻԳ-ն է, իրենք են մրցույթը հայտարարել, ու այժմ իրենք աշխատում են: Երկու ամսվա մեջ ամեն ինչ կավարտվի:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս