ԱՄՆ-Ն ԽԱՆԳԱՐՈ՞ՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման հարցում իրանական կողմը սպասում է Հայաստանի գործնական քայլերին: Այս մասին հայտնել է ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին: Խոսելով երկաթուղու կարեւորության մասին՝ Ռեյիսին կարծիք է հայտնել, որ դա Իրանի համար շահավետ նախագիծ չէ, սակայն Հայաստանում այն կնպաստի տուրիզմի զարգացմանը. «Շաբաթական մոտ 5000 իրանցի զբոսաշրջիկ կգա Հայաստան: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պետք է կյանքի կոչել այդ նախագիծը, սակայն հայկական կողը հապաղում է կառուցել երկաթուղու իր բաժինը: Սա մեր երկրի համար առանձնապես կարեւոր ծրագիր չէ, սակայն Հայաստանին այն կազատի սահմանափակումից»: Վերջին շրջանում, գազի խնդրից հետո, սա դեսպանի երկրորդ հայտարարությունն է, որը մատնացույց է անում մեր կառավարության անգործությունը:

ՀԱՐՑ. Ի՞նչ եք կարծում, ի՞նչն է խանգարում Հայաստանի իշխանություններին ընդունել Իրանի կողմից փոխշահավետ նախագծերի առաջարկը: Կարելի՞ է ենթադրել, որ երկաթուղու կառուցման նախագիծն ավելի շատ քաղաքական, քան տնտեսական նշանակություն ունի:

ՊԱՏԱՍԽԱՆ.
Դեռեւս 2005թ.-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարեց, որ հայ-իրանական հարաբերությունները «բարիդրացիականից վերածվել են հատուկ հարաբերությունների»: Սակայն երկու երկրների հարաբերություններում այժմ ոչ այդքան ակտիվ վիճակ է: Հայ-իրանական ծրագրերի դանդաղ իրականանալու պատճառը հիմնականում Իրանի տնտեսության ներկայիս ոչ լավ վիճակն է: Մասնավորապես, խոսելով Իրան-Հայաստան երկաթուղու գործարկման մասին, նշեմ, որ ներդրումների առկայության դեպքում երկաթգիծը կարող է կապվել Իրանի երկաթուղիների ցանցին ու ելք ունենալ դեպի Հնդկական օվկիանոս կամ Պարսկական ծովածոց: Հավելեմ, որ Իրանը ցանկանում է նավթամուղ եւ հիդրոէլեկտրակայաններ կառուցել Հայաստանի հետ ընդհանուր սահմանի վրա, սակայն Իրանի նկատմամբ կիրառվող հետագա սանկցիաները կարող են խոչընդոտել ծրագրի ֆինանսավորումները: Խոսելով Հայաստանի մասին՝ ասեմ, որ կառավարությունը ողջունում է ծրագրերի գաղափարը, սակայն առկա են լուրջ ֆինանսատնտեսական խնդիրներ:

ԳՈՀԱՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ
իրանագետ


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ակնհայտ է, որ համագործակցության առաջարկը շահավետ է, սակայն այստեղ իսկապես քաղաքական ենթատեքստ կարելի է նկատել: Նկատելի է, որ կա մի երրորդ կողմ, որից մեր երկիրը կախման մեջ է, ուստի տրվում է նրա ազդեցությանը: Ճիշտն ասած, ինձ համար ավելի հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչպես են այս հարցին պատասխանում մեր իշխանությունները:

ԼԵՎՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՀՀ սահմանապահ զորքերի գնդապետ
Պատրաստեց ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս