Ո՞վ փորեց Արմեն Աշոտյանի ոտքի տակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եւ այսպես, Հայաստանում 3 նախարարությունների եւ 2 մարզի կառավարումը կհանձնվի Դաշնակցությանը: Հանուն քաղաքական համագործակցության անհրաժեշտության՝ ՀՀԿ-ն «զոհաբերեց» իր թիմակիցներին:

Կասկածից վեր է, որ պաշտոնից ազատված ՀՀԿ-ականները «անգործ» չեն մնա: Նրանք ինչ-որ պարտականություններ կստանձնեն առաջիկայում: Բայց այդ առաջիկա ասվածը մինչեւ 2017 թվականի ընտրություններն են, թե դրանից հետո, ցույց կտա ժամանակը: Մինչ այդ դեռեւս պաշտոնյա ՀՀԿ-ականները պետք է զինվեն համբերությամբ՝ սպասելով իրենց հերթին:

Բայց, ամեն դեպքում, հետաքրքիր էր, թե ինչ սկզբունքով ընտրվեցին նախարարները, որոնց ՀՀԿ-ն «զոհաբերեց»: Արդյո՞ք միայն դաշնակցության պահանջները կարող էին գերակա լինել իշխող ՀՀԿ-ի համար:
Թեեւ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «անտեր նախարարներին հանել են, ով տեր ունի՝ թողել», այնուամենայնիվ, պետք է արձանագրենք, որ իրականում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն ճշմարիտյանը ամենեւին էլ հավատարիմ ՀՀԿ-ական չէր: Նա այսքան տարիների ընթացքում այդպես էլ չդարձավ ՀՀԿ-ի համար «սվոյ» գործիչ, եւ նրա «զոհաբերումը» զարմանալի չէր: Ավելին՝ Ճշմարիտյանը առանձնապես էնտուզիազմով չէր էլ աշխատում, եւ կարելի է ասել՝ էկոնոմիկայի ոլորտը վերջնականապես ձախողված է նաեւ նրա պաշտոնը «յոլլա տանելու» սկզբունքով առաջնորդվելու հետեւանքով:

Տարօրինակ չէր նաեւ ԱԺ արտահերթ նիստում երեկ քննարկվող «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկումը, որով կրկին բաժանվեց ՏԿԱԻ նախարարությունը: Իրականում կյանքը ցույց տվեց, որ ՀՀ արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման միացված նախարարությունների աշխատանքը Արմեն Երիցյանին վստահելը այնքան էլ արդյունավետ չէր: Նա փայլուն ԱԻՆ ղեկավար էր, բայց ոչ տարածքների կառավարիչ: Նրա մոտ չստացվեց այդ ոլորտի կառավարումը: Եւ այս իմաստով կարելի է արդարացված համարել նախարարության կրկին բաժանումը: Բայց դժվար է ասել, թե ինչպես կարող է աշխատել Դավիթ Լոքյանը, մարդ, որ նոր, թարմ մտքեր դժվար թե կարողանա գործածության մեջ դնել:

Այս իրավիճակում ամենազարմանալին, իհարկե, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին «ակտիվ հանգստի» ուղարկելու որոշումն էր: Ինչպես Աշոտյանը հայտարարեց՝ նա կլինի իր աշխատավայրից մինչեւ 1 կմ հեռավորության վրա, այսինքն՝ Մելիք Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ գրասենյակում: Ու ակնհայտ է, որ Աշոտյանին «զոհելու» Սերժ Սարգսյանի որոշումն իրականում ՀՀԿ ներսում առկա խանդի տեսարանների արդյունք էր: Ինչպես ասում են՝ կաթիլը քար է ծակում: ՀՀԿ-ում ոչ բոլորին էր դուր գալիս Աշոտյանի չափից ավելի ակտիվությունը. նա ամենուր էր: Աշոտյանին կուսընկերները նույնիսկ մեղադրում էին իր քայլերով կուսակցական գործունեությունը «կապիկության» վերածելու մեջ: Բայց միեւնույն ժամանակ պետք է արձանագրել, որ Աշոտյանին հրաժարական պարտադրելն ու կուսակցություն ուղարկելը ՀՀԿ-ի կողմից այնքան էլ ճիշտ ու արդար որոշում չէր, քանի որ ՀՀԿ-ի ողջ բեռը նա պատվով տանում էր: Ճակատագրական պահին մենամարտից չէր խուսափում, կուսակցության համար անձնական հեղինակությամբ վճարելու հեռանկարից չէր փախչում: Երբեմն ավելին էր վերցնում իր ուսերին, քան անհրաժեշտ էր ու, բնականաբար, աչքի էր ընկնում: Եւ սա առաջացրեց կուսակցական խանդ:

Ու պատահական չէր, որ փետրվարի 10-ին կայացած ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում կսմիթով ասաց, թե. «Ես շատ բարձր եմ գնահատում պարոն Աշոտյանին, որ ինձ հանձնարարականներ է տալիս, բայց ինձ հանձնարարականներ տալիս է միայն կուսակցության նախագահը»:
Ի դեպ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն առանձնապես չէր ընկալվում նաեւ ՀՀԿ մյուս փոխնախագահների կողմից: Նրա եւ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները հարթ չեն: Աշոտյանն առավել գերադասում է շփվել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ, ով համարվում է Աբրահամյանի հիմնական մրցակիցը՝ դրանից բխող «անկուսակցական» հետեւանքներով: Եւ այս կաթիլ-կաթիլ անհասկացվածությունը վերածվեց կոնկրետ որոշման:

Իհարկե, հանուն ճշմարտության պետք է ասել, որ, հիրավի, ինտելեկտուալ Արմեն Աշոտյանը որպես կրթության նախարար չէր փայլում, ձախողումներն ու դժգոհությունները շատ-շատ էին: Բայց մյուս կողմից անհերքելի իրողություն է, որ Արմեն Աշոտյանը փայլուն քաղաքական գործիչ է, եւ նրա այդ իմիջը ընկալվում է ինչպես իշխանության ու ընդդիմության, այնպես էլ լրատվական դաշտի կողմից:

Եւ պետք է արձանագրենք, որ Արմեն Աշոտյանի չափից դուրս ակտիվությունը կուսակցությունում ու իշխանական բուրգի անկուսակցական հատվածում խանդի առարկա դարձավ: Ու մասնավոր զրույցներում հնչող մտահոգությունները, թե անլրջացրել է կուսակցությունն ու նախարարի պաշտոնը, հասավ նաեւ Սերժ Սարսգյանին, ով, ի վերջո, «հարմար պահի» կայացրեց այդ որոշումը՝ Արմեն Աշոտյանին ուղարկելով ՀՀԿ փոխնախագահի «ակտիվ աշխատանքի»:

Թամարա Միքայելյան




Լրահոս