ՄԱՊ-Ի ԱԼԻԿԸ ՆԱԽԱԳԻԾԸ՝ ԸՆԴԴԵՄ ԼԻՄՈՆԱԴԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը սեպտեմբերին ԱԺ-ում հանդես է գալու նոր նախագծով` կապված կոնյակի եւ գինու ակցիզային հարկի հետ: Մեր զրուցակիցը նշեց, որ իր ներկայացնելիք  նախագծի նպատակը ոլորտում հավասարություն հաստատելն է:
-Պարո՛ն Պետրոսյան, Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած գյուղացիներին օգնելու համար դրամահավաք էր սկսվել, որին այժմ Դուք եք «հետեւում»: Կնշե՞ք, թե մինչ օրս որքան գումար է հավաքվել:
-Արդեն հավաքվել է 140 միլիոն դրամ: Վերջերս 40 միլիոն դրամը փոխանցեց «Ակբա» բանկը: Մենք պետք է մինչեւ օգոստոսի 1-ը հավաքենք գումարը, այնուհետեւ տուժած գյուղերին բաժանենք: Այսինքն` գործընթացը ֆիքսված աշխատանքային ռեժիմով գնում է: Մոտավորապես 47 գյուղ տուժել է, բայց թե կոնկրետ որ գյուղը քանի տոկոսով, գյուղապետերին խնդրել եմ այդ ցուցակները հանել:
-Իսկ մինչեւ օգոստոս այդ գումարների հատկացումն ուշացած չի՞ լինի գյուղացիների համար:
-Անկեղծ ասած` մինչեւ օգոստոսի 1-ն իրենց ցանկությամբ ենք ֆիքսել: Մենք այնպիսի ժամկետ ենք տվել, որ մարդիկ կարողանան մի քիչ… ո՞նց ասեմ, ուշ են, էլի՛, ընկալում օգնության անհրաժեշտությունը: Մարդ կա՝ միանգամից է ընկալում, մարդ կա՝ մի քիչ ուշացած է ընկալում:
-ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը վերջերս ԱԺ միջանցքում Ձեզ հետ վիճում էր` պնդելով, թե իր տեղեկություններով՝ խաղողի այգիները քիչ են վնասվել, իսկ Դուք չափազանցրել եք…
-Ո՞նց չէր վնասվել, մենք չէինք վիճաբանում, ուղղակի խոսել ենք: Ընդհանուր թվով` մոտավորապես 35 հազար տոննա խաղող է «կորել» այդ 47 գյուղերում, իսկ դա մեծ քանակ է: Հիմնականում այդ 25 միլիարդի մեջ գերակշիռ մասը խաղողն է կազմում, 4 հազար տոննա ծիրան է տուժել, այսինքն՝ իրար հետ գումարվելով` եղել է 25 միլիարդ դրամ: Իսկ խաղողը տուժածներից միակ բանն է, որ 2-3 տարի անց է միայն վերականգնվում: Ծառը կվերականգնվի հաջորդ տարի, իսկ ամենաշատը տուժել են խաղողատերերը: Մենք այս տարի խաղող կմթերենք այն գյուղերից, որտեղ կարկուտ չի եղել:
-Նախօրեին Դուք կողմ քվեարկեցիք «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» եւ ««Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ  օրենքում լրացում կատարելու մասին» նախագծին: Սակայն այդ նախագծով ազատամարտիկներին որեւէ սոցիալական օգնություն չի ցուցաբերվելու: Դուք տեղյա՞կ եք այդ մասին:
-Ես կողմ եմ քվեարկել, որովհետեւ իսկապես մեր երկրում ցանկացած բան պետք է օրենքով պաշտպանված լինի, ցանկացած խավ: Ու ես կարծում եմ, որ սա այն խավն է, որ մենք ոչ թե երեկ պետք է այդ օրենքն ընդունեինք, այլ 20 տարի առաջ: 20 տարի է` մենք ազատամարտիկներ ունենք, որոնք իրենց կյանքը տվել են, իրենց ընտանիքները թողել են, կինը զրկվել է ամուսնուց, ծնողները՝ տղայից, բայց նրանց մասին օրենք չկա: Ավելի լա՞վ չէ, որ օրենք լինի, ու օրենքով կարգավորվի, եւ այդ օրենքի շրջանակներում հարցը լուծվի: Մանվել Գրիգորյանը շատ ճիշտ բան ասաց. մարդիկ կան, որ մահացել են, բայց իրեն չեն էլ ճանաչել: Այսօր իրենց հարազատները կարող են գալ, ասել՝ գիտեք ինչ, այդ մարդը մեր տղան է, մեր հարազատն է:
-Բայց այսօր ազատամարտիկներն ապրում են ծայրահեղ ծանր վիճակում, մարդիկ փողոց են դուրս եկել ու հայտարարում են, որ իրենք չեն կարողանում հացի գումար վաստակել: Այս իրավիճակում որքանո՞վ եք ճիշտ համարում հարցի միայն բարոյական լուծումը:
-Գիտեք ինչ, ցանկացած մարդ, բացի սոցիալական խնդրից, բարոյական խնդրի կարիք էլ ունի, հավատացե՛ք ինձ: Տպավորություն է, որ մոռանում ենք իրենց, բայց չի կարելի, չէ՞, այդ մարդկանց մոռանալ, ընդհանրապես: Քայլ առ քայլ, մենք այսօր օրենք ենք ընդունում եւ ընդունում ենք այդ մարդկանց ծառայությունները հայրենիքում: Կարծում եմ՝ քիչ-քիչ կարելի է հասնել ինչ-որ բանի:
-Լավ, իսկ Դուք՝ որպես ԱԺ պատգամավոր, պատրաստվո՞ւմ եք ինքներդ օրենսդրական նախագծերով հանդես գալ ԱԺ-ում:
-Այո՛, իհարկե, սեպտեմբերին` կոնյակի եւ գինու ակցիզային հարկի հետ կապված: Նշեմ, որ շատ բարձր է այդ հարկը,  ինչի  արդյունքում  Հայաստանում գնալով նվազում են իրացման ծավալները: Նախագիծը որ ընդունենք, ակցիզը կլինի այնպես, ինչպես աշխարհի բոլոր երկրներում: Իսկ այսօր ակցիզը հաշվվում է որպես պատրաստի արտադրանք, այսինքն՝ եթե դու մեկ շշի մեջ լիմոնադ ես լցնում, այդ շիշն ակցիզով չի հարկվում, բայց ասենք` կոնյակ կամ գինի ես լցնում, այդ շիշն ակցիզով հարկվում է: Այսինքն` եթե 3 տարեկան կոնյակը լցնում ես սովորական շշի մեջ, դրա համար քիչ հարկ ես մուծում, նույն կոնյակը եթե լցնում ես թանկ շշի մեջ, ուրիշ հարկ ես մուծում: Ինչի՞ համար: Ես ուզում եմ, որ մենք հավասար լինենք բոլոր երկրներին: Ուզում եմ՝ հավասարություն լինի:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս