ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ
Երեկ կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա անցկացրին նախկին ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս» ընկերության կողմից խաբված Դավթաշեն երկրորդ թաղամասի եւ Փափազյան փողոցի նորակառույց շենքերի բնակիչները: Հիշեցնենք, որ այդ շենքերի բնակիչները պայմանագիր էին կնքել «Տոնուս» ընկերության հետ, վճարել համապատասխան գումարը եւ մինչեւ 2010թ. սկիզբը պետք է ստանային իրենց բնակարանները, ինչը, սակայն, մինչ օրս տեղի չի ունեցել: Այս տարվա հունիսի 14-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սնանկ է ճանաչել «Տոնուս» ՍՊԸ-ին: Երեկ խաբված բնակիչների հետ հանդիպել է ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Հայկ Դավթյանը եւ խոստացել, որ մեկ շաբաթ անց հստակ պատասխան կտա այս հարցի վերաբերյալ: Սակայն խաբված բնակիչները թերահավատորեն են վերաբերում այս խոստումներին:

ՎԱՐԿԸ` ՄԻԱՅՆ ԿԱՆԱՆՑ
«Էն ժամանակ տղամարդկանց էիք տալիս: Հիմա վարկը բերել եք, ասում եք՝ կանանց եք տալիս»,-«Առավոտ»-ի ներկայացմամբ` ԱԺ արտահերթ նստաշրջանում դժգոհել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը` անդրադառնալով քննարկման դրված Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Կանանց ձեռներեցությանն աջակցման հատվածի զարգացման ծրագիր» վարկային համաձայնագրին, որի համաձայն` կին գործարարներին տրվում են մանր ու միջին բիզնեսի զարգացմանն ուղղված բարելավված ինստիտուցիոնալ կարողություններ, բիզնեսի զարգացման հնարավորություններ: Ըստ համաձայնագրի` ԱԶԲ-ն Հայաստանին տրամադրում է 20 մլն դոլարի վարկ` տարեկան 10% տոկոսադրույքով:

ՄԵՏՐՈՆ ԿՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԻ
Կառավարությունը երեկ հավանություն է տվել «Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցում. երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագրին: Մետրոյի համակարգը վերակառուցելու համար ՀՀ կառավարությունը 5 մլն եվրո կներգրավի Եվրոպական ներդրումային բանկից: Ծրագրի հիմնական նպատակն է նվազեցնել ջրի ներհոսքը մետրոյի թունելներ: Կբարելավվեն նաեւ կայարաններն ու ծառայողական շինությունները, կվերանորոգվեն մետրոյի վագոնները: Ցավոք, առայժմ մետրոյի նոր կայարանների կառուցումն անիրականանալի ցանկություն է:




Լրահոս