ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Աժ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, անդրադառնալով ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կողմից ՊՆ-ում իրականացվող ստուգումներին, հավաստիացրեց, որ ինքը հետեւողական է լինելու դրանց արդյունքների հրապարակայնացման հարցում:

Դեռեւս փետրվարի 21-ին գրել էինք, որ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը մեկ շաբաթ է` ստուգումներ է իրականացնում ՀՀ պաշտպանության նախարարությունում: ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը հաստատել էր տեղեկությունը՝ նշելով. «Ժամանակ է պահանջվում, առնվազն երկու ամիս՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում այնտեղ»:
«Ժողովուրդ»-ը ՊՆ-ում իրականացվող ստուգումների եւ ՀՀ զինված ուժերում առկա իրավիճակի շուրջ զրուցեց Աժ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Խաչատուր Քոքոբելյանի հետ:
-Պարո՛ն Քոքոբելյան, մշտապես խոսվում է բանակում բարոյահոգեբանական վիճակի բարելավման մասին, սակայն փետրվարի 19-ին ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած ողբերգությունը ցույց տվեց՝ առայժմ այդ խնդիրը բավական սուր է: Փորձե՞լ եք հասկանալ, թե ինչ է կատարվում:
-Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհերի հարազատներին: Կան խնդիրներ բանակում եւ առօրյա խնդիրներ, որոնք անհրաժեշտ է ժամ առաջ լուծել, բայց երբեք չեմ խուսափել ասելու, որ մի տեղ հավաքված տղամարդկանց հետ գործ ունենք, որը բերում է նաեւ ինչ-որ դրսեւորումների: Որեւէ բացթողում արդարացնելու միտում չունեմ, ուղղակի նշում են նրա համար, որ սպայական կազմը, հաշվի առնելով այդ հանգամանքները, պարտավոր է ավելի ուշադիր լինել անթույլատրելի դրսեւորումների հանդեպ: Վստահեցնում եմ Ձեզ, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փակ նիստերին գոնե հարցը խիստ անհանգստացնում է, եւ բոլորը փորձում են հետամուտ լինել: Շատ ծանր թեմա է այն առումով, որ ոչ թե ասելիք չկա, այլ որ խիստ անելիք կա: Այդտեղ խիստ անելիք ունեն թե՛ սպայական կազմը, թե՛ մենք` պատգամավորներս: Մենք նաեւ այցելություններ ենք անում, դիտարկումներ են լինում, բայց դա, իհարկե, բավարար չէ:
-Հաճախ է լինում, երբ անգամ կենցաղային հողի վրա տեղի ունեցած որեւէ միջադեպի մասին տեղեկատվությունը ՊՆ-ում այնպես են արգելափակում, ասես պետական գաղտնիք լինի…
-Որպես ԱԺ պատգամավոր՝ որեւիցե փաստաթղթի ծանոթանալու կամ որեւիցե հարցի տեղեկանալու խնդիր չեմ ունեցել եւ վստահեցնում եմ, եթե լիներ, մինչեւ վերջ կփորձեինք խնդրին լուծում տալ, քանի որ դա մեր պատգամավորական պարտավորությունն է, ոչ թե իրավունքը: Բայց պետք է ասեմ, որ սա այն դեպքը չէ, որ պետք է միայն սուր ճոճել, իրականում բանակում կան պրոբլեմներ, ոչ ոք չի կարող դա թաքցնել, բնականաբար, կոռուպցիայից սկսված: Ինքս կողմ լինելով հրապարակային քաղաքականությանը՝ միեւնույն է՝ կան խնդիրներ, կան փաստաթղթեր, որոնք չեն կարող հասանելի լինել:
-Բայց գրեթե բոլոր դեպքերում է այդպես:
-Խոսքը չի վերաբերում տնտեսական կամ կոռուպցիոն երեւույթներին, որոնք քրեական հետապնդման խնդիրներ են պարունակում: Հավատացած եղեք, դա ամբողջ աշխարհում է: Հնարավորություն եմ ունեցել ուսումնասիրելու այլ երկրների փորձը, առաջադեմ երկրների մասին է խոսքը, եւ հավատացած ուզում եմ ասել, որ այնտեղ էլ այդ խնդիրը կա: Դա չի նշանակում, թե պետք է լինի գաղտնի փաստաթուղթ, ուղղակի տարբեր շերտեր կան:
-Այս իրավիճակին զուգահեռ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացնում ՊՆ-ում: Տեղյա՞կ եք՝ ինչ ստուգումների մասին է խոսքը, տեղեկություններ կան, որ լուրջ չարաշահումներ են արձանագրվել:
-Ինքներդ նշեցիք, որ կան ստուգումներ, եթե ստուգումների արդյունքում ինչ-որ բան հստակեցվի, ապա դա պարտավոր են հրապարակային ներկայացնել հանրությանը:
-Բայց արդյո՞ք դա կարվի:
-Ասում եմ այն, ինչը պարտավոր են եւ թե՛ հասարակական կազմակերպությունները, թե՛ ԱԺ այն պատգամավորները, որոնք ընդգրկված չեն հանձնաժողովում եւ ցանկություն ունեն հետամուտ լինել, նրանք ուղղակի պարտավոր են այդ թափանցիկությունը ապահովել: Մեկը ես հետամուտ եմ լինելու այդ ամենին: Բայց պետք է նաեւ տարբերակել, որ կան փաստաթղթեր եւ դեպքեր, որոնք ուղղակի ցանկացած պահանջի դեպքում կանոնակարգված են, դա ոչ թե կամայական, այլ հստակ գրված է, թե որը ինչ գաղտնիության աստիճան է պարունակում: Ինքս կողմնակից եմ, որ ամեն ինչ հասանելի լինի՝ սկսած ազգային անվտանգությունից: Կարող եմ նշել, որ մինչեւ այս պահը նորանկախ Հայաստանի կյանքում երբեւիցե հստակ մեխանիզմներ չեն եղել, այդ թվում պատգամավորների համար, նույն ԱԱԾ-ին առնչվող փաստաթղթերի հետ կապված: Դա թիվ մեկ խնդիրն է ժողովրդավարության հաստատման հարցում, անհրաժեշտ է թափանցիկություն, քանի որ միայն այդ ճանապարհով է հնարավոր խուսափել կոռուպցիայից եւ այլ վատ դեպքերից:
-Փորձը ցույց է տվել, որ չնայած երկրի ղեկավարության բարձրագոչ հայտարարություններին` Հայաստանում իրականացված որեւէ ստուգման արդյունքում երբեւէ «մեծ ձկների գլխից» չեն բռնել, եւ նրանք չեն պատժվել:
-Շատ կարեւոր հարց եք բարձրացնում: Նշեմ, որ մեր հանձնաժողովի փակ նիստերի ժամանակ քննարկվել են այդ հարցերը, այդ թվում նաեւ՝ համապատասխան պաշտոնյաների ներկայությամբ ու հնարավորինս հանգամանալից: Ձեր հարցադրումները այսօրվա հրամայականն են դարձել, ոչ միայն բանակում, այլեւ բոլոր ոլորտներում: Այսօր մասնակի պատժում է տեղի ունենում, զուտ երբեմն ցուցադրական, իսկ դա նպաստում է գործը ծածկելուն, ոչ թե հանգամանալից լուծելուն: Այսօր մոդայիկ է դարձել կոռուպցիայի դեմ պայքարելուց խոսելը, սակայն այն, ինչ խոսում են ամբիոններից, թե ինչ մեխանիզմներ են առաջարկում, որեւիցե աղերս չունի կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու կամ պայքարի հետ: Հայաստանում մինչեւ այս պահը բոլոր ժամանակներում տեղի են ունեցել ընտրովի պատժումներ` երբեմն քաղաքական կոնյուկտուրայից ելնելով, իսկ երբեմն էլ մեծ աղմուկի պատճառով ստիպված լինելով: Եվ, վերաջապես, անհնար է, որ կոռումպացված իշխանությունը կարողանա կոռուպցիայի դեմ պայքարել: Այդպես չի լինում, դա բնության օրենքներին դեմ է:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է
Արդեն մի քանի օր է, ինչ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին բարձրաձայնում է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրեն խոշտանգումների են ենթարկել: Ավելին՝ վերջինս երեկ փաստաբաններին գրություն էր փոխանցել՝ պատմելով իր նկատմամբ կիրառված խոշտանգումների եւ բռնությունների մասին, թե ինչպես են իրեն փորձել թղթախաղի մեջ ներքաշել, ինչից հետո ծեծի են ենթարկել.«Ասում էին՝ էստեղ չպիտի մնաս, կրկնեցին մեկ, երկու, երեք անգամ առավել խիստ եւ արդեն կատաղի` զուգակցելով հայհոյանքներով, ծաղրուծանակներով, ձեռքի եւ ոտքի հարվածներով, հիմնականում ոտքով, քացով հարվածում էին ոտքիս ծնկից ներքեւ հատվածներին, ես պառկած էի մահճակալին, իրենք կանգնած էին, հարվածում էին կողքից: Հարվածների ցավից ես գոռում էի, եւ իրենք ասում էին, որ ձեն չհանեմ, ինձ խփողները 3-4-ն էին»: «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ հարցեր ուղղեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին:
-Տիկի՛ն Հովհաննիսյան, արդեն մի քանի օր է, ինչ Վարդգես Գասպարին բարձրաձայնում է, թե ինչ խոշտանգումների է ենթարկվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Ի՞նչ եք արել Դուք այս ուղղությամբ:
-«Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող Վարդգես Գասպարին մինչեւ 24.02.2016 թ-ի (նախօրեի) ժամը 16:00-ը որեւէ բողոք կամ դիմում չէր ներկայացրել քրեակատարողական հիմնարկի վարչակազմին՝ իր նկատմամբ խցակիցների կողմից կիրառված բռնության մասին: Փետրվարի 23-ին ներկայացված դիմումը հացադուլ եւ ջրադուլ հայտարարելու մասին է եղել՝ այլ խուց տեղափոխվելու պահանջով, ինչը բավարարվել էր, որից հետո նա դադարեցրել էր հացադուլն ու ջրադուլը: Վարդգես Գասպարիի պաշտպանների՝ նախօրեին արած հայտարարությունից հետո, իմ հանձնարարականով, ՀՀ ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության աշխատակիցներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող Վարդգես Գասպարիին, լսել նրան:
-Ի՞նչ պարզեցին Ձեր ներկայացուցիչները: Արդյո՞ք բռնություն է կիրառվել: Եթե այո, ապա պարզե՞լ եք, թե կոնկրետ ովքեր են նրան ծեծի ենթարկել, եւ ի՞նչ եք պատրաստվում անել:
-Հանդիպման ընթացքում նա հայտնել է, որ իր բողոքը վերաբերում է խցակիցներին, ՔԿՀ աշխատակիցների նկատմամբ որեւէ բողոք չունի: Ներկայում Վարդգես Գասպարիի բողոքի հիման վրա նյութեր են նախապատրաստվում ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկելու նպատակով:
-Լուրեր են շրջանառվում, որ ՔԿՀ ղեկավարներն են հրահանգել խցում գտնվող անձանց ծեծի ենթարկել Վարդգես Գասպարիին:
-Նման տեղեկություն չունեմ:
-Աժ 131 պատգամավորներից 32-ը Վարդես Գասպարիի խափանման միջոց կալանքը փոխելու համար ստորագրահավաք են սկսել: Ի՞նչ եք պատրաստվում անել որպես արդարադատության նախարար:
-Արդարադատության նախարարությունը, լինելով գործադիր իշխանության կառուցվածքում, դատական իշխանության գործերին միջամտելու իրավասություն չունի. դա քրեորեն հետապնդելի է:
Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Վարդգես Գասպարիի հարցով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն եւ Գեւորգ Կոստանյանի հրահանգով գործն ուղարկվել էր ՀՔԾ, որտեղ էլ նյութեր են նախապատրաստվում:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԿԱՊԻԿԻ ՏԱՐՎԱՆ ՀԱՄԱՀՈՒՆՉ
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամներ Անդրիաս Ղուկասյանը, Վարուժան Ավետիսյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը երեկ Ազատության հրապարակում հրավիրած մամուլի ասուլիսում, անդրադառնալով քաղբանտարկյալների խոշտանգումներին, ասել են, որ նման բռնությունները կիրառվում են մարտին սպասվող քաղաքական ակտիվությունից առաջ ցուցարարներին ճնշելու եւ վախեցնելու նպատակով: Անդրիաս Ղուկասյանի խոսքով` այն ուժերը, որոնք քարոզում են, որ պետք է գնալ 2017 թվականի ընտրություններին, կա՛մ խաղում են Սերժ Սարգսյանի խաղը, կա՛մ էլ քաղաքական այբուբենը չգիտեն: Անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանն էլ` բանախոսները նկատել են, որ այս տարին կապիկի տարի է, եւ ՀՀԿ-ՀՀԴ քաղաքական ուժերը լիովին տեղավորվում են այդ համատեքստում:

 

 

ԼԿՏԻՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԿԵՏ
Փաստաբան Տիգրան Հայրապետյանը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը Գեւորգ Սաֆարյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ նախօրեին շուրջ վեց ժամ տեւած նիստի արդյունքում Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՔԾ միջնորդությունը` կալանքը եւս մեկ ամսով երկարաձգելու մասին: Սաֆարյանի պաշտպանի խոսքով` ներպետական ատյանները սպառելով` իրենք պատրաստվում են դիմել ՄԻԵԴ: Տ. Հայրապետյանի ներկայացմամբ` դատարանը նշել է. «Վճռաբեկ դատարանը իրեն թույլ է տալիս, որ ինքը ընդհանրապես չպատճառաբանի դատական ակտը: Սա արդեն գագաթնակետն է, որ դատարանները հրաժարվում են արդարադատություն իրականացնելուց. հղում են կատարում Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների վրա: Սա արդեն, ներողություն եմ խնդրում, լկտիության գագաթնակետն է»:




Լրահոս