ՀԱՐԿ ՉԻ ԳԱՆՁՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ կառավարությունը հաստատեց որոշման նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում՝ ԵՏՄ-ից ֆիզիկական անձանց կողմից ներկրվող ավտոմեքենաների համար ավելացված արժեքի հարկը չգանձել: Նախագիծը ներկայացրեց ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ խնդրելով նախագիծն անհետաձգելի ճանաչել եւ 2 օր ժամանակ տրամադրել վերջնական մշակման համար: Վարչապետ Հ. Աբրահամյանը նշեց, որ քաղաքացին տարին մեկ մեքենա կարող է ներկրել իր օգտագործման համար: Oրենքով հարկից ազատումը պիտի լիներ 2017թ. հունվարի 1-ից, բայց կառավարությունը կրճատում է այդ ժամկետը:

 

 

«ՔՐԴԱԿԱՆ ԳԱՐՈՒՆ» ԱՆԿԱՐԱՅՈՒՄ
Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդներից Դուրան Քալքանը հայտարարել է, որ արդեն մարտին Թուրքիային կարող է «քրդական գարուն» սպառնալ, եթե Անկարան չդադարեցնի Սիրիայում ՔԱԿ դիրքերի ուղղությամբ հարվածները. «Մարտ ամիսը հակամարտության ամիս կլինի: Այս գարունը կլինի «քրդական գարուն»: Մենք չենք կարող այլեւս զսպել Անկարայի ագրեսիան: Քուրդ երիտասարդները նոր կազմակերպություններ են ստեղծում, որոնք բավականին ծայրահեղական կլինեն»:

 

 

 

 

ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ 4 ՔԱՅԼԵՐԸ (Armtimes.com)

ՀՀ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ներկայացրեց իր կողմից նախարարի պաշտոնում առաջիկայում իրականացվելիք առաջնային չորս քայլերը:

«Դուք գիտեք, որ Քաղաքական համաձայնագրում հստակ ամրագրված են տնտեսական քաղաքականության նոր ուղղությունները եւ այն անելիքները, որոնք բխում են սահմանադրական փոփոխություններից: Դրանք շուկայական, սոցիալական տնտեսակարգի հաստատումն է երկրում: Դա նշանակում է տնտեսական քաղաքականության հաստատված ծրագրի շարունակում, այլեւ նոր ծրագրերի եւ տնտեսության կառուցվածքային հիմնարար բարեփոխումների փաթեթի մշակում եւ ներկայացում:
Հետեւաբար, առաջին անելիքն այդպիսի ռազմավարական փաստաթղթի ստեղծումն է, երկրորդը՝ նախարարության հստակեցումն է եւ դրան համարժեք պատասխանատվության ամբողջական կիրառումը, երրորդը՝ տնտեսվարող սուբյեկտների մոտ այցելությունները եւ հիմնախնդիրների բացահայտելն ու լուծումներ առաջարկելը»,- ասաց Արծվիկ Մինասյանը, իսկ դաշնակցական նախարարի չորրորդ անելիքը վերաբերում է ներդրումային քաղաքականությունում նոր մոտեցումների մշակմանը:
«Այդ թվում թե խոշորածավալ ծրագրերի մշակմանը եւ ներդրողներին հանդիպելու գործընթաց սկսելուն, նաեւ մի շարք ուղղություններով արդեն իսկ Հայաստանում կատարված ներդումների մասով փորձառության ուսումնասիրությունը եւ խոչընդոտների վերացման հետ կապված առաջարկների իրականացումը»,- ասաց ՀՅԴ-ական նախարարը:
Անդրադառնալով կենսաթոշակային կուտակային համակարգի վերաբերյալ նախկինում իր կողմից արտահայտած բացասական վերաբերմունքին՝ Արծվիկ Մինասյանը նշեց, որ իր դիրքորոշումը չի փոխվել այդ հարցում, քանի որ այն նաեւ ՀՅԴ-ի դիրքորոշումն է:
Հարցին՝ ինչպե՞ս է պատրաստվում պայքարել մենաշնորհների դեմ, նախարարը պատասխանեց. «Մոնոպոլյաների վերացումը նոր Սահմանադրությամբ ամրագրված հակամենաշնորհային քաղաքականության պահանջն է, այդ մոտեցումն ամրագրված է նաեւ ՀՀԿ-ՀՅԴ Քաղաքական համաձայնագրում»:




Լրահոս