ԽՆԴԻՐՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեփանավանում գործում է մեկ բժշկական կենտրոն՝ «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն՝ երկու մասնաշենքով՝ պոլիկլինիկական եւ հիվանդանոցային: Ստեփանավան քաղաքի եւ հարակից գյուղական համայնքների բնակչությանը սպասարկող կենտրոնի երկու մասնաշենքում էլ առկա են բազմաթիվ խնդիրներ: Պոլիկլինիկական մասնաշենքում պահանջվում է տանիքի կապիտալ նորոգում, ջրամատակարարման ցանցի բարելավում, պատերի կոսմետիկ նորոգում: Հիվանդանոցային մասնաշենքում այս խնդիրներին ավելանում են նաեւ սանիտարահիգիենիկ պայմաններն ու սանհանգույցների անմխիթար վիճակը, որոնցից բողոքում է հիվանդանոց այցելած յուրաքանչյուր հիվանդ: Այստեղ նաեւ լուրջ խնդիր կա՝ կապված բուժաշխատողների վերապատրաստման եւ համակարգը նոր, երիտասարդ կադրերով համալրելու հետ: Այժմ Ստեփանավանի ԲԿ-ն ունի 184 բուժաշխատող, որից 47-ը բժիշկներ են: Բուժսպասարկման նյութատեխնիկական բազան եւս նոր, ժամանակակից բուժսարքավորումներով համալրման կարիք ունի:
Բուժաշխատողների օրվա առթիվ Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում, շնորհավորելով առողջապահության ոլորտի աշխատակիցներին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը խոսեց ոլորտում ունեցած ձեռքբերումների մասին՝ հավելելով, որ դեռ շատ անելիքներ ունեն բուժաշխատողների ծառայություններն ավելի կատարելագործելու ուղղությամբ:
Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, գնահատելով ոլորտի կարեւորությունը, 2013-2016թթ. քառամյա ծրագրում նախատեսում է այս խնդրի կապակցությամբ դիմել ՀՀ առողջապահության նախարարությանը, ինչպես նաեւ ամրապնդել կապերը գերմանական «Կարմիր խաչ» ընկերության հետ, որի կողմից երկրաշարժից հետո կառուցվել է Ստեփանավանի հիվանդանոցը: Նա նաեւ պատրաստվում է դիմել պոլիկլինիկական եւ հիվանդանոցային մասնաշենքերի պայմանների վերանորոգման եւ բուժսպասարկման նյութատեխնիկական բազան ժամանակակից սարքավորումներով համալրելու խնդրանքով:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի




Լրահոս