ԱՄՆ-ում նախագահական ընտրապայքարն ավելի կատաղի է դառնում: Մարտի 1-ին այստեղ կայացավ «սուպեր երեքշաբթին», որը ներկուսակցական պայքարի ամենակարեւոր հանգրվաններից է: Ավելի քան 12 նահանգում տեղի ունեցան քվեարկություններ թե՛ դեմոկրատների, թե՛ հանրապետականների ճամաբարներում: Եթե Դեմոկրատական կուսակցությունում Հիլարի Քլինթոնը, կարելի է ասել, անշրջելի դարձրեց միասնական թեկնածու դառնալու հեռանկարը, ապա հանրապետականների շարքերը էլ ավելի թշնամացան Թրամփի լրջագույն հաջողություններից հետո:
«Սուպեր երեքշաբթիի» արդյունքներով` դեմոկրատների մոտ հաջողակ գտնվեց Քլինթոնը` հաղթելով 7 նահանգներում եւ ստանալով 453 լիազորներ, մինչդեռ Սանդերսը տիրացավ միայն 4 նահանգների ձայներին` 284 լիազորներով: Այդպիսով` Հիլարի Քլինթոնն արդեն տիրապետում է թվով 1001 լիազորների, ինչը խիստ մեծանշանակ է` համեմատած Սանդերսի ունեցած 371-ի:
Հարկ է հավելել, որ նախորդ շաբաթ օրը կայացած Հվ. Կառոլինայի քվեարկության ժամանակ Քլինթոնը հաղթել էր 74/26 հարաբերակցությամբ, ինչը գերկարեւոր «ֆորա» ապահովեց նրա համար «սուպեր երեքշաբթիի» քվեարկություններին ընդառաջ: Իսկ հանրապետականների մոտ մեծ հաղթողը կրկին Դոնալդ Թրամփն է` 7 նահանգներում տարած հաղթանակով եւ ընդհանուր առմամբ 315 լիազորների ձայներին տիրանալով: Նրա մրցակիցներից Թեքսասի սենատոր Քրուզը հաղթեց 3 նահանգներում (205 լիազորներ), իսկ Ֆլորիդայի սենատոր Ռուբիոն` մեկում (106 լիազորներ): Հանրապետականների մոտ արդեն ակհնայտ է, որ Թրամփին կանգնեցնել չի լինելու առնվազն նահանգներում անցկացվող քվեարկություններում, ուստի կուսակցական պահպանողականների հույսը մնում է հուլիսին կայանալիք Կլիվլենդի համաժողովում ձայների մեծամասնության ապահովումը մյուսների հաշվին:
Իր հերթին Թրամփը համաժողովի քվեարկության հույսին չմնալու համար պետք է կարողանա ձեռք բերել եւս 1000 լիազորներ մնացած 36 նահանգներում, որտեղ եւս նախնական հարցումներով նա վայելում է քվեարկողների առնվազն 30-40 տոկոսի աջակցությունը: Վերլուծաբանները հակված են կարծելու, որ «սուպեր երեքշաբթիից» Թրամփը ստացավ իր համար առավելագույնը` ծանր փաստի առաջ կանգնեցնելով հանրապետականներին: Պատահական չէ, որ հենց երեքշաբթի օրը նուրբ, սակայն դիվանագիտական ձեւակերպումներով Թրամփի դեմ հանդես եկավ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Պոլ Ռայանը` շեշտելով, որ Աբրահամ Լինքոլնի կուսակցության միասնական թեկնածուն չի կարող լինել մոլեռանդ եւ մարդկանց բնական վախերի վրա միավորներ հավաքող գործիչը:
Հարկ է նկատել, որ երեքշաբթիի արդյունքները գերազանցապես պայմանավորված էին նախորդ շաբաթվա բուռն իրադարձություններով: Հատկանշական է Թեքսասում կայացած հանրապետականների մեծ բանավեճը, որտեղ քննադատության հիմնական թիրախը գործարար Թրամփն էր: Վերջինս առաջատար լինելով գրեթե բոլոր հարցումներով` վերջապես հարուցեց երկրորդ եւ երրորդ տեղերում ընթացող Թեդ Քրուզի եւ Մարկո Ռուբիոյի զայրույթը: Ջեբ Բուշի` ընտրապայքարը լքելուց հետո հավանական էր, որ առաջացած բացը լրացվելու է, ուստի Թրամփին ջախջախելու գործը ստանձնեց կուսակցական բոսերի վերջին հույսը համարվող Ֆլորիդայի սենատոր Ռուբիոն:
Բանավեճի ընթացքում Ռուբիոն քանիցս թեժ մարտերի մեջ ներքաշվեց Թրամփի հետ` նրան մեղադրելով սին կոչեր անելու եւ հրատապություն պահանջող լուծումների որեւէ մեխանիզմ չառաջարկելու մեջ: Ռուբիոյի եւ Թրամփի թշնամությունը սաստկացավ անմիջապես բանավեճի հաջորդ օրը, երբ ավելի վաղ ընտրապայքարը լքած Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիսթին հրապարակավ իր աջակցությունը հայտնեց Թրամփին:
Քրիսթիի քայլը հանրապետական պահպանողականների մոտ իրական բարկություն էր առաջացրել այն աստիճան, որ նույնիսկ նահանգապետի նախընտրական պայքարի ֆինանսական համանախագահ Մեգ Ուիթմանն էլ դատապարտեց նահանգապետին: Հատկանշական է, որ Քրիսթին այս վճռորոշ պահին, երբ Մարկո Ռուբիոն ձգտում է իր շուրջը համախմբել պահպանողականներին, նախընտրեց օժանդակել միլիարդատեր գործարարին` սառը ցնցուղ լցնելով նաեւ անակնկալի եկած կուսակցական «բոսերի» ծրագրերի վրա: Այս միջադեպն էլ ավելի սաստկացրեց Ռուբիո-Թրամփ թշնամությունը` այն տեղափոխելով անձնական դաշտ:
Թրամփը իր հանդիպումներից մեկում բացեիբաց ծաղրում էր Ռուբիոյին` թիրախավորելով թեկնածուի ականջները, քրտնելն ու ջուր խմելը: Նա չխորշեց անգամ հայտարարել, թե Ռուբիոն ստախոս է: Իսկ, ահա, Ֆլորիդայի սենատորն էլ հատեց Ռուբիկոնը` Թրամփին մեղադրելով նորմայից ավելի գեր լինելու եւ անգլերեն ճիշտ ուղղագրությամբ գրելու անկարողության մեջ: Նկատի առնելով գործարարությամբ զբաղվելու շրջանում Թրամփի հետ տեղի ունեցած մի շարք դեպքերը` Ռուբիոն զարմանքով հարցնում էր. «Ինչպես է հնարավոր սնանկ դարձնել խաղատունը»:
Ի տարբերություն ԱՄՆ-ի` Հայաստանում թեկնածուները միմյանց մասին համեմատաբար ավելի կոռեկտ են արտահայտվում: Օրինակ՝ 2013թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը ջանք չէր խնայում իր մրցակիցներին գովաբանելու համար, իսկ ահա նրա հիմնական մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանն անընդհատ «մեծարգո, հերոս» եւ նմանօրինակ այլ ձեւակերպումներով էր դիմում Սարգսյանին:
Ըստ էության, մեզ մոտ, հաշվի առնելով, թե ինչքան լարված է ներքաղաքական մթնոլորտը, առավել եւս երբ խեղաթյուրվում է ժողովրդի իրական կամարտահայտությունը, նման գովաբանությունները իսկապես ձեւական են թվում: Այս առումով ամերիկյան միջավայրը ավելի անկաշկանդ է, եւ միմյանց մինչեւ վերջին խոսքը վիրավորելով ու ծաղրելով հանդերձ` թեկնածուները գործում են ազատ` այդպիսով թոթափելով ներքուստ կուտակվող եւ ամեն րոպե ժայթքելու վտանգ հարուցող նախընտրական լարվածությունը: Թերեւս նման ձեւականություններից ու կեղծիքից հրաժարվելն էլ հարթակ է ստեղծում արդար ընտրությունների ու դրանց հանդեպ համընդհանուր վստահության համար:
Ն. Հովսեփյան