ՆԻՍՏ ԱՄԵՆ ԻՆՉԻ ԵՎ ՈՉՆՉԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ ԳՄ նիստը, չնայած բոլոր սպասելիքներին, երեկ անցել է բավական միապաղաղ մթնոլորտում: Ինչպես միշտ, երբ գալիս է կտրուկ որոշումներ կայացնելու պահը, Սերժ Սարգսյանը դավաճանում է ինքն իրեն՝ տեր չկանգնելով անգամ իր խոսքերին:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը հրավիրած խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, թե ՀՀԿ-ում անդրադառնալու են խորհրդարանում Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության ժամանակ քաղաքական մեծամասնության պահվածքին, երբ անգամ ՀՀԿ-ականներն էին մտել արմատական ընդդիմադիրի կերպարի մեջ ու քննադատում գանձագողերին: «Մենք դա կքննարկենք մեր կուսակցությունում, որովհետեւ դա զուտ կուսակցական խնդիր է: Հետո կպայմանավորվենք, թե այսպիսի դեպքերում ինչպես կվարվենք»,-հայտարարել էր նա:
ՀՀԿ նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե կուսակցությունում այդ հարցով քննարկումներ եղել են, բայց չբացահայտեց բովանդակությունը՝ պատճառաբանելով, թե դա ներկուսակցական խնդիր է: «Լուրջ, բովանդակային քննարկում է  եղել քաղաքական մեծամասնության գործունեության վերաբերյալ, եւ եկել են ընդհանուր եզրակացության,-ասաց նա՝ հավելելով,-ամեն ինչ մեր համար պարզ էր»: ՀՀԿ նիստի քննարկումների բովանդակությունը երեկ չբացահայտեց նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ ասելով, որ եղել են քննարկումներ, եւ տրվել են որոշակի հանձնարարականներ: Լրագրողներից մեկի հարցին, թե Ս.Սարգսյանը Ձեզ նկատողություն արել է ընդդիմադիր ելույթի համար, Աբրահամյանը բացասական պատասխան տվեց: Հարցին, թե հնարավոր է արդյոք ՀՀԿ նիստում որոշում են կայացրել քննադատական ելույթներով այլեւս հանդես չգալու մասին, Աբրահամյանը բացասական պատասխան տվեց. «Մենք քննադատելու ենք յուրաքանչյուր թերություն եւ դա մեր սուրբ պարտականությունն է, բայց քննադատությունը պետք է լինի հիմնավոր: Ես ԱԺ-ում իմ ելույթում էլ ասել եմ, որ ՎՊ-ն պարտավոր է հիմնավոր ներկայացնել, եթե կան թերություններ, խախտումներ»: Աբրահամյանը տեղեկացրեց, որ ՀՀԿ նիստից հետո պաշտոնյաների «գլուխներ չեն թռչելու», ասել է թե՝ պաշտոնանկություններ չեն լինի:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները եւս պնդում են, որ ՀՀԿ ԳՄ նիստն անցել է բավական հանգիստ: Եվ Սերժ Սարգսյանը, որն իր հրավիրած խորհրդակցության ժամանակ խոստանում էր կուսակցությունում առանձին քննարկել ՎՊ հաշվետվության վերաբերյալ իշխող մեծամասնության պահվածքը, երեկ բավական հանգիստ է եղել: Նա ընդամենը ՀՀԿ-ականներին ասել է, որ խոսելիս հարկավոր է ասածին հաշիվ տալ ու ավելորդ արտահայտություններ չանել: «Մի՛ ընկեք պահի ազդեցության տակ: Ընկաք, տեսաք՝ ինչ եղավ»: Մեր աղբյուրների պնդմամբ՝ նա նաեւ հայտարարել է, թե լավ կլիներ, որպեսզի ՀՀԿ-ականները հետեւեին իր խոսքերին ու հետագայում իրենց ելույթները կազմեին հենց իր ասածների շրջանակներում. «Լավ կլինի, որ ընդհանուր կարծիք ձեւավորվի»:
Այսպիսով՝ կարելի է արձանագրել, որ Սերժ Սարգսյանը մի բան է հայտարարում, մեկ այլ բան անում. չնայած նախագահականում խորհրդակցության ժամանակ նրա բորբոքված, սուր ելույթին ու ՀՀԿ-ականների վարքագիծը քննարկելու մասին սպառնալիքներին, երբ հասել է կոնկրետ որոշում կայացնելու պահը, վերջինս կրկին նահանջել է: Սա, թերեւս, հասկանալի է. առանց այն էլ իշխանության ներսում դրությունը բավական վատ է, եւ նման իրավիճակում Ս.Սարգսյանը չի գնա կտրուկ քայլերի, որպեսզի չխարխլի իր թիմի կայունությունը:
Ի դեպ, ՀՀԿ նիստում կայացված միակ որոշումը, որի մասին հայտարարվեց, ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետ նշանակելու հարցն է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հակոբյանն առավոտյան նախագահականում հանդիպել է Ս.Սարգսյանի հետ, որի ժամանակ էլ նա պատգամավորին տեղեկացրել է իր որոշման մասին: Թե ով է թիվ 38 ընտրատարածքում փոխարինելու նրան, առայժմ չի որոշվել:
Հ.Գ. Ի դեպ, Հովիկ Աբրահամյանը երեկ հայտարարել է, թե Ս.Սարգսյանը առաջարկել է փոփոխություններ մտցնել «Վերահսկիչ պալատի մասին» օրենքում, հստակեցնել գործառույթները, լիազորությունները, հանձնարարություն է տրվել ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի այդ հարցով։ «Ժողովուրդ»-ի ունեցած տեղեկություններով՝ ամբողջովին փոխվելու են ՎՊ գործառույթները, անգամ՝ անունը: Եվ իշխանությունները դա ցանկանում են հստակեցնել մինչեւ սեպտեմբեր, որպեսզի ԱԺ նստաշրջանում արդեն նախագիծը պատրաստ լինի:

 ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս