ՇԻՆԱՐԱՐՆԵՐՆ ԱՆԳՈՐԾ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայումս Տավուշի մարզի ճանապարհաշինական ընկերությունները՝ «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն, Նոյեմբերյանի «Լեւոն Երկրորդ» ՍՊԸ-ն եւ Բերդի «Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ-ն փաստացի անգործության են մատնված: Այդ կազմակերպություններն այժմ ներգրավված չեն ճանապարհաշինական որեւէ ծրագրում, միայն իրականացնում են տվյալ տարածաշրջանում ճանապարհների ընթացիկ պահպանման աշխատանքներ՝ որոշ տեղերում փոսային նորոգումներ կատարելով: Դա խիստ ազդել է այդ ընկերությունների ֆինանսական վիճակի վրա, ճանապարհաշինական կազմակերպությունները դժվարությամբ են կատարում իրենց հարկային պարտավորությունները: Արդյունքում տեղի է ունենում որակյալ աշխատուժի արտագաղթ դեպի Ռուսաստան: Օրինակ՝ Նոյեմբերյանի «Լեւոն Երկրորդ» ՍՊԸ  աշխատակից, ձմռանը սառած ճանապարհներին քիմիական աղ սփռող մեքենայի վարորդ Վահան Ամիրաղյանը դեռեւս մայիսին է հերթագրվել Սիբիրում «Հայրենակիցներ» ծրագրով վերաբնակվելու համար, այդ նպատակով նրա հետ հարցազրույց կանցկացվի սեպտեմբերին: «Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ տնօրեն Գագիկ Ադամյանն ասաց, որ իրենց կազմակերպությունն ունի տեխնիկական եւ մասնագիտական բոլոր ռեսուրսները ճանապարհաշինական ծրագրերին մասնակցելու եւ հաղթելու համար, կազմակերպությունը մասնակցել է Բերդի տարածաշրջանում անցկացված ճանապարհաշինական մրցույթներին, սակայն հաղթող չի ճանաչվել: Նշենք, որ հաղթող կազմակերպությունները «դրսից են», իսկ դրանց տերերի  մասին ոչ միանշանակ տեղեկատվություն կա:
2012թ. հունիսի 27-ին ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը Տավուշի մարզ այցելության ընթացքում ծանոթացել էր Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի» շրջանակում իրականացվող Չինարի-Այգեձոր-Արծվաբերդ-Վերին Կարմիրաղբյուր-Բերդ-Նավուր-Իծաքար ավտոճանապարհի վերանորոգման ընթացքին: ՏԿՆ ինտերնետային կայքը տեղեկացնում է. «Փոխվարչապետին զեկուցվեց, որ աշխատանքները կատարվում են ըստ ժամանակացույցի, ավարտը նախատեսվում է աշնանը: Կվերանորոգվի ընդհանուր 43 կմ երկարությամբ ճանապարհ, որը նշված գյուղերը կկապի տարածաշրջանային կենտրոնի՝ Բերդի հետ»:
Անցել է 1 տարի, սակայն ճանապարհը շահագործման չի հանձնվել: Արծվաբերդ գյուղի տարածքում փռված ասֆալտը շարքից դուրս է եկել, եւ ներկայումս մի քանի կիլոմետր հատվածում նորից են կատարվում ասֆալտապատման աշխատանքներ: Այդ գործը իրականացնում  է  «ԱԱԲ պրոյեկտ» ՍՊԸ-ն, որի փոխտնօրեն Բաբկեն Ավետիսյանն ասաց, թե սկզբնական պայմանագրով ճանապարհը պետք է շահագործման հանձնվեր 2012թ. աշնանը, սակայն եղանակային պայմանները խանգարել են ծրագիրը ժամանակին ավարտելուն: Ասֆալտի ծածկույթի քանդվելու մասին «Ժողովուրդ»-ի հարցի վերաբերյալ ասաց, որ ճանապարհներին երթեւեկում են գերբեռնված բեռնատար մեքենաներ, իսկ ասֆալտի ծածկը նախատեսված չէ նման ճնշման համար: Մեր տեղեկություններով՝ «ԱԱԲ պրոյեկտ» ՍՊԸ  իրական տերն ԱԺ պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանն է: Այս մասին մեր ճշտող հարցից Բ. Ավետիսյանը զարմացավ՝ ասելով, թե ինքը Վ. Բադալյանին  չի ճանաչում: Նա հայտնեց, որ «ԱԱԲ պրոյեկտ» ընկերության տնօրենը Արմեն Գագիկի Բադալյանն է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս