ՀՅԴ-ն դատապարտում է ուղեվարձի թանկացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը դատապարտում է հանրային տրանսպորտի սակագները չհիմնավորված, 50 տոկոսով բարձրացնելու ` իշխանությունների որոշումը : Այդ քայլը քաղաքական, տնտեսական, սոցիալական և իրավական տեսանկյունից անընդունելի է: Իշխանությունները նախընտրական շրջանում վստահեցնում էին, թե գների կտրուկ բարձրացում տեղի չի ունենալու, խոստանում էին իրական կենսամակարդակի աճ: Սակայն հետընտրական փուլում գազի, էլեկտրաէներգիայի, այլ հիմնական ապրանքատեսակների ու ծառայությունների գների աճին հաջորդեց հանրային տրանսպորտի սակագների բարձրացումը : 
Նրանք հերթական անգամ մոլորեցրել են հանրությանը ` առաջացնելով անապահովության, անպաշտպանվածության զգացողություն, ապագայի հանդեպ անվստահություն: Անտրամաբանական է պաշտոնատար անձանց բացատրությունը, թե գազի և էլեկտրական էներգիայի սակագների աճը կապ չունի հանրային տրանսպորտի թանկացման հետ: Եթե այդ պնդումը ճիշտ է, ուրեմն իշխանությունը վարում է մի խումբ անձանց շահերը հանրության շահերից գերադասելու քաղաքականություն: Եթե պնդումը ճիշտ չէ, ապա իշխանությունը ևս մեկ անգամ խաբում էր հանրությանն ու մասնագիտական շրջանակներին ` նշելով, որ գազի և էլեկտրաէներգիայի գների բարձրացումը երկրում բերելու է ընդամենը մինչև 2.7 տոկոս գնաճի: Երկու դեպքում էլ քաղաքական իշխանությունը գործում է ի վնաս հասարակության: Սոցիալական և տնտեսական տեսանկյունից քաղաքական իշխանության քայլը հակասում է միջազգային փորձի տարրական կանոններին, երբ գնային քաղաքականության լավագույն գործիք է մրցակցությունը: 
Մինչդեռ հանրային տրանսպորտի, օրինակ ` երթուղային տաքսիների ոլորտում, ձևավորվել է քաղաքական և տնտեսական ոլորտները զուգակցող ` ազդեցիկ անձանց մենաշնորհ: Բացի այդ, միջազգային փորձը վկայում է, որ գների մակարդակի օբյեկտիվ բարձրացմանը նախորդում կամ անմիջապես հաջորդում է հանրության եկամուտների ավելի բարձր աճը : Հայաստանում այդպիսի բան տեղի չի ունեցել: Միջազգային լավագույն փորձի օրինակ է նաև բազմասակագնային պլանների, զեղչային համակարգերի, տրանսպորտային երթևեկության կորպորատիվ փաթեթների, միասնական փոխադրական փաստաթղթերի և այլ միջոցների գործադրումը, ինչն առողջացնում է հանրային տրանսպորտի ֆինանսական համակարգը, մեծացնում է հանրային վերահսկողությունը , ավելացնում է ուղևորահոսքը, հանգեցնում ուղեվարձերի նվազեցմանն ու մատչելիությանը: 
Առայդ` ՀՅԴ Գերագույն մարմինը
ա. Դատապարտում է Հայաստանի իշխանությունների նման անհեռատես քաղաքականությունը,
բ.  Պահանջում է կասեցնել հանրային տրանսպորտի սակագների բարձրացման որոշումը եւ որեւէ բարձրացում իրականացնել սակագնի ձեւավորման թափանցիկ մեխանիզմով, բնակչության եկամուտների աճին համապատասխան,
գ. Առաջարկում է ստեղծել հանրային-մասնագիտական խումբ` մշակելու եւ ներդնելու  բազմասակագնային պլանների, զեղչերի, տրանսպորտային երթեւեկության կորպորատիվ փաթեթների իրավական-միասնական համակարգ,
դ. Ողջունում եւ իր աջակցությունն է հայտնում այն քաղաքացիական խմբերին եւ երիտասարդներին, ովքեր ընդվզում են այս խայտառակ որոշման դեմ եւ ակտիվ կեցվածքով պաշտպանում են իրենց եւ հանրությանիրավունքներըե,- ասվում է հայտարարության մեջ:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին




Լրահոս