ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԸ ՔԵՐՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԿԱՇԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այն տեսակետը, թե հայ օլիգարխներն իրականում իշխանության զոհերն են, միգուցե շատերին անհավատալի թվա: Սակայն դա իրականություն է, քանի որ այսօր Հայաստանում նույն օլիգարխներն ավելի մեծ գումարներ են վճարում իշխանությունների “սեւ դրամարկղ”, քան պետական բյուջե: Ընդ որում, այսօր արդեն “սեւ դրամարկղը” գնալով նորանոր ձեւեր է ստանում, նույնիսկ մասամբ “օրինականացվել” է:
Խոսքը տվյալ դեպքում իշխանություններին կից զանազան բարեգործական հիմնադրամների մասին է, որոնց միջոցները գոյանում են նույն օլիգարխների կատարած “նվիրատվություններից”: Ինչպես պնդում են “Ժողովուրդ”-ի աղբյուրները, այդ նվիրատվությունները միշտ չէ, որ կրում են կամավոր բնույթ, այլ իշխանության ներսում հստակ քվոտավորված է, թե որ օլիգարխը որ հիմնադրամին որքան գումար պետք է վճարի: Ընդ որում, այդ քվոտաները ,վավերացվում ենե անձամբ Սերժ Սարգսյանի կողմից:
Եվ այսպես, “Լույս” մշակութային, գիտական, կրթական հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն անձամբ Սերժ Սարգսյանն է, իսկ վարչապետ Տ. Սարգսյանն էլ հոգաբարձուների խորհրդի անդամներից է, նախորդ տարի ստացել է 1 միլիարդ 920 միլիոնից ավելի գումար: Եվ գիտե՞ք, թե ովքեր են այդքան շռայլ եղել “Լույս” հիմնադրամի հանդեպ՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող “Ալեքս-Գրիգ” ՍՊԸ-ն, “Հայաստանի էլեկտրացանցեր” ՓԲԸ-ն, “Արդշինինվետսբանկ”  ՓԲԸ-ն ու “Ղ Տելեկոմ” ՓԲԸ-ն: Թե նրանցից յուրաքանչյուրը որքան գումար է նվիրաբերել հիմնադրամին, վերջինիս հաշվետվության մեջ նշված չէ:
Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին պատկանող “Փյունիկ” բարեգործական հիմնադրամին նվիրատվություն իրականացրած անձանց թիվը ավելի շատ է, եւ տպավորւթյուն է, թե այս հիմնադրամը պետական ռեկետով է զբաղված: Այդ հիմնադրամին վճարել են Հայաստանում գործող բոլոր ազդեցիկ կազմակերպությունները՝  “Հայռուսգազարդ”, “Ղ-Տելեկոմ”, “Հայաստանի էլեկտրացանցներ”, “Գյումրիի քաղաքապետարան”, որի ԲՀԿ-ական ղեկավար Սամվել Բալասանյանին ՀՀԿ-ն սատարում էր ՏԻՄ ընտրություններում,”Երեւանի Գարեջուր” ՓԲԸ, որի սեփականատերը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանն է, “Զանգեզուր” պղնձամոլիբդենային կոմբինատ, որը պատկանում է Սյունիքի ՀՀԿ-ական մարզպետ Վահե Հակոբյանի ընտանիքին, “Մաքս կոնցեռն”, որը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Խաչիկ Մանուկյանին, “Յունիգրաֆ-իքս” ՍՊԸ, որի սեփականատերը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Սադոյանն է, “Արփա-Սեւան” ԲԲԸ, որի սեփականատերը ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանն է, “Եվրոստան Ույուտ”, որի սեփականատերը ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանն է, “Ավշար գինու գործարանե, որի սեփականատերը ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանն է, “Արարատ բանկ”, որը պատկանում է հայտնի “Ֆլեշ Բարսեղին”՝ Բարսեղ Բեգլարյանին (Սերժ Սարգսյանի քավորին): Բացի այդ, Սերժ Սարգսյանի եղբոր հիմնադրամին նվիրատվություն են իրականացրել “Արդշինինվեստբանկը”, “Ագբա-կրեդիտ-Ագրիկոլ բանկը”, “Կոնվերս բանկը”, ինչպես նաեւ այլ կազմակերպություններ ու անհատներ:
“Նորավանք” հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է վարչապետ Տիգրան Սարգսյանը, նվիրատվություններ է ստացել “Հայռուսգազարդից”, “Արցախբանկից”, ինչպես նաեւ՝ կառավարության աշխատակազմից:”Քաջարան” բարեգործական հիմնադրամին էլ նվիրատվություն են իրականացրել կրկին “Զանգեզուրի” պղնձամոլիբդենային կոմբինատը, որի անունը տեսանք “Փյունիկ” հիմնադրամի նվիրատուների ցանկում: Բացի այդ, այնտեղ վճարել են “Մաքուր երկաթի գործարան” ԲԲԸ-ն,”Արմենիան մոլիբդեն փրոդաքշոն” եւ այլ կազմակերպություններ: 
Երեւանի քաղաքապետարանի հիմնած “Երեւան” հիմնադրամի ֆինանսական միջոցների մի մասը գոյացել է քաղաքապետարանանի բյուջեից, մյուս մասը՝ կրկին գործարարների նվիրատվություններից: Ընդ որում, “Երեւան” հիմնադրամի միջոցները պահվում են նույնքան գաղտնի, որքան պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները: 
Ըստ էության, ՀՀԿ երիտմիության կրկնօրինակ հանդիսացող “Հայաստանի երիտասարդական հիմնադրամ”-ի միջոցները եւս գոյացել են տարբեր օլիգրախների պատկանող ընկերությունների արած “նվիրատվություններից”: Ի դեպ, Արմավիրի մարզի գյուղերում այս տարվա սկզբին տեղի ունեցած կարկտահարությունից տուժածներին օգնելու համար եւս բացվել էր հիմնադրամ, եւ կրկին բոլոր օլիգարխներին հանձնարարել էին, ըստ քվոտաների, նվիրատվություն կատարել: Ընդ որում, հանձնարարականն իջեցվել էր անձամբ Սերժ Սարգսյանի անունից:
Ինչեւէ, այս ցանկը դեռ երկար կարելի է շարունակել: Սակայն նշվածն էլ բավական է պատկեր կազմելու, թե ինչ վիճակ է տիրում երկրում: Ընդ որում, ներկայացվածը ընդամենը նվիրատվությունների տեսքով արված վճարներն են: Թե, բացի այս ամենից, ուրիշ ինչ գումարներ են վճարում “նալոգի տեսքով” անձամբ իշխանության բուրգի գագաթին գտնվողներին, մնում է միայն ենթադրել:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 596 համար




Լրահոս