ԱՆԱՏԱՄ ԽԱՂ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 14-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 0:2 հաշվով պարտվեց Ալբանիայի հավաքականին: Ընդ որում, կարելի է ասել՝ մերոնց բախտը բերեց, քանի որ կարող էին պարտվել նաեւ խոշոր հաշվով:
Պաշտպանությունում սխալներն անթիվ էին, իսկ հարձակման գծում պարզապես խաղ չկար, այնքան անատամ էին խաղում, որ պարզապես ամաչում էիր խաղադաշտում նրանց գործողությունները ֆուտբոլ, ֆուտբոլային խաղ կոչել: Արդեն 20 օր անց՝ սեպտեմբերի 6-ին, Հայաստանի ընտրանին հյուրընկալվելու է ավելի բարձր կարգ ունեցող Չեխիային՝ անցկացնելով 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի 7-րդ հանդիպումը: Ու, եթե հավաքականի խաղում լուրջ փոփոխություններ չիրականացվեն, կկրենք հերթական խայտառակ պարտությունը: Իսկ հիմա լսենք, թե ինչ է ասել այդ հանդիպման մասին ազգային հավաքականի վետերան, դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով մասնակցեց հանդիպման առաջին խաղակեսին. «Խաղն անհաջող դասավորվեց մեզ համար, եւ գրանցված արդյունքն ունի մի քանի հիմնական պատճառ: Մենք չիրացրեցինք մեր պահերը, հետո բաց թողեցինք գոլ անդրադարձից… Գոլ խփելուց հետո ալբանացիները «փակվեցին», եւ մեր գործը դժվարացավ: Մեր լավագույն խաղացողի` Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը զգացվում էր: Ալբանացիները հաճախ էին հաղթում մենապայքարներում, ինչը նրանց առավելություն էր տալիս»: Ի դեպ, լրագրողներից մեկը  նկատել է, որ մեր տղաները սովորաբար, հատկապես վերջին 5 տարիներին օգոստոս ամսին շատ վատ են խաղում: Դրան ի պատասխան Բերեզովսկին ասել է. «Միգուցե այս ամսին մեր թիմը լավ վիճակում չի լինում: Դժվար է միանշանակ ասել, թե որն է այդ ամենի տրամաբանությունը: Այնպես չէ, որ տղաները լավ արդյունքի հասնելու ցանկություն չունեին, չէին խաղում»: Ինչ վերաբերում է Չեխիայի հետ կայանայիք հանդիպումից առաջ թիմի անելիքներին, ապա վետերան դարպասապահը հույս ունի, որ մինչ այդ խաղը մեր հավաքական թիմի եզրերում վիճակն ավելի լավ կլինի. «Երեկ նկատվեց, որ դեռ լավ մարզավիճակում չէ Լեւոն Հայրապետյանը: Նա երկար ժամանակ ապաքինվում էր հավաքականում ստացած ծանր վնասվածքից: Եզրերում երեկ լուրջ խնդիրներ ունեցանք: Մարզչական շտաբը մանրակրկիտ կվերլուծի Ալբանիայի հետ խաղը, շտկումներ կլինեն: Կարծում եմ` ավելի լավ մարզավիճակում կմոտենանք Չեխիայի հետ խաղին եւ կպայքարենք դրական արդյունքի համար»:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս