ՓՈՐՓՐԵԼՆ ԻՄԱՍՏ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես հայտնի է, համացանցում` eBay .com կայքում, տեւական ժամանակ է` աճուրդի է դրվել Նարեկացու ձեռագիրը՝ 30.000 դոլար մեկնարկային գնով։
Երբ հայտնի դարձավ այս փաստի մասին, Մատենադարանի աշխատակցուհին “Ժողովուրդ”-ին ասաց, որ մի քանի օրից նորություններ կլինեն, որոնց մասին կտեղեկացնեն նաեւ լրատվամիջոցներին։ Երբ մենք երեկ նորից զանգահարեցինք Մատենադարանի տնօրենին, նույն աշխատակցուհին ասաց, որ դեռեւս նորություն չկա։ Նա նաեւ հավելեց, որ տնօրեն Հրաչ Թամրազյանն ասել է` մինչեւ ձեռագիրն իրենց ձեռքում չլինի, իրենք կոնկրետ ոչինչ ասել չեն կարող։ Նշենք, որ աճուրդի հանված ձեռագրի գնման վերջնաժամկետն օգոստոսի 26-ն է, ու եթե Մատենադարանի տնօրինությունը որեւէ քայլ չձեռնարկի, հնարավոր է՝ ձեռագիրը հայտնվի անհայտ մարդկանց ձեռքում: Իհարկե, դա ցավալի կլինի, եթե իրոք Նարեկացու ձեռագիրն է։
Այս կապակցությամբ զրուցեցինք նաեւ Մատենադարանի նախկին փոխտնօրեն, ՀԱԿ վարչության անդամ Արշակ Բանուչյանի հետ: Նա նշեց, որ չի կարող ստույգ ասել՝ դա Նարեկացու ձեռագիրն է, թե ոչ: Ըստ նրա` դժվար է դրանում համոզվել՝ ընդամենը կայքի լուսանկարը դիտելով. “Երբ կայքում լուսանկարը դրված էր, ես ժամանակ առ ժամանակ հետեւում էի, բայց վերջերս փնտրել եմ, չեմ գտել. ըստ երեւույթին, այն արդեն հանվել է կայքից”։ Իսկ դրա պատճառը, նրա կարծիքով, այն է, որ երեւի սկսել են բանակցել ձեռագիրը գնելու համար։ Եվ այդ դեպքում այն պիտի կայքում չլիներ։ “Ես ենթադրում եմ, որ հիմա փորփրելն իմաստ չունի. եթե ձեռագիրը գնելու համար բանակցային գործընթաց է սկսված, այսպես ասած, առեւտրային վիճակ է, տարբեր մարդիկ գուցե կփորձեն այդ հողի վրա ինչ-որ բան շահել։ Բայց նրանք, ովքեր իրականում ցանկանում են այն ձեռք բերել, դրա մասին կլռեն, եւ Ձեզ որեւէ մեկը ստույգ տվյալ չի ասի, թե ինչ վիճակում է, որտեղ է ձեռագիրը… Գուցե որոշ ժամանակ անց կարող եք հետաքրքրվել եւ իմանալ, թե այն ինչ եղավ։ Հուսանք, որ այդ գործի, այսպես ասած, զարկերակի վրա Մատենադարանը ձեռքը պահում է, եւ որեւէ բարերարի աջակցության շնորհիվ ձեռագիրը կհայտնվի Մատենադարանում”,-ասաց պարոն Բանուչյանը։
Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս