ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ առավոտյան, Կոմիտասի 3, 5, 7 եւ 7/1 հասցեներում ապրող բնակիչները փակել են շինհրապարակի մուտքը եւ թույլ չեն տվել «Լիբեր» ՍՊԸ-ի շինարարներին մտնել ներս: Տեսնելով սա՝ շինարարները ոստիկանության աշխատակիցներին են կանչել, իսկ ոստիկաններն էլ՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանին: Վերջինս երեկ հանդիպեց այդ հասցեների  բնակիչների հետ:
Նշենք, որ այդ շենքերի հարակից տարածքում կառուցապատող «Լիբեր» ՍՊԸ-ն փորձում է կառուցել բազմաֆունկցիոնալ կամ բազմաբնակարան շենք, ինչն էլ բնակիչներին զայրացրել է: Վերջիններս պնդում են, որ շենքը կառուցվում է բազմաթիվ ճարտարապետական նորմերի խախտումներով, եւ այդ նորակառույց շենքը փակելու է հարակից շենքերի արեւն ու լուսավորությունը: Այս պատճառով էլ նրանք անընդհատ փորձում են խոչընդոտել շինաշխատանքները:
Բնակիչները պնդում են, որ բազմաֆունկցիոնալ շենք կառուցողներն օրենքի սահմաններում չեն գործում, բացի այդ, նրանք կոնկրետ այս տարածքում չունեն համապատասխան օրինական փաստաթղթեր շինարարություն իրականացնելու համար: Իսկ թաղապետ Անտոնյանը հակառակն է հայտարարում. բնակիչների բողոքն անհիմն է, քանի որ իրենք իրենց համաձայնությունը՝ այս նորակառույց շենքի հետ կապված, տվել են ավելի քան 3 տարի առաջ: Հետեւաբար իրականացվող շինաշխատանքներն օրինական են:
«Ուրեմն գիտեք ինչ կա, էդ մարդու գրպանին ընենց են կպել, որ 14-հարկանի շենքից 7-հարկանի է լինելու… ստեղ եղել ա աղբանոցի վերածված շենք, որը դառնում է էլիտար շենք»,-բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց Հրայր Անտոնյանը: Թաղապետը բնակիչներին խոստացավ կրկին հանդիպել եւ ներկայացնել շինարարության օրինականությունը հաստատող փաստաթղթերը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ նման բողոք անցկացրեցին նաեւ Սայաթ-Նովայի 10 եւ 12 շենքերի բնակիչները: Պատճառն այն էր, որ իրենց առանց այն էլ փոքր բակում՝ չգործող կաթսայատան տեղում, «Լարգո գրուպ» ՍՊԸ-ն պատրաստվում է բազմաֆունկցիոնալ շենք կառուցել: Գրեթե մեկ շաբաթ ընկերության շինարարները փորձում էին շինաշխատանքներ իրականացնել ոստիկանների հսկողությամբ, սակայն բնակիչները խանգարում էին նրանց: Ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ժամանակավորապես հանձնարարեց դադարեցնել շինաշխատանքները եւ բնակիչների հետ միասին քննարկումներ անցկացնել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս