ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՐԵՎԱՆ-ՀՌՈՄ
Այս տարի արդեն 10-րդ անգամ Հայաստանը կմիանա Եվրոպական ժառանգության օրերին` հաստատելով իր անդամակցությունը եվրոպական մշակութային ընտանիքին: Հայաստանում, Եվրոպական ժառանգության օրերին ընդառաջ, օգոստոսի 30-ին քաղաքամայր Երեւանի համար ամենից խորհրդանշական վայրում` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, կբացվի լուսանկարների ցուցահանդես` ներկայացնելով Երեւանի հիմնադրմանը ժամանակակից մեկ այլ քաղաքի` հավերժական քաղաք Հռոմի ժառանգությունն ու անկրկնելի գեղեցկությունը: Ցուցահանդեսը, որը կրում է «Հռոմ. Իմ քաղաքի ժամանակակիցը» խորագիրը, ներկայացնում է դիվանագետ, մասնագիտությամբ ճարտարապետ Կարինե Դանիելյանի լուսանկարները` արված Իտալիայում իր դիվանագիտական առաքելության տարիներին:
ՀՀ մշակույթի նախարարության կողմից այս տարի առաջարկված «Ժառանգության ժառանգները» խորագրի համատեքստում ցուցահանդեսը հասցեագրված է Երեւանի ժառանգներին` հիշեցնելով պատմական քաղաքի բնակիչ լինելու յուրաքանչյուրիս պարտավորությունը: Այն մտածված է որպես Եվրոպայի գանձարան համարվող քաղաքով շրջայց լուսանկարների միջոցով: Ցուցահանդեսի սկիզբը եւ ավարտը կխորհրդանշեն 2 պատկերազարդ պաստառներ` ներկայացնելով խաչվող հայացք Հռոմից Երեւան: Ցուցահանդեսը Հռոմի եւ Հռոմից 29 տարով ավելի հին քաղաքի` Էրեբունու հիմնադրման պատմությունները համադրելու եւ քաղաքամայր Երեւանի բնօրրանի մշակութային նշանակության եւ պահպանության շուրջ մտորելու՝ այցելուին ընձեռված մի նոր հնարավորություն է: Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա 2013թ. օգոստոսի 30-ին՝ ժամը 13:00-ին: Այն կգործի մինչեւ 2013թ. հոկտեմբերի 30-ը:

ՇԱՐԱՊՈՎԱՆ ՓՈԽՈՒՄ Է
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան մտադիր է ժամանակավորապես փոխել իր ազգանունը: Նա այդ խնդրանքով արդեն դիմել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Գերագույն դատարան: Շարապովան ցանկանում է Մեծ սաղավարտի մրցաշարի՝ ԱՄՆ-ի բաց առաջնության անցկացման ժամանակ հանդես գալ Sugarpova ազգանվամբ: Հիշեցնենք, որ նախորդ տարի թենիսիստուհին նույն անվամբ կոնֆետների արտադրություն է սկսել:

ՄԱՀԱՑԵԼ Է
Երեկ 46 տարեկան հասակում կաթվածից հանկարծամահ է եղել երգիչ-երաժիշտ Արմեն Ադամյանը: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրակազմը ցավակցում է երգչի հարազատներին:




Լրահոս