Ադրբեջանն ահռելի ուժի հարձակումով ոչնչի չի հասել, հիմա պիտի նորից փորձի. Ռազմիկ Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ ՊՆ-ն այսօր տեղեկացրել էր, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շձման գծում նկատվում է հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր: Ապրիլի 1-ից սկսված լարվածությունից հետո շատերը սա համարում են աննախադեպ տեղաշարժ: Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանի հետ, ով այս օրերին առաջին գծում է եղել:

– Ադրբեջանական կողմը սահմանին ակտիվ տեղաշարժեր է իրականացնում: Ի՞նչ սպասենք:

– Միշտ էլ մենք պիտի պատրաստ լինենք, միշտ էլ պատրաստ ենք: Հիմա մենք կարճ դադարով ենք տվել, եկել ենք, անհրաժեշտության դեպքում նորից կմեկնենք:

– Իսկ ինչպիսի՞ն է իրադրությունը սահմանին: Կրկին կարո՞ղ են ակտիվ գործողություններ սկսվել:

– Գուշակություններով չեմ զբաղվում, չեմ կարող ասել` ինչ կլինի: Որպեսզի ունենանք մշտական խաղաղություն, պատերազմին պետք է պատրաստ լինենք: Հիմա մեր թշնամին իր պարտությունը չի զգում, իսկ որ պարտվել է` միանշանակ է, որովհետև այդ ահռելի ուժի հարձակումով ինքը ոչնչի չի հասել: Հիմա պիտի նորից փորձի, մենք պետք է պատրաստ լինենք:

– Իսկ մեր գլխավոր անելիքը ո՞րը պետք է լինի:

– Մեր գլխավոր անելիքը հիմա հնարավորինս արագ կոմպլեկտավորել, վերադասավորել մեր ուժերը, պատրաստ լինել բոլոր տեսակ հարձակումներին: Սպարապետ Վազգեն Սարգսյանը մի այսպիսի խոսք ուներ` «Եկեք չհոգնեք, մեր կռիվը մինչև վերջ տանենք»: Համաձայն եմ, խնդիրներ կան, սակայն ամեն ինչ պետք է մի կողմ դնել և զինվորի կողքին լինել:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս