«ԽՈՐԱՊԵՍ ԶԳՈՒՄ ԵՄ ՆՐԱՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նկարիչ, արվեստաբան ՆԱՐԵԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց, որ հոր` Մինաս Ավետիսյանի որմնանկարներից մեկի վերականգնումը մնացել է կիսատ: Նրա խոսքով՝ ըստ պայմանագրի՝ Գյումրու քաղաքապետարանը պետք է վճարեր իտալացի վերականգնող մասնագետների գումարները, բայց քանի որ քաղաքապետը փոխվել է, պարզվել է՝ գումար չկա. «Իսկ իտալական կողմը զգալի ծախսեր էր արել, նյութեր գնել, գործն արվել է, ու չի վճարվել, դա սկանդալ էր, ինչ խոսք, որովհետեւ իտալական կողմն առանց այդ էլ մեծ կոմպրոմիսների էր գնացել: Դրանք շատ թանկ վճարվող մասնագետներ են ու քանի որ հետաքրքրվեցին Մինաս Ավետիսյանով, համաձայնեցին չնչին վարձի դիմաց աշխատել: Մոտ օրերս եղբորս հետ բանակցություններ են տեղի ունեցել, ոնց որ թե մի լուծում կգտնվի»:
-Որքանո՞վ է վերահսկվում Մինասի օրիգինալ նկարների առքուվաճառքը: Ժառանգներին որեւէ կերպ տեղեկացվո՞ւմ է այդ մասին:
-Արվեստի շուկա հասկացողությունն այլ հարթության խնդիր է: Գիտեք, շատ մեծ քանակությամբ աշխատանքներ կան մասնավոր հավաքածուներում, եւ դրանց հետ կապ ենք ունենում այն ժամանակ, երբ վերավաճառվում է: Շատ հաճախ մեր օգնության կարիքն են ունենում գնողները, որովհետեւ արդեն 20 տարուց ավելի է՝ կա կեղծ աշխատանքների խնդիր:
-Կարողանո՞ւմ եք հստակ տարբերակել իրականը կեղծից:
-Անշուշտ, մեր ընտանիքը շատ մարդկանց է օգնել, որովհետեւ ահավոր մեծ քանակությամբ կեղծ աշխատանքներ կան:
-Իսկ ինչո՞վ է զբաղվում Մինասի անունը կրող հիմնադրամը, միայն իր աշխատանքների հարցերո՞վ:
-Քանի որ Մինասի հետ կապված խնդիրները, որքան էլ որ զավեշտալի է հնչում, շատ են, առայժմ հիմնադրամը չի հասցնում այլ հեղինակների աշխատանքներով զբաղվել: Հետագայում այլ հեղինակների հետ կապված ծրագրեր պիտի իրականացվեն:
-Ձեր մասնավոր հավաքածուներում ունե՞ք բավականաչափ աշխատանքներ թեկուզ եւ փոքր ցուցասրահում ներկայացնելու համար:
-Մենք ունենք աշխատանքներ, բայց քանի որ բարդ ժամանակներում ենք ապրում, աշխատանքների զգալի մասն ապահովության համար տանը չենք պահում:
-Ի՞նչ եղավ Ջաջուռի հայրական տան ճակատագիրը, տունը կարծես լավ վիճակում չէր:
-Վատ վիճակում է, երկրաշարժից հետո այն բնակելի չէ, ու քանի որ նախկին թանգարանը փլուզվեց, մեր երազանքն էր հենց տունը դարձնել թանգարան, բայց պարզվեց, որ «Լինսի» հիմնադրամը ոչ մի մասնավոր կառույցի չի հովանավորում: Փլուզումից կարճ ժամանակ անց եկել են գյուղապետի մոտ, ասել, որ գումարը կա, միանգամից ծրագրի մեջ է մտցվում: Երկու  օրում պետք է պատասխանեն՝ ուզում են նոր շենք կառուցել Մինասի համար: Գյուղապետն էլ մեզ հետ խոսեց, ասաց, որ հասկանում է մեզ, եթե մերժենք, բայց մեր գյուղը էլի անհայտ ժամանակաշրջան կմնա առանց թանգարան: Մենք էլ մտածեցինք` սխալ կլինի մերժելը: Բոլորովին նոր շենք են կառուցել, հնից գրեթե ոչինչ չէր մնացել: Ափսոս, որ հայրական տունն իրենց ծրագրի մեջ չմտավ:
-Դուք էլ եք նկարիչ Ձեր հոր պես, հավանաբար մասնագիտության ընտրության հարցում գենետիկան իր դերը խաղացել է:
-Շատ անկեղծ պիտի պատասխանեմ: Ինձ երջանիկ եմ համարում այն առումով, որ այդպես ստացվեց, ու երբեւիցե մտքովս չի անցել՝ ինչ պիտի դառնամ: Ասում են՝ ես 1,5 տարեկանից սկսել եմ նկարել, փաստորեն դա ժառանագական է, ինչի համար երախտապարտ եմ հայրիկիս, ճակատագրին: Մի դեպք հիշեցի. 70-ականների սկզբին մի ֆիլմ է դուրս եկել Լեոնարդո դա Վինչիի մասին, մեր տանն էլ հավաքվել են հայրիկի ընկերները, միասին դիտել: Ես այդ ժամանակ շատ փոքր էի ու որ տեսել եմ այդպես ոգեւորված են, մի նկար եմ նկարել, կանգնել նրանց առջեւ ու ցուցադրել: Հիշում եմ, շատ լավ տպավորվեցին հորս խոսքերը, նա ասաց. «Ուշադրություն, չգիտեմ, ես դա կտեսնեմ, թե ոչ, բայց այս տղան անպայման նկարիչ է լինելու»: Այդ բառերը երբեք չեմ մոռանում: Ցավոք, ես մեծ չէի, երբ նա հեռացավ կյանքից, 6 տարեկանս էլ չէր լրացել:
Նրա արվեստը կա, արվեստը չի մահանում, կենդանի ուժ ունի, եւ որքան ես մեծանում եմ, ավելի եմ հասկանում իրեն: Բայց արվեստում մի գաղտնիք կա, դա հենց առաջին դասն էր, որ Մինասից սովորեցի` կրկնություն չպիտի լինի, այն չի բերում ոչ մի առաջադիմություն: Էությամբ պետք է հասկանալ ու գնալ առաջ:
-Ավետիսյան ազգանունը որեւէ կերպ օգնե՞լ է Ձեզ ցանկալի դռներ բացելու հարցում:
-Շատ, հատկապես Սովետական տարիներին, բայց ես այդպիսի խառնվածք չունեմ, որ ներկայանամ հայրիկով, հակառակը, միշտ խուսափում եմ, սակայն ինչ-որ մեկը միշտ ճանաչում է: Լինում է նաեւ հակառակը, երբ իմանում են` Մինասի զավակն է, ավելի բարդություններ են ստեղծում:
-Պատահե՞լ է` աշխատանքն ավարտելուց հետ զգաք, որ Մինասի ինչ-որ գործի նման է ստացվել:
-Մեծամտություն կարող է հնչել, կներեք, բայց, ինձանից անկախ, ստացվում է ցանկացած ոճում աշխատել, որովհետեւ ես ինձ երբեք չեմ սահմանափակել, ինձ համար գաղափարն է եղել կարեւոր: Արվեստն ամբողջովին եմ սիրում, ընդունում ամենասկզբից մինչեւ նորագույնը: Ինչ վերաբերվում է հայրիկին, ես խորապես զգում եմ նրան ու ինձնից անկախ՝ նկարում եմ ու հետո ծիծաղում ինքս ինձ վրա, որ այդքան նման է ստացվել:

շարունակելի
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս