ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ է հայցային վաղեմությունը: Եվ սեփականության իրավունքի պաշտպանության համար դիմելու ի՞նչ ժամկետ է նախատեսված:

Անի Հովհաննիսյան (33 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայցային վաղեմությունն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում իրավունքը խախտած անձի հայցով կարող է պաշտպանվել այդ իրավունքը: Հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը 3 տարի է, որը հաշվարկվում է այն պահից, երբ անձն իմացել է կամ պետք է իմանար իր իրավունքի խախտման մասին: Նախատեսվում են նաեւ առանձին պահանջների նկատմամբ կրճատ կամ ավելի երկար ժամկետներ (Քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ հոդվածներ): Հայցային վաղեմության ժամկետն ընդհատվում է դատարան հայց ներկայացնելով: Պետական կամ այլ մարմիններին դիմելը հայցային վաղեմության ընդհատում կամ կասեցում չի առաջացնում: Հայցային վաղեմությունը չի տարածվում՝
l սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի ամեն մի խախտման վերացման պահանջի վրա, թեկուզ եւ այդ խախտումները կապված չեն եղել տիրապետումից զրկելու հետ,
l պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց այն ակտերը անվավեր ճանաչելու՝ սեփականատիրոջ պահանջների վրա, որոնցով խախտվել են սեփականատիրոջ՝ գույքի տիրապետման, օգտագործման եւ տնօրինման իրավունքները:

«Լեգալ էքսպերտ» իրավաբանական
խորհրդատվության գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ պարզ ներկայացված են կարգն ու ժամկետները, պետք է փաստենք` ոչ բոլորը գիտեն այդ մասին: Քաղաքացիներն օրենսդրական այս նրբությունների մասին իմանում են միայն խնդիր ծագելու դեպքում: Այնպես որ, հետագայում ավելորդ քաշքշուկից զերծ մնալու համար լավ կլիներ՝ մարդիկ տեղյակ լինեին նման դեպքերից:




Լրահոս