Մենք պետք է հակահարված տայինք, հակագրոհի անցնեինք. Վիտալի Բալասանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք պետք է հակահարված տայինք, հակագրոհի անցնեինք: Այս մասին «Առաջին լրատվականի» եթերում հայտարարել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը:

«Այսօր պատերազմի բնույթն է փոխվել: Մինչեւ 1994-ը պաշտպանողական ու հարձակողական մարտեր էինք վարում, իսկ հետո եղավ հրադադարի փաստաթուղթը, որը չհասկացա, թե ինչ փաստաթուղթ է: Ի՞նչ կապ ունի, թե ինչ տրամաչափի զենքով են կրակում: Իսկ այս օրերը ցույց տվեցին, որ չպետք է հավատալ որեւէ փաստաթղթի եւ այն երկրներին, որոնք ճիշտ է ամեն ինչ անում են, որ պատերազմը չվերսկսվի, բայց, ցավոք, մենք տեսանք, որ հարձակողական մարտը շարունակվեց ու շատ անորոշ վիճակում մնաց: Մենք պետք է հակահարված տայինք, հակագրոհի անցնեինք»,-ընդգծեց Բալասանյանը:

Ինչ վերաբերում է հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայմանը, Վիտալի Բալասանյանն ասաց. «Չի կարելի նախահարձակ լինել ինչ-որ հեռահար նպատակ հետապնդելով, որ ինչ-որ խաղաղապահ ուժեր պետք է տեղակայվեն այս հատվածում: Խաղաղարար ուժերը երբեւէ խաղաղություն չեն բերել: Ցույց տվեք մի երկիր, որտեղ վերջին 20-30 տարիներին խաղաղապահները խաղաղություն են բերել: Այդ բալանսը պաշտպանվում է Ղարաբաղյան հատվածի զինված ուժերի կողմից»:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից կիրառած զինատեսակներին, գեներալը նշեց. «Պետք չէ հակառակորդին թերագնահատել: Մենք տեսանք, որ այս տարիներին Ադրբեջանը կարողացավ վերազինել իր ուժերը, նաեւ մասնագիտական առումով, քանի որ նրանք մասնագիտական կրթություն ստացան Թուրքիայում, Իսրայելում եւ այլ երկրներում: Մենք տեսանք նրանց անօդաչու սարքերի, հրետանու ոճը, որակը: Ես որպես նախկին զինվոր ու պաշտպանական հատվածի հրամանատար, կարող եմ ասել, որ, ճիշտ է, որակն ու քանակը փոխվել է, բայց չեմ կարծում, որ կարող են ռազմական ճանապարհով ինչ-որ հարց լուծել՝ անկախ որ երկիրն է ուզում Ղարաբաղին պարտադրել»,-ընդգծեց նա:




Լրահոս