Անողոք պայքար կոռուպցիայի դեմ. Սերժ Սարգսյանն իշխանության վերնախավին տեղեկացրել է, որ պատրաստվում է փոխել կառավարությունը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ տեղի ունեցած կառավարության նիստից առաջ բավական ծավալուն ելույթով է հանդես եկել` հայտարարելով, թե իրենք որոշել են փոխել կառավարման համակարգը՝ այն դարձնելով ավելի կոմպակտ, խոստացել է ծախսերը կրճատել եւ պայքարել կոռուպցիայի դեմ: Այսինքն՝ կարելի է կարծել, որ կոռուպցիան մի անորսալի արարած է, որին բոլորը փնտրում, բայց այդպես էլ չեն գտնում: Ժամանակին Ռոբերտ Քոչարյանն էր կոռուպցիայի դեմ պայքարում: Այնքան պայքարեց, որ իր ընտանիքը դարձավ միլիարդատեր:

Քոչարյանի թիմի անդամները, որոնց թվում էին ներկա պաշտոնյաները, դարձան միլիոնատեր: Հետո Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը սկսեցին կոռուպցիայի դեմ պայքարել, արդյունքում՝ նրանց ունեցվածքի մասին եւս այժմ լեգենդներ են շրջանառվում: Հովիկ Աբրահամյանը, որը կոռուպցիայի դեմ պայքարի դրոշակակիր չի եղել, բայց մշտապես «մարտիկների» շարքերում է եղել, այս ընթացքում հասցրել է դառնալ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը:

Առաջին հայացքից կարող է թվալ, որ ՀՀ գործող վարչապետը նախորդներից ետ չմնալու համար է «ռեֆորմատոր» ձեւանում, սակայն իրականությունն այլ է: Իշխանական կուլիսներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Սերժ Սարգսյանը իշխանության վերնախավին տեղեկացրել է, որ պատրաստվում է փոխել կառավարությունը, քանի որ հին դեմքերից ազատվելու հանրային պահանջը գնալով ուժգնանում է: Հովիկ Աբրահամյանն էլ որոշել է հարձակման անցնել եւ «ռեֆորմատորի» կերպարով հանդես գալ՝ ցույց տալով, որ իրեն փոխելն այնքան էլ ճիշտ չէ: Ի վերջո, սիրուն չի լինի պաշտոնանկ անել մի պաշտոնյայի, որը հայտարարում է կոռուպցիայի դեմ պայքար սկսելու մասին: Բայց մյուս կողմից՝ Հովիկ Աբրահամյանը բոլոր նախադրյալները ստեղծել է, որպեսզի Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին, իրենից բացի, պաշտոնանկ անի:

Ինչպես ասում են՝ հետաքրքիր ժամանակներ ենք ապրում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս