ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ
Երեկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարել է, որ սեպտեմբերից սկսած՝ կենսաթոշակները կայուն կերպով կվճարվեն յուրաքանչյուր ամսվա երրորդ աշխատանքային օրվանից սկսած: Նախարարի խոսքով՝ օրենքի համաձայն՝ կենսաթոշակը տվյալ ամսվա ընթացքում է վճարվում: Այսինքն՝ հստակ ժամկետ նշված չէ: Նախկինում իրավիճակն այնպես էր, որ մարզերում կարող էր լինել կենսթոշակների վճարումների այլ ժամկետ, քան մայրաքաղաքում: Սակայն 2011թ. նախարարությունը կարողացել է հասնել նրան, որ բոլոր կենսաթոշակառուների համար կենսաթոշակները վճարվում են նույն օրը՝ ամսվա սկզբի աշխատանքային օրերին: 2013թ. հունիսից ներդրվել է նոր էլեկտրոնային համակարգ, ստեղծվել են տեղեկատվական շտեմարաններ, ճշգրտվել են կենսաթոշակառուների ցանկերը, որի հետեւանքով խնդիրներ են առաջացել: Ներկա պահին, նախարարի խոսքով, մոտ 200 կենսաթոշակառուի խնդիր կա:

ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԳՈՒՅՔԸ՝ ՎԱՃԱՌՔԻ ՏԱԿ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապվող օֆշորային պատմությունն ուշագրավ ընթացք է ստանում: Այդ օֆշորային ընկերության հիմնադիրներից Աշոտ Սուքիասյանը 2010թ. հունիսի 25-ից մինչեւ 2011թ. հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից մաս-մաս ստացել է 10 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլարի վարկ: Վարկի դիմաց նա բանկում գրավադրել է գործարար Փայլակ Հայրապետյանին եւ նրա որդուն պատկանող ընկերությունները: Հայտնի է, որ Աշոտ Սուքիասյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, եւ հայտարարվել է հետախուզում: «Ամերիաբանկ»-ը գրավադրված գույքը սկսել է վաճառել: «Հետք»-ը նշում է, որ Ա. Սուքիասյանը 4,6 մլն դոլարի վարկ է վերցրել նաեւ մեկ այլ՝ «Պրոմեթեյ բանկ» ՍՊԸ-ից, եւ բանկում գրավադրված է Ա. Սուքիասյանի գույքը, որը բանկը վաճառքի է հանել:

Պատրաստեց ՆԱՏԱԼՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ




Լրահոս