analitik.am-ի տնօրենը ՔԿՀ-ում խնդիրներ ունի. նրա սպին չի արձանագրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք՝ մայիսի 6-ին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը շորթման կասկածանքով երկամսյա կալանքի որոշում կայացրեց Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի եւ նրա օգնական Վարդուհի Գիշյանի նկատմամբ:

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ analitik.am լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաեւ իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ եւ վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու եւ հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300.000 դրամ: Այնուհետեւ կայքի տնօրենի ներկայացրած պահանջի կապակցությամբ պատգամավորի անունից բանակցություններ է վարել նրա ներկայացուցիչը:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վարդուհի Գիշյանի պաշտպան Ստյոպա Ոսկանյանը հայտնեց, որ Վարդուհի Գիշյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, եւ իրենք Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը՝ Գիշյանին երկամսյան կալանքի ենթարկելու մասին, բողոքարկել են ՀՀ վերաքննիչ դատարանում:
Կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի պաշտպան Հայկ Սարգսյանը եւս հայտնեց որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. «Վերջինս կատարվածի մասով տվել է ցուցմունք եւ հայտնել է իր դիրքորոշումը»:

Հարցին, թե մամուլում տեղեկություններ կան, որ նա խոստացել է անուններ տալ, պաշտպանն ասաց, որ նման բան չկա: Անի Հովհաննիսյանը նման հայտարարություն չի արել, եւ իրենք չգիտեն, թե որտեղից են այդ տեղեկությունները: Պաշտպան Սարգսյանից փորձեցինք պարզել, որ տեղեկություններ կան, թե Անի Հովհաննիսյանը ՔԿՀ-ում խնդիրներ ունի:

Բանն այն է, որ «Ժողովուրդ»-ը լուրեր ստացավ այն մասին, որ օրերս քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ցանկացել են Անի Հովհաննիսյանից բացատրություն վերցնել նրա մարմնի վրա առկա սպիներ մասին: Նշենք, որ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը գրեթե բոլոր դատապարտյալներից եւ կալանավորներից մարմնի վրա առկա դաջվածքների կամ սպիների մասով գրություն է վերցնում, թե երբ եւ ինչ պայմաններում է նրանց վրա առաջացել սպին: Այս քայլին ՔԿՀ ղեկավարությունը գնում է հետագա խնդիրներից խուսափելու համար:

Եթե դատապարտյալները կամ կալանավորները երբեւէ հայտարարեն, որ իրենց ծեծել են կամ հարվածել են, ու դրանից սպի է առաջացել, ՔԿՀ ղեկավարությունը կարողանա ապացույց ունենալ՝ ներկայացնելով դատապարտյալի բացատրագիրը: Սակայն ինչպես տեղեկացանք՝ Անի Հովհաննիսյանը հրաժարվել է որեւէ բացատրություն տալ իր սպիի առաջացման մասին: Պաշտպան Հայկ Սարգսյանը, սակայն, ասաց, որ նման տեղեկություն չունի:

Լ. Ավետիսյան




Լրահոս