Հայաստանի թատրոնները շուտով կվերադառնան արձակուրդից. ընդ որում, շատերը նոր թատերաշրջանում կունենան նոր ներկայացումներ:
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դռները կբացվեն սեպտեմբերի 14-ին, ու մինչեւ ամսվա վերջ կցուցադրվի 6 ներկայացում։ Իսկ հոկտեմբերին կկայանան երկու ներկայացման՝ Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդ» (ռեժիսոր՝ Ա. Սահակյան) եւ «Մադագասկար» (ռեժիսոր՝ Վ. Ստեփանյան) պրեմիերաները: Թատրոնը հրավերի է սպասում նաեւ Արցախից, որտեղ հանդես կգա Պերճ Զեյթունցյանի «100 տարի անց» ներկայացմամբ:
Երեւանի Հ. Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնը թատերաշրջանը կբացի իր ավանդական ներկայացումներով: Սեպտեմբերի 18-ին տեղի կունենա Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արեւելյան» ներկայացումը: Շուտով հանդիսատեսի դատին կհանձնվի նաեւ Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետը, որի նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռեւս նախորդ տարի: Ժամանակակից ստեղծագործողների գործերից այս տարվա ցանկում ընդգրկվել է Ն. Ադալյանի «Լոմբարդ» ներկայացումը, կսկսվեն նաեւ «Սիրո երգիչ» օպերետի բեմադրական աշխատանքները: Տարին կավարտվի «Անբան Հուռին» ներկայացմամբ:
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը կցուցադրի 10 ներկայացում, որոնցից 3-ը նախատեսված է պատանի հանդիսատեսի համար: Թատրոնն ունի նաեւ փոքր դահլիճ, որտեղ ցուցադրվում են մոնոներկայացումներ: Նոյեմբերին տեղի կունենան Ա. Օստրովսկու «Ամեն ինչ վաճառվում է» (ռեժիսոր՝ Ալ. Գրիգորյան) ներկայացման, իսկ դեկտեմբերի 25-ին՝ մանկական մյուզիքլի առաջնախաղերը:
Համազգային պետական թատրոնը թատերաշրջանը սկսելու է հյուրախաղերով, քանի որ հրավեր է ստացել ԱՄՆ-ից եւ Կանադայից, որտեղ հանդես կգա 4 ներկայացումներով: Վ. Շեքսպիրի «Համլետ»-ը կբեմադրվի նոյեմբերին…
Քանի որ Գյումրին 2013թ. ճանաչվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք, այս տարի քաղաքի մշակութային կյանքը հարուստ կլինի։ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն իր թատերաշրջանը բացելու է սեպտեմբերի 22-ին Լեւոն Մութաֆյանի «Առնետներ» ներկայացմամբ: Սեպտեմբերին կլինի 6 ներկայացում, իսկ հոկտեմբերին՝ Ն. Ծատուրյանի «Ո՞վ է հայը» բեմադրության առաջնախաղը։ Ընթանում են նաեւ Մոնթե Մելքոնյանի մասին պատմող ներկայացման աշխատանքները: Թատրոնը հյուրախաղերով հանդես կգա ինչպես Արցախում, այնպես էլ ՀՀ մարզերում:
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը սեպտեմբերին կներկայացնի «Չար ոգին», ապա հյուրախաղերով հանդես կգա Երեւանում` «Թումանյանի հեքիաթներ»-ով…
ԹԱՏՐՈՆՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռ. ԹԱԹՈՅԱՆ