ԺՈՂՈՎՐԴԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԱԿ Է ԻՐԱԳՈՐԾԵԼ ԱՆՀԱՎԱՏԱԼԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ հասկանալի պատճառներով չանդրադառնալով ամերիկյան քաղաքականությանը` այսօր հարկ է կրկին հայացք ձգել դեպի արեւմտյան կիսագունդ, որտեղ տեղի են ունենում կարեւորագույն իրադարձություններ: Աշխարհի ապագայի վրա ամենամեծ ազդեցությունն ունեցող ընտրությունը, անշուշտ, ԱՄՆ նախագահի ընտրությունն է: Թեեւ Հանրապետական ու Դեմոկրատական կուսակցությունները ամռանն են ներկայացնելու իրենց միասնական թեկնածուներին, սակայն հենց այս շաբաթ իրավիճակը վերջնականապես հստակեցվեց:

Դեմոկրատական կուսակցությունից պայքարը շարունակում է ընթանալ Վերմոնտի սենատոր Բեռնի Սանդերսի եւ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջեւ: Փետրվարի 1-ից մինչ օրս նահանգային քվեարկություններ անցկացվել են ընդհանուր առմամբ 44 նահանգներում, որոնցից 25-ում հաղթանակն ուղեկցել է Քլինթոնին, իսկ 19-ում` Սանդերսին: Մինչեւ Ֆիլադելֆիայի հուլիսյան համաժողովը թեկնածուները պետք է հավաքեն նվազագույնը 2384 լիազորներ` առաջին փուլում կուսակցության միասնական թեկնածու հռչակվելու համար: Այս պահի դրությամբ Քլինթոնն արդեն ունի 2202, իսկ Սանդերսը 1455 լիազորներ: Սանդերսն ակնհայտորեն կորցրել է հնարավորությունը ոչ միայն թեկնածու դառնալու, այլեւ գոնե Քլինթոնի արձանագրած արդյունքին մոտենալու: Ապրիլի 26-ին 5 նահանգներից 4-ում Քլինթոնը վստահ հաղթանակներ տարավ` մայիսի 3-ին Ինդիանայում պարտվելով Ռոդ Այլենդում: Թեեւ Սանդերսը հաղթեց, բայց ընդհանուր հաշվարկում նա այլեւս շանս չունի եւ նրա` ընտրապայքարի մեջ մեկ օր ավել մնալը միայն ու միայն վնասում է դեմոկրատներին: Տարբեր վերլուծաբաններ հակված են կարծելու, որ Սանդերսի նահանջը օրերի խնդիր է` հաշվի առնելով Հանրապետական կուսակցությունում տեղի ունեցած, բառի իսկական իմաստով, հեղափոխական իրադարձությունները:
Հանրապետական կուսակցությունում մրցավազքի ամենալուրջ կետը կարելի է համարել ապրիլի 26-ին 5 նահանգներում կայացած քվեարկությունը: Գործարար Թրամփի հաղթարշավը կանգնեցնելու միտումով կուսակցության բոսերի աջակցությունը վայելող Թեքսասի սենատոր Քրուզն ու Օհայոյի նահանգապետ Քեյսիքը պայմանավորվածության էին հանգել, որ փոխադարձաբար պաշտպանելու էին միմյանց այն նահագներում, որտեղ երկուսից մեկը հաղթելու առավել մեծ շանսեր ուներ: Եվ, ահա, ապրիլի 26-ի երեկոյան պարզվեց, որ ո՛չ Քրուզը, ո՛չ էլ Քեյսիքը 5 նահանգներից որեւէ մեկում հաղթանակ տանել չկարողացան: Թրամփը միանգամից տիրացավ 111 լիազորներին եւ երկու հակառակորդներին թողեց լոկ 7 լիազոր: Սա կարելի է համարել Թրամփի ամենահուժկու հաղթանակը` նույնիսկ մինչ այդ ունեցած կրկին տպավորիչ արդյունքների համեմատ: Գործարար Թրամփի հետ կուսակցական բոսերի դիմակայության վերջնակետը դարձավ մայիսի 3-ի Ինդիանայի քվեարկությունը: Ամբողջ ռեսուրսները ներդրվեցին 6-րդ անընդմեջ հաղթանակից Թրամփին զրկելու համար: Գործարարն այստեղ արդեն ստիպեց սենատոր Քրուզին դադարեցնել ընտրապայքարը: Թեդ Քրուզը, որը համարվում էր Թրամփին կանգնեցնելու ունակ վերջին դերակատարը, չկարողացավ լուծել իր առաջ դրված խնդիրը: Այդ մասին նա հայտարարեց հենց Ինդիանայի քվեարկության երեկոյան` պարզաբանելով, որ այլեւս առաջ շարժվելու նվազագույն իսկ հնարավորություն չի տեսնում: Քրուզի պարտությունն ու խաղից դուրս գալու որոշումը փաստեց, որ Հանրապետական կուսակցության միասնական թեկնածուն լինելու է Դոնալդ Թրամփը: Օհայոյի նահանգապետ Քեյսիքն էլ հաջորդ օրը գիտակցեց առաջ շարժվելու անհնարինությունը: Մայիսի 4-ի երեկոյան նա հայտարարեց, որ լքում է ընտրարշավը եւ եկել է պահը միասնական թեկնածուի շուրջ համախմբվելու: Նույնօրինակ մի հայտարարություն էլ արեց Հանրապետական Ազգային հանձնաժողովի նախագահ Ռեյնս Փրայբուսը: Սակայն հանրապետական բոսերը կարծես հակված չեն թիկունք կանգնելու Թրամփին: Հանրապետական երեւելիներից Միթ Ռոմնին, Ջոն ՄաքՔեյնը, Ջեբ Բուշը արդեն իսկ հայտարարել են Թրամփին միասնական թեկնածու առաջադրող համաժողովին չմասնակցելու մասին: Նախկին նախագահներ Ջորջ Բուշ Ավագն ու Կրտսերը եւս չեն մասնակցելու կուսակցության կարեւորագույն իրադարձությանը: Ենթադրում ենք, որ Թրամփի թեկնածության շուրջ հանրապետականների ճամբարում ամեն ինչ դեռ չի խաղաղվել, եւ առաջիկայում էլի փոթորիկներ են սպասվում:
2016թ. նախագահական ընտրարշավն ապացուցեց, որ ո՛չ կուսակցական բոսերը, ո՛չ էլ ծախսված հարյուր միլիոնավոր դոլլարներն ԱՄՆ-ում չեն կարող նախագահ ընտրել: Լիովին օրինաչափորեն մեծ ազդեցություն ունենալով` Հիլարի Քլինթոնն առաջիկայում վերջնականապես կազատվի իր մրցակից Սանդերսից ու կկենտրոնանա Թրամփի քննադատության ուղղությամբ: Իսկ վերջինս էլ փայլուն հաջողությունների հասավ: Այն վերլուծաբանները, որոնք պնդում էին, թե Թրամփը թիթեռի կյանք ունի քաղաքականության մեջ, հիմնովին սխալ դուրս եկան: Մինչեւ մարտ ամիսը որեւէ մեկը չէր հավատում, որ Թրամփը կարողանալու է հաղթահարել կուսակցական բոսերի սահմանած արգելքները: Շարքային ամերիկացիների աջակցությունը, սակայն, ապացուցեց, որ քաղաքական վերնախավն ամենազոր չէ: Հանրապետական կուսակցության «պահապան խորհրդի» ոչ մի ծրագիր իրականություն չդարձավ: Ամենացանկալի թեկնածու Ջեբ Բուշը երկու ամսում 1-ին տեղից հասավ 4-րդ հորիզոնականին, Մարկո Ռուբիոն այդպես էլ հասուն պետական գործչի որակներ ցույց չտվեց, իսկ Քրուզին Թրամփի տված «ստախոս» ու «անվստահելի» որակումներն այդպես էլ չմոռացվեցին հասարակության կողմից: Թրամփն իսկական ժողովրդական հեղափոխություն արեց` ապացուցելով, որ ժողովրդի ընտրությունն ու աջակցությունը պատվար է ամեն տեսակ խարդավանքներից: Հայաստանի կառավարող վերնախավի համար սա հերթական դասն է, որ ժողովրդի աջակցությունն ունակ է անելու անհավատալին, ընդհուպ մինչեւ Թրամփի պես հակասական կերպարին ԱՄՆ-ի հիմնարար կուսակցություններից մեկի միասնական թեկնածու դարձնելը: Ցավոք, այս ճակատագրական օրերին մեր կառավարող վերնախավը վերափոխվելու ազդակներ չի հաղորդում, մինչդեռ բոլոր կայացած ժողովուրդներն ամբարտավաններին իրենց տեղը ցույց տալու սովորություն կարծես դեռ ունեն:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ՔԱՋԱՐԱՆԻ ՕԴԸ ԱՂՏՈՏՎԱԾ Է

ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի օդի աղտոտվածությունը լուրջ խնդիր է տեղի բնակիչների համար: Այն ոչ մի կերպ լուծում չի ստանում: Այս խնդրին է անդրադարձել նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը իր 2015 թվականի տարեկան զեկույցում:

Հիշեցնենք, որ դեռեւս 2014 թվականին Քաջարան քաղաքի բնակիչների կողմից բարձրացվել էր Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի գործունեության արդյունքում քաղաքի` օրական 3-ից 4 ժամ ամբողջությամբ փոշու մեջ գտնվելու խնդիրը:
Ըստ բնապահպանության նախարարության՝ «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մակերեւութային ջրերի եւ մթնոլորտային օդի որակի մոնիտորինգի տվյալների` Քաջարան քաղաքում 2015 թվականի նոյեմբերին կատարվել են պասիվ նմուշառիչներով օդային ավազանի որակի դիտարկումներ, եւ քաղաքի 15 դիտակետից վերցվել է 120 փորձանմուշ: Դրանց ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մթնոլորտում որոշված ծծմբի երկօքսիդի եւ ազոտի երկօքսիդի միջին ամսական կոնցենտրացիաները չեն գերազանցել համապատասխան նորմերը:
Այսպես՝ ըստ ՀՀ-ում ձեւավորված գետնամերձ շերտի օդի որակի մոնիտորինգի՝ հիբրիդային եռաշերտ մոնիտորինգային դիտացանցի` օդի որակի տեսանկյունից Քաջարանը ռիսկային եւ խոշոր քաղաքներից է: Բայց ԲՆ-ն Քաջարան քաղաքում անցած տարի չի իրականացրել մթնոլորտային օդում փոշու դիտարկում` չնայած նրան, որ արդեն ձեռք են բերվել համապատասխան սարքավորումներ:
Եթե բնակավայրի բնակչության քանակը 10 հազարից պակաս է կազմում, ապա այդ բնակավայրում մթնոլորտում առկա փոշին չպետք է գերազանցի 0,2 մգ/մ3, իսկ Քաջարան քաղաքում բնակչության թիվը կազմում է 8439: Այնուամենայնիվ, քաղաքում, որտեղ բաց եղանակով շահագործվում է պղնձամոլիբդենային հանքավայր, փոշու մոնիտորինգ դեռ չի իրականացվել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՏԱՐՕՐԻՆԱԿ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ
Արարատ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Անդրանիկ Խոջումյանի կողմից կատարված հանցագործությունը պարտակելու` հետքերը թաքցնելու նպատակով, 2014թ. ապրիլի 2-ից մինչեւ 2014թ. ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում Անդրանիկ Խոջումյանի, Հովիկ Խեչյանի, Գերասիմ Գուլակյանի հետ հավաքել է դեպքի վայրում Անդրանիկ Խոջումյանի կողմից կրակված փամփուշտների պարկուճները եւ դրանք նետել Իջեւան-Դիլիջան ավտոճանապարհի եզրին գտնվող «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի հետնամասում գտնվող տարածքում: Այնուհետեւ նա Հովիկ Խեչյանի անասնաֆերմայի աշխատակիցներ Թաթուլ Մադաթյանի եւ Յարբեկ Դավթյանի հետ հանել է «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի մուտքի դարպասը, կտրել պարսպի վրայի ճաղերը, որից հետո դարպասն ու ճաղերը տեղափոխել Հովիկ Խեչյանին պատկանող անասնաֆերմա` վերանորոգման: Այստեղ Արթուր Առաքելյանը դարպասի վրա կրակոցների հետքերը զոդելու եղանակով վերացրել է, ապա նույն կազմով դարպասը տեղափոխել են համալիր ու վերստին տեղադրել: Արարատ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 334 հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ա. Դանիելյանի դատավարությունը սկսվել է 2015թ. դեկտեմբերի 8-ին, հերթական նիստը նշանակված է 2016թ. մայիսի 11-ին: Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ Անդրանիկ Խոջումյանը, ով 2015թ. օգոստոսի 5-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի վճռով դատապարտվել էր վեց ու կես տարվա ազատազրկման, 2016թ. մարտի 29-ին ՀՀ քրեական գործով վերաքննիչ դատարանի կողմից անմեղ է ճանաչվել, նրա գործողությունները դատարանի կողմից որակվել են որպես ինքնապաշտպանություն: Եվ հիմա ինչ է ստացվում` փաստորեն, դուրս է գալիս, որ Ա. Խոջումյանն անմեղ է, իսկ նրան օգնողը դատվում է:

 

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԹՍ ԵՆ ԽՈՑԵԼ
Մայիսի 5-ի երեկոյան մեր սահմանապահները Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում ադրբեջանական անօդաչու թռչող սարք են խոցել: Այդ տեղեկությունը ճշտված է: ՀՀ պաշտպանության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, սակայն, չի պատասխանում մեր հեռախոսազանգերին, որպեսզի նրանից այդ փաստի շուրջ մեկնաբանություն ստանանք: Նախկինում հայտնել ենք, որ ապրիլի 26-ի երեկոյան ադրբեջանական անօդաչու սարքերը պտտվել են Իջեւանի տարածաշրջանի Ակնաղբյուր գյուղի վրա:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս