ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸե ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԴԱՏԱՐԿՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոգեւոր մայրաքաղաք Էջմիածնում վերջին ամիսներին արտագաղթն ավելի մեծ թափ է հավաքել: Գրեթե ամեն օր մի քանի տրանսպորտային միջոց հատում է Հայաստանի սահմանը` հայրենիքից հեռացնելով բազմաթիվ մարդկանց: Իսկ հեռացողներն ստիպված են մեկնում, քանի որ իրենց հարազատ երկրում չեն կարողանում անգամ գոյատեւել:
Ինչպես Երեւանում, այնպես էլ Էջմիածնում կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնք ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով ուղեւորներ են տեղափոխում Ռուսաստանի Դաշնություն: Հանգստյան օրերին “Ժողովուրդ”-ը զրուցեց մի քանի ուղեւորների հետ, որոնց մեծ մասը երիտասարդներ էին` 21-23 տարեկան: Նրանց հիմնական մասը, բանակից վերադառնալով, չի կարողացել աշխատանք գտնել եւ պատրաստ է մեկնել ՌԴ աշխատելու անգամ աշխատանքային սեզոնի վեջին` աշնանը:
22-ամյա Սերոբի մայրը հուզվելուց անընդհատ աչքերն էր սրբում: Որդուն ճանապարհում է ամուսնու մոտ՝ Մոսկվա: “Այստեղ շատ դժվար է ապրել: Բա մնա, ի՞նչ անի, ինչո՞վ զբաղվի: Մի կտոր հացի գումար չենք կարողանում այստեղ վաստակել”,- հուզված ձայնով ասաց Սերոբի մայրը՝ 48-ամյա Լիդան:
Իսկ 33-ամյա Անահիտը երկար տարիներ է, ինչ իր ամուսնու եւ երկու դուստրերի հետ ապրում է Մոսկվայում: Մեկ շաբաթով եկել էր Հայաստան հանգստանալու, բայց ոչ մշտական մնալու նպատակով: “Չենք կարող այստեղ ապրել, աշխատանք չկա: Եղած աշխատանքով չենք կարող ընտանիքին կերակրել: Իսկ այնտեղ կարողանում ենք լավ ապրել, չենք զրկում մեզ ոչնչից”,- նշեց Անահիտը: 
Ըստ Ազգային վիճակագրական վարչության տվյալների, այս տարվա առաջին 6 ամիսներին Հայաստանից մեկնած եւ չվերադարձած քաղաքացիների թիվը կազմել է 123 հազար, որը 30 տոկոսով գերազանցում է անցած տարվա նույն ցուցանիշը: Պաշտոնական տվյալներով, միայն վերջին 3 տարիների ընթացքում ՀՀ-ից արտագաղթել է մոտ 200 հազար մարդ: Եվ, չնայած այն բանին, որ Ռուսաստանը վերջին ամսվա ընթացքում խստացրել է միգրացիոն քաղաքականությունը, արտագաղթի հոսքը չի նվազում: 
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 609 համար




Լրահոս