ՓՈՂԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՔԻՆ, ԲԱՅՑ ՍՈՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Բաղրամյան փողոցում`   ՀՀ նախագահի նստավայրից ընդամենը մի քանի մետր հեռու գտնվող կանգառի տաղավարում, «ապրում են» երկու տարեց  տղամարդ, որոնք օրվա ցանկացած պահի այդ տաղավարում են` ուտում, ծխում ու գիշերում են միասին (ընկերներ են դարձել փողոցում ապրելու օրվանից), հացն էլ վաստակում են անցորդների գթասրտությունը շարժելով: Հետաքրքիր է, որ մինչ օրս  նախագահական անցուդարձ անող  «էլիտարներից» ոչ մեկը չի հետաքրքրվել այդ մուրացիկներով: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տղամարդիկ պատմեցին իրենց` այդտեղ հայտնվելու պատճառը: Նրանցից կրտսերը 43-ամյա Արտավազդ Իսրայելյանն է, որն այդ վիճակում է արդեն մի քանի տարի. «Կնոջիցս բաժանվեցի, տունս էլ տվեցի իրենց` կնոջս ու էրեխեքիս, ես էլ մնացի փողոցում: Բաժանության մեղավորը ես եմ: Հիմա էլ փողոցում եմ: Քնում եմ,  որտեղ պատահի: Ես մի բան կուզեի, որ ինձ մի ապաստարան տային, ու մի աշխատանք գտնեի: Ուր ասես չեմ դիմել գործի համար, սովորական պահակի համար էլի ծանոթություն ա պետք: Ես,  օրինակ, ինժեներ տղա եմ. ավարտել եմ Պոլիտեխնիկի մեքենաշինական ֆակուլտետը, նույնիսկ Ազգային Ժողովում ինժեներ եմ աշխատել: Հետո  գնացել, Քելբաջարում ծառայել եմ, ոտքս վնասել եմ էտ ժամանակ, ու էսքանից հետո հայտնվել եմ փողոցում»: Տաղավարի մյուս «բնակիչը» 57-ամյա Ռաֆիկ Օհանյանն է: Այդ տարածքի անցորդները նրան լավ են ճանաչում ու անպայման գումար են տալիս հաց ու սիգարետ գնելու համար: Ռաֆիկ պապը պետությունից ոչ մի օգնություն չի ստանում. «Ես էնքան տանջված մարդ եմ, որ ինձ տեսնում են, չեն ասում, որ 57 տարեկան եմ, ավելի մեծ են տալիս ու գիտեն, թե  թոշակ եմ ստանում: Ասում են` փողոցի փոխարեն գնա թոշակովդ ապրի»: Ռաֆիկ պապը ծերանոց է գնացել, սակայն այնտեղի անցուդարձը պապին դուր չի եկել. «Ես էլ չեմ գնա ծերանոց: Բալա՛  ջան, ես ավելի լավ ա էստեղ մեռնեմ, քան ծերանոց գնամ: Ծառուկյանը  որ բացել ա,  էտ ծերանոցում  մնացել եմ: Հազիվ 2 ամիս պահեցին, հետո դուրս հանեցին:  Նորմալ հաց էլ չէին տալիս, սոված էինք մնում: Ես էլ որոշեցի ու դուրս եկա, որովհետեւ ընդեղ ոնց որ ռեժիմային գաղութ լինի, ըսենց մի՛ արա, ընե՛նց արա, իսկ ես ազատ մարդ եմ, ոնց ուզում, տենց ապրում եմ»: Ռաֆիկ պապն ասաց, որ դրսում ավելի լավ են իրենց զգում. «Ժողովուրդը ե՛ւ հաց ա բերում, ե՛ւ ջուր, իսկ անցնելուց էլ գումար են տալիս»: Ռաֆիկ պապն ուզում է, որ Հայաստանը բարգավաճի. «Փողոցներում մեր նման անտեր ապրող մարդիկ էլ չլինեն: Գոնե  մի հատ նաչնիկ տան, գնանք քնենք, փողոցում էս ցրտին  չմնանք»: Փողոցում  ապրող 57-ամյա պապն ասաց, որ իր ընտանիքի անդամներն իրենից հրաժարվել են, դրա համար էլ հայտնվել է փողոցում. «Որ իրենք ինձ  մոռացել են, ես էլ իրենց եմ մոռացել: Կինս մահացել ա, մի հատ տղա ունեմ, երկու հատ աղջիկ, բայց իրանք ուրացել են ինձ: Ես ոչ մի բան չունեմ ու  ոչ մեկից չեմ նեղանում:  Էտի իմ ճակատագիրն ա:  Ժամանակին ասել են, որ գալու ա մի պահ, որ մեր ու մանուկ ուրանալու են, էտ ա էլի»: «Փողոցի բնակիչները» մեզնից շնորհակալություն հայտնեցին, որ հետաքրքրվում ենք իրենց կենցաղով, եւ վերջում, այնուամենայնիվ, խնդրեցին.  «Եթե կարաք, մեզ  մի հատ թեկուզ պահակի գործ ճարեք»:   ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս