Դավիթ Հարությունյանը կոռուպցիայի դեմ պայքարը չնկատելը կուրություն է համարում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 12-ին՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ, Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի մասին. «Արագ, շոշափելի արդյունքներ գրանցելու համար կոռուպցիայի դեմ՝ պայքարն է: Նախեւառաջ, մենք պետք է սահմանենք երկու կարեւոր սկզբունք: Առաջինը` կոռուպցիոն երեւույթներն ըստ մարմինների պետք է դառնան առանձին չափման առարկա, այդ թվում՝ սոցիոլոգիական հարցումների միջոցով: Թե՛ մարմինների ղեկավարները եւ թե՛ կոռուպցիայի դեմ պայքարող իրավապահները պետք է հանրային հաշվետվություն ներկայացնեն այդ ցուցանիշների դինամիկայի հետ կապված: Վատթարացող կամ անփոփոխ վիճակի պարագայում մենք հետեւություններ կանենք, այդ թվում՝ կադրային հարցերում»:

«Ժողովուրդ»-ը ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից փորձեց հետաքրքրվել, թե որտեղ է թաքնված կոռուպցիան, որ այսքան ժամանակ ման են գալիս, սակայն չեն կարողանում գտնել :

ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյան

-Պարո՛ն Հարությունյան, որտե՞ղ է թաքնվել կոռուպցիան, որ չեք կարողանում գտնել:

-Ձեր հարցը կարծես հռետորական է, եթե ավելի լուրջ հարց տաք, կպատասխանեմ:

-Բայց տարիներ շարունակ ոչ մի կերպ չեք կարողանում կոռուպցիան վերացնել, սրանից էլ լուրջ հա՞րց:

-Կարծում եմ, որ նախ պետք է անդրադարձ կատարենք այն աշխատանքներին, որոնք իրականում կատարվում են: Չնկատել այդ աշխատանքները, դա խոսում է կուրության մասին: Այն, ինչ ասաց վարչապետը, լրիվ այլ բան էր: Նա ասաց, որ մենք երկար տարիներ աշխատում ենք եւ կատարում ենք բազմաթիվ փոփոխություններ, որոնք վերաբերում են հենց կոռուպցիայի դեմ պայքարին: Եթե նայեք կառավարության ցանկացած նիստի ժամանակ ընդունված որոշումները՝ առնվազն 2-3 նախագիծ, կտեսնեք՝ որոնք հենց դրան են ուղղված: Թե՛ գործընթացների կրճատում, թե՛ էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացում, թափանցիկության պահանջներ, շփումների նվազեցում չինովնիկական ապարատի հետ եւ այլն: Այնուամենայնիվ, դրանք բոլորը կարծես էվոլուցիոն զարգացման են տանում, եւ յուրաքանչյուր ոք իր մաշկի վրա կա՛մ դա չի զգում ամենօրյա իր աշխատանքի ընթացքում, կա՛մ էլ լավին շատ հեշտ են սովորում եւ շատ արագ: Այն, ինչ առաջարկում է վարչապետը, նաեւ կտրուկ փոփոխություններ իրականացնելու եղանակներ գտնելն է: Այ, հենց դրան է ուղղված այս ժամանակաշրջանը: Իսկ սովորական աշխատանքը` նվազեցնելու թղթագրությունը, ստուգումների քանակը եւ այլն, այդ աշխատանքները կային, կան եւ շարունակվում են:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս